Լավրովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Կասպրշիկի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ առկա իրավիճակը, որը ստեղծվել է կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև համաձայնության ստորագրումից հետո:

Քննարկվել են նաև երեք երկրների հետագա միջնորդական ջանքերի համակարգման հարցերը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել