Իրողությունների մասին, որոնք արդեն արձանագրված են. Արայիկ Հարությունյանի ուղերձը

Արցախի նախագահը հանդես է գալիս ուղերձով․ «Նոյեմբերի 8-ի առավոտյան, քայլելով Ստեփանակերտի հրապարակում, ես նշել եմ, որ եղել է իմ կյանքի ամենածանր գիշերներից մեկը և ամենածանր լուսաբացներից մեկը: Ինչո՞ւ եմ հայտարարել`չբացելով փակագիծը, որովհետև նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ։ Այսօր ուզում եմ հայտարարել, որ երևի իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել այն պարագայում, որ շատ ծանր օրեր եմ ունեցել՝ 92, 94 թվականին կորցնելով շատ հարազատներ: Հարազատներ, որոնց վերջին խոսքը, վերջին բառը եղել են իմ ձեռքերում, բայց ես կարողացել եմ իմ մեջ ուժ գտնել, կարողացել եմ կենտրոնանալ, որոշումներ կայացնել, բայց այն որոշումը, որը կայացվել է երեկ, չգիտեմ՝ պատմությունն ինչպիսի գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

ԱՀ նախագահը նշեց, որ 43 օր մարտական գործողությունների արդյունքում կորցվել է Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը, Մարտունու շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից և ամենագլխավորը՝ Շուշին։ «Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում` 2-3 կիլոմետր հեռավորության վրա: «Եթե շարունակվեին այդ տեմպերով մարտական գործողությունները, օրերի ընթացքում մենք պիտի կորցնեինք ամբողջ Արցախը․ ունենայինք շատ ավելի զոհեր, քանի որ արդեն մարտական գործողությունները, տեղափոխվելով ինչ-որ տող մեր առաջնագծի ամենաթիկունք, անդառնալի հետևանքներ կունենայինք առաջնագծում այդ 43 օրը հերոսաբար պայքարող մանավանդ մեր ժամկետային զինվորների մասով»,-ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ պետք չէ աշխարհագրորեն նշել, որ եթե կորցնվեր Ստեփանակերտը՝ ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունու շրջանի, առաջնագծում գտնվող զինվորների առումով։ Ինչ-որ տեղ շրջափակման մեծ հնարավորթություններ կարող էին ունենալ։

«Կարծես թե մի քանի օր հաջողվել էր մեզ պաշտպանվել մեր հակաօդային ուժերի առումով ԱԹՍ-ներից, բայց արդեն վերջին երկու օրը հակառակորդին, չգիտեմ՝ նոր տեխնոլոգիաների, թե նոր ԱԹՍ-ների միջոցով, հնարավորություն ունեցավ նորից շատ մեծ վնասներ պատճառել մեր զորքին: Շատ մեծ մարդկային կորուստներ ենք ունեցել միայն երեկ՝ վերջին մի քանի ժամերի ընթացքում, Մարտունու շրջանում: Եվ այդ բոլոր կորուստները նույն այդ ԱԹՍ-ներից, այդպես էլ մեզ չհաջողվեց։ Ինչո՞ւ չհաջողվեց. մենք բոլորս պատասխան ենք տալու, այո, բոլորս, քանի որ մենք գիտեինք, որ մեր ՊԲ-ն այդ կարիքն ուներ, այդ խնդիրն առկա է: Բոլորս, ովքեր զբաղեցրել ենք պաշտոններ վերջին տասնամյակներում: Ընդհանուր առմամբ, բանակի վիճակի առումով պետք է ապագայում, և համոզված եմ, որ գնահատականը լինելու է:

Բարոյահոգեբանական վիճակը զորքի շատ լավ չէր, ինչ-որ տեղ` ծայրահեղ վատ, կարելի է ասել: Զորքը թութքով, դեզինտերիայով, Covid-ով հյուծված վիճակում 43 օր գտնվում էր առաջնագծում, ու չունեինք հնարավորություն փոխելու, հանգստանալու, բուժելու:

Ամեն օր մարտական գործողությունների մեջ, ամեն օր զոհեր, վիրավորներ, հրետանակոծություն, բայց կարողանում էինք դիմադրել ինչ-որ տեղ 8 պետության զինված ուժերի։ Հաստատ մենք Ադրբեջանի դեմ չենք կռվել, հաստատ միայն թուրքական սպայական անձնակազմը կամ զինտեխնիկան չի եղել մարտադաշտում և մարտական գործողությունների ընթացքում, Թուրքիայի զինվորների մասնակցությունը ևս եղել է ահաբեկիչների, վարձկանների․․․ Կռվում էր հայ կամավորը և հայ զինվորը՝ մանավանդ զինվորը։

Ես խոնարհվում եմ առաջին հերթին մեր զինվորների առջև, աշխարհի ամենահերոս տղերքն են եղել մեր ժամկետային զինծառայողները: Խոնարհվում եմ բոլոր զոհվածների ընտանիքների, հարազատների առջև: Ստիպված էինք, որ այդ նույն ժամկետային զինվորների կյանքը խնայեինք, փրկեինք:

Իհարկե, կարող եք ասել՝ ինչու մենք ժամանակին տեղեկացված չէինք այդ վիճակից։ Կոչ եմ արել Աղդամից, այս նույն աթոռից, հիշեցնելով՝ սիրելի հայրենակիցներ, ձեր կարիքն ունենք: Հոկտեմբերի 29-ին Շուշիից՝ Ղազանչեցոց եկեղեցու առջև, ասել եմ Շուշին վտանգված է, դիրքերը գտնվում էին 5 կիլոմետր հեռավորության վրա, ավելի ճիշտ` հակառակորդը, դիրքերը շատ ավելի մոտիկ էին:

Վիճում էին՝ Շուշին մեր ձեռքն էր, թե չէ, բայց Շուշիում մենք հիմնական վերահսկողությունը կորցրել ենք նոյեմբերի 5-ից, ամբողջությամբ՝ նոյեմբերի 7-ից:

Չէինք ուզում հավատալ, որ կորցնում ենք հայրենիքն ամբողջությամբ, չէինք ուզում հավատալ, որ անհնարին էր արդեն կռվել այն եղած ռեսուրսներով` մարդկային և զինտեխնիկայի, որ կային: Շատ երկար փորձում էինք բանակցության սեղանի շուրջ քննարկել և կանգնեցնել: Հնարավոր չէր։ Իհարկե, ես բանակցություններին չեմ մասնակցել, բայց խնդիրները մեծ էին:

Կողմ էի, որովհետև հուսահատված չէի. եթե հուսահատված լինեի, կմտածեի շարունակել կռիվը կյանքի գնով՝ հասկանալով, որ պարտվելու ու կորցնելու ենք Արցախը: Ամեն ինչ առջևում է: Արցախը, հայ ազգը, Հայաստանը… Շատ ծանր օրեր ենք ունեցել պատմության մեջ, բայց կարողացել ենք, ինչ-որ տեղ իմաստուն որոշումներ կայացնելով, հետագայում՝ ճիշտ ճանապարհով ընթանալու, և նաև հաջողություններ արձանագրելով:

Իսկ ո՞վ է ասել, որ դրանով ավարտվում է ամեն ինչ. դրանով սկսվում է։ Մենք որոշում կայացնելու, ավելի սթափ որոշում կայացնելու հնարավորություն ունենալու ենք: Դրա համար մեզ պետք է համերաշխություն: Համերաշխություն առաջին հերթին Հայաստանում, Արցախում, հայ ժողովրդի մեջ: Մեր ամենամեծ հակառակորդը եղել են պառակտումն ու խուճապը: Համազգային խնդիրները դեռևս առջևում են, մեր տեսիլքը դեռևս չի մարել, հակառակը, մենք ունենք երազանք, ունենք երազած հայրենիք… Դրա համար պետք է պահպանել համերաշխությունը և զերծ մնալ այնպիսի երևույթներից, որոնք հարիր չեն մեր ազգին, մեր ժողովրդին: Ունենք քաղաքակիրթ որոշումներ կայացնելու հնարավորություններ, ունենք քննարկումներ իրականացնելու հնարավորություններ։ Եվ ճիշտ որոշումներ կայացնելու ոչ միայն հնարավորություններ, այլ՝ անհրաժեշտություն։ Նորից կրկնում եմ՝ դեռ նոր է սկսվում, ամեն ինչ, չեմ ուզում բացել փակագծերը, ամեն ինչ։ Մենք չենք պարտվել։ Ամեն ինչ առջևում է, պետք է մտածել, մտածել ու նորից մտածել։ Մտածել, որից հետո որոշումներ կայացնել։

Ես սկսել եմ արդեն կոնսուլտացիաներ Ղարաբաղի քաղաքական գործիչների, ռազմական գործիչների, քաղաքական ուժերի հետ: Ամբողջ գիշեր բոլորի հետ շփվում էի: Նշենք, որ բոլորը պատրաստակամ են համագործակցել: Այսօր արդեն հանդիպել եմ ՀՅԴ-ի ներկայացուցչի, Վիտալի Բալասանյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի հետ, հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր ռազմական գործիչների, Լևոն Մնացականյանի, Սամվել Կարապետյանի, Արթուր Աղաբեկյանի հետ, կարող է մոռացե եմ անուններ, քաղաքական ուժեր, բայց ուզում եմ նշել, որ եկել ենք մի համաձայնության, որ պետք է ցանկացած որոշում կայացնելուց առաջ, իսկ մեր որոշումները դեռ առջևում են, պետք է միասին կատարենք, միասին կայացնենք:

Սթափվեք։ Քաղաքացիական պատերազմը, անհանդուրժողականությունը ավելի մեծ սպառնալիք են մեր երկրի համար՝ ոչ միայն Արցախ աշխարհի, այլև Հայաստան աշխարհի:

Առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնեմ Արցախում մեր քայլերի առումով: Բոլորի հետ քննարկելուց հետո կներկայացնեմ: Վերջին մի քանի օրերին հաճախակի քննարկումներ եմ ունեցել: Բոլորն էլ միակարծիք էին. փորձել ժամանակավո՞ր, թե մշտական զինադադար ունենալ: Բոլորը՝ անխտիր։ Չի եղել մեկը, որ ասի չէ, մենք շարունակում ենք պատերազմը, կռվել։ Որովհետև բոլորը տեսնում էին, որ չկան այդ ռեսուրսները, իհարկե բոլորն էլ նույն կարծիքին էին, որ ցանկացած փաստաթուղթ պետք է չոտնահարի մեր արժանապատվությունը, դրա համար մենք հասկանում ենք, որ անխուսափելի էր զինադադար ունենալը, և մենք պարտավոր էինք գնալ այդ քայլին»,-մանրամասնեց ԱՀ նախագահը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել