Թուրքական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունման հարցին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահի մամուլի լրատվական ծառայությունը:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք լավ հիմք են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորման համար:
Հատկապես կարևորվել է կրակի լիարժեք դադարեցման մասին պայմանավորվածության ձեռքբերումը, որը թույլ է տվել դադարեցնել արյունահեղությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա սերտ փոխգործակցության համատեքստում Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարությամբ նախատեսված համալիր միջոցառումների իրականացման մասին»,- նշված է հաղորդագրության մեջ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են շարունակել կանոնավոր երկխոսությունը տարբեր ձևաչափերով։