Ինչու՞ ստորագրվեց Հայաստանի համար նման ոչ շահեկան փաստաթուղթ․ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմում է ժողովրդին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմում է ժողովրդին․

«Սիրելի ժողովուրդ, քույրեր և եղբայրներ,

Հայաստանն ու հայ ժողովուրդն ապրում են չափազանց դժվար օրեր։ Մեր բոլորի սրտի մեջ կսկիծ կա, մեր բոլորի աչքերի մեջ՝ արցունք, հոգում՝ ցավ։ Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի ավարտն այնպիսի մի պայմանագրի ստորագրմամբ, ինչպիսին է ՀՀ վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը, ըստ էության, հանրային հուսահատություն է առաջացրել և բազմաթիվ հարցեր, որոնք պատասխանն ակնկալվում է առաջին հերթին ինձանից։

Ինչու ստորագրվեց Հայաստանի համար նման ոչ շահեկան փաստաթուղթ։ Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն զեկուցում էր, որ ամեն րոպեն շատ կարևոր է և րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը։ Իսկ Արցախի նախագահն ահազանգում էր, որ եթե ռազմական գործողությունները չկանգնեն, օրերի, որոշ սցենարներով նույնիսկ ժամերի ընթացքում կարող ենք կորցնել Ստեփանակերտը։

Շատերն, իհարկե, կարող են ասել, որ եթե արդեն կորցրել էինք Հադրութը, Շուշին, կարող էինք կորցնել նաև Ստեփանակերտը, և դրանից շատ բան չէր փոխվի։ Իրականությունը, սակայն, մի փորք այլ է, որովհետև եթե կորսվեր Ստեփանակերտը, որն, ինչպես արդեն հրապարակային ելույթով հաստատեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, այդ պահին մեծ հաշվով անպաշտպան էր, դրանից հետո անխուսափելիորեն կորսվելու էր Ասկերանը, Մարտակերտը, ընդ որում՝ չափազանց կանխատեսելիորեն, որովհետև այս քաղաքները պատերազմի մեկնարկի պահին թիկունք էին՝ առաջնագծից բավականին հեռու և պաշտպանական ամրություններ ու կառույցներ չունեին։ Նաև չունեին մարտունակ այնքան ուժեր, որ կարող էին իրականացնել այս քաղաքների պաշտպանությունը։

Իսկ ի՞նչ տեղի կունենար այս քաղաքների անկումից հետո․ Պաշտպանույթան բանակի երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին հակառակորդի շրջափակման մեջ, ինչը նշանակում է, որ մեր՝ ավելի քան քսան հազար զինվորներ և սպաներ կհայտնվեին հակառակորդի զորքերի կողմից օղակված վիճակում՝ անխուսափելիորեն հայտնվելով զոհվելու կամ գերեվարվելու հեռանկարի առջև։

Այս պայմաններում, հասկանալիորեն, անխուսափելի կլիներ նաև Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների անկումը՝ հանգեցնելով ամբողջական աղետի։

Շատերը ժամանակի տրամաբանության բերումով հնարավոր է հարց հնչեցնեն՝ իսկ ինչու՞ էի ես փաստաթուղթը ստորագրելու պահին այդքան մտահոգ մեր զինվորների անվտանգությամբ և ինչո՞ւ նույնքան մտահոգ չէի դրանից առաջ։ Խնդիրը հետևյալն է, որ ըստ էության, հրամանատարի ամենակարևոր գործառույթը կայանում է զինվորի առաջ խնդիր դնելը, որոնք ունեն կոնկրետ մարտավարական կամ ռազմավարական նպատակ, և հրամանատարն այդ խնդիրներն առաջադրում է՝ հասկանալով, որ դրանց կատարումը կարող է հանգեցնել հանուն հայրենիքի զինվորի զոհվելուն։

Փաստացի՝ լինելով գերագույն հրամանատարի դերում, պատերազմի մեկնարկի առաջին օրից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել բանակի, ԶՈՒ-ի առջև, բայց երբ ստեղծվում է իրավիճակ, երբ զինվորը որևէ կերպ չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա՝ հանուն զինվորի, հրամանատարը ոչ թե զոհվելու հրաման պետք է տա զինվորին, այլ ինքը պետք է զոհվի հանուն զինվորի։

Այս գիտակցությամբ եմ ստորագրել բոլորիդ հայտնի տխրահռչակ փաստաթուղթը և այն ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով։ Բայց քսանհինգ հազար զինվորի կյանքն ավելի կարևոր էր, կարծում եմ՝ նաև ձեզ համար։ Սպառնալիքի տակ էր հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած զինվորների կյանքը։ Ընդ որում՝ այդ զինվորները թիկունքում ստեղծվող այդ իրադրության վրա ազդելու ոչ մի հնարավորություն չունեին։ Թիկունքում այլևս չկային մարտունակ այնպիսի ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին ազդել իրավիճակի վրա։ Եվ, ուրեմն, եկել էր հրամանատարի ժամանակը՝ հանուն այդ զինվորների վտանգելու սեփական կյանքը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ քաղաքական առումով։ Եկել էր հայրենիքի ժամանակը՝ հանուն հայրենիքի ոչինչ չխնայած այդ զինվորների համար գնալ զոհողությունների, և ես այդ թուղթը ստորագրել եմ հենց այս գիտակցությամբ։

Ընդ որում՝ այս իրավիճակում և պայմաններում հարցն արդեն ոչ թե օրերի և շաբաթների տիրույթ էր մտել, որտեղ կարելի էր խուսանավել, խորամանկել, այլ որոշում պետք է կայացվեր։ Ժամերի ընթացքում պետք է որոշում կայացվեր, հակառակ դեպքում կարող էր սկսվել մի պրոցես, որը կավարտվեր մեր տասը, քսան, քսանհինգ հազար զինվերների զոհվելով կամ գերեվարությամբ։

Շատերը հիմա այսպիսի հարց են շրջանառում՝ իսկ ինչու՞ հրաժարական չտվեցի այդ թուղթը չստորագրելու համար, որովհետև դա կնշանակեր դասալքություն, դա կնշանակեր հանուն զինվորի դժոխային առաքելություն կատարելու պարտավորությունը թողնել մեկ ուրիշի ուսերին այն հույսով, որ հետո կասեին՝ թե վարչապետ Փաշինյանն էնքան հայրենասեր էր, որ էդ ստորացուցիչ թուղթը չստորագրեց, իսկ էս մյուսը թուլամորթ ու դավաճան գտնվեց և գնաց նման ամոթալի քայլի։ Նաև այն պատճառով, որ ինչպես արդեն ասացի, որոշումները պետք է կայացվեին ժամերի ընթացքում, հակառակ դեպքում՝ թափանիվը կարող էր պտտվել, որն այլևս որևէ կերպ հնարավոր չէր լինի կանգնեցնել։

Հարջորդ հարցը, որը պարբերաբար հնչում է․ հետևյալն է․ Իսկ այդ փաստաթղթի ստորագրումից առաջ ինչո՞ւ չխորհրդակցեցի ժողովրդի հետ․ շատ պարզ պատճառով․ ժողովրդի հետ խոսելու ժամանակ պետք է հրապարակային անկեղծորեն ներկայացնեի օբյեկտիվ իրավիճակը, իսկ դա նշանակում է՝ իրադարության մասին մանրամասն տեղեկություններ հաղորդել նաև հակառակորդին, դեռ ավելին՝ մեր քսանհինգ հազար զինվորների՝ ժամերի ընթացքում շրջափակելու մանրամասն ծրագիր ներկայացնել նրան՝ սրանից բխող բոլոր հետևանքներով։

Եվ հետո, ես խոստացել եմ ժողովրդի հետ քննարկել Ղարաբաղի հարցի կարգավորման տարբերակները, իսկ այս փաստաթղթով հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, այլ ընդամենը ռազմական գործողությունների դադար։ Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, և այս առումով անելիքները դեռ առջևում են։

Հասկանալի և բնականորեն հաջորդ առաջացող հարցը հետևյալն է․ Իսկ ինչո՞ւ թեկուզ այսպիսի պայմաններում զինադադար հնարավոր չէր հասնել պատերազմի առաջին օրերին կամ գուցե մի փոքր ավելի ուշ․ սրա համար երկու պատճառ կար․ նախ, պետք էր առանց մարտի հանձնեինք յոթ շրջան՝ ներառյալ Շուշին, և երկրորդը՝ ռազմական իրադրությունն այնպիսին էր, որ մենք հույս ունեինք, որ նոր ռեսուրսների ներգրավմամբ, գերմարդկային ճիգերով կկարողանանք բեկել իրավիճակը։ Այդ էր պատճառը, որ ես, Արցախի նախագահը անընդհատ հանդես էինք գալիս հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու կոչերով, բայց նաև դա փորձում էինք անել այնպես, որ մեր ուղերձը հանկարծ չկոտրի, հուսահատ չանի առաջնագծում կռիվ տվող զինվորին և մեր ունեցած պրոբլեմների մասին հավելյալ տեղեկություն չտա հակառակորդին։

Մենք, ավելի կոնկրետ՝ Արցախի նախագահը, ԶՈՒ ԳՇ պետը, ՊԲ հրամանատարը, ես ինքս, ՀՀ կառավարությունը, մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները, և, բնականաբար, առաջին հերթին ու գլխավորապես կռիվ տվող մեր զինվորները, կամավորները, սպաները, գեներալները ամեն ինչ արել ենք ամեն սանտիմետրն ատամներով պահելու համար։ Մեր զորքը կռվել է հերոսաբար, կռվել է ոչ թե հանձնելու, այլ պահելու համար, կռվել է ոչ թե պարտվելու, այլ հաղթելու համար, ու կռվել է գործնականում երեք բանակների, դեմ։ Բայց, ցավոք, ինչպես Արցախի նախագահը երեկ նշեց՝ մենք բավարար չափով բանակի կողքին չկարողացանք կանգնել, կամավորական և զորահավաքային շարժումն, իհարկե, բազմաթիվ հերոսական դրսևորումներով այնքան ամուր չգտնվեց, որ հնարավոր լինի առաջադրած խնդիրը լուծել, ու մենք կանգնեցինք մի իրողության առաջ, որից այլ ելք պարզապես չկար։

Ինչ վերաբերում է բուն փաստաթղթի բովանդակությանը, այն իսկապես վատն է մեզ համար, բայց պետք չէ այն ավելի վատացնել, քան կա իրականում։ Մասնավորապես, լուրեր են տարածում Մեղրին հանձնելու մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է․ ընդամնեը խոսք է գնում տարածաշրջանի տրանսպորտային ուղիներն ապաշրջափակելու մասին է, այդ թվում՝ Ադրբեջանից դեպի Նախիջևան, բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաև Երևանից Նախիջևանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում։

Ինչ վերաբերում է ԼՂ-ին կամ ավելի ճիշտ այն հատվածին, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո է, ՌԴ խաղաղապահների տեղակայմամբ Լաչինի միջանցքը՝ Գորիսից մինչև Ստեփանակերտ, անխափան գործելու է, ընդ որում՝ նաև Շուշիի հատվածում։ Ռուս խաղաղապահներն ապահովելու են նույնպիսի անվտանգ ճանապարհ ամբողջ տարածությամբ, և Ստեփանակերտ-Երևան կապը պետք է լինի հուսալի։

Խաղաղապահներն ապահովելու են նաև Արցախի այն հատվածների, սահմանի անվտանգությունը, այնպես որ խաղաղապահների տեղակայման պարագծից ներս գտնվող բնակավայրերի բնակիչները պետք է հնարավորինս շուտ վերադառնան իրենց բնակավայրեր, և ՀՀ ու Արցախի կառավարություններն ամեն ինչ կանեն՝ ավերածությունները հնարավորինս արագ վերացնելու, խաղաղ և բնականոն կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար։

Սկզբունքային կարևոր նշանակություն ունի Ղարաբաղի վերջնական լուծման և Արցախի կարգավիճակի հարցը։ Այս մասով մեր անելիքները չեն փոխվում, և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջանահերթություն, և, ըստ էության, Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ։

ՀՀ-ում մեր հետագա անելիքները․ մեր առաջնային խնդիրը երկրում կայունության և անվտանգության մթնոլորտի վերականգնումն է, որը ժողովրդի իշխանության ապահովման միակ երաշխիքն է։ Այս պահին մենք պետք է սա ապահովենք առաջին հերթին, որ ժողովուրդը լիարժեք տիրապետի իշխանություն ձևավորելու, իշխանություն ունենալու իր անսակարկելի իրավունքին։ Կառավարությունը տուրք չի տալու նախկին իշխանություններից հովանավորվող ջարդարարների խմբերի սադրանքներին։ Տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներն ու ակտիվ մասնակիցներից շատերը ձերբակալված են, շատերը թաքնվում են, բայց անպայման կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն։

Մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում չտրվել սադրանքներին և համախմբվել կառավարության շուրջ, որը վճռական է երկիրն այս իրավիճակից դուրս բերելու իր պատասխանատվությունն անմնացորդ կրելու գործում՝ միևնույն ժամանակ երաշխավորելով, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որևէ մեկը չի խլելու՝ երկիրը թալանի, կոռւոպցիայի հորձանուտ վերադարձնելու իր նպատակներն իրագործեկու համար։

Հենց այս թալանի ու կոռուպցիայի դառը պտուղներն ենք քաղում այսօր, երբ տասնյակ տարիներ երկրի ունեցվածքն ու եկամուտները հոսել են ձեզ հայտնի անձանց գրպաններ, և ոչ թե բանակի զարգացման գործին։

Սիրելի՛ ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, ԱՐցախի հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն,

Մեր երկիրն ունի ապագա, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր այս դժվար փորձությունը դառնա այդ ապագայի կարևոր անկյունաքարը, և մենք պետք է դասեր քաղենք ազգովի՝ մեր գործած սխալներից։ Շատերը կհարցնեն՝ արդյո՞ք այս դաժան պատերազմից հետո կարելի է խոսել լավ ապագայի մասին, այո՛, որովհետև այսօր աշխարհում կան նույնիսկ այնպիսի պետություններ, որոնք 20-րդ դարի ամենադաժան կապիտուլյացիաներին են ենթարկվել, բայց այսօր դասվում են աշխարհի ամենահզոր երկրների շարքում։

Նրանք դա արել են դաժան պարտությունից հետո կրթության, գիտության, արդյունաբերության ու ժողովրդավարության զարգացման վրա շեշտ դնելով, և սա պետք է լինի մեր առաջիկա անելիքը։ Բոլորիս կոչ եմ անում կենտրոնանալ այս անելիքի վրա՝ հանուն մեր երկիրը հզորացնելու։ Հենց սա կլինի մեր լավագույն ծառայությունը մեր նահատակների հիշատակին, մեր վիրավոր և հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց հարազատներին, ընտանիքներին, մայրերին, հայրերին, կանանց, զավակներին։

Զոհվածների հարազատները, իհարկե, մեզ մի հարց պիտի տան, թե ի վերջո ինչի՞ համար զոհվեցին իրենց հարազատները․ այս հարցի պատասխանը մեկն է․ առաջին հերթին՝ Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու համար, հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու համար։ Մենք պարտավոր ենք մեր հայրենիքը ապրեցնելով ու զարգացնելով տեր կանգնել նրանց արյանը, նրանց զավակների ապագային, նրանց անմնացորդ նվիրումին։ Մեր խոնարհումը նրանց առջև ամենօրյա ստեղծարար աշխատանքն է, կրթությունը, որ պիտի շենացնի մեր երկիրը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել