ԱՄՆ-ը մղում է Ադրբեջանի իշխանություններին ընդունել Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը, որն արդեն համաձայնել է առաջարկին: Այս մասին կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության օգնական Ռոբերտ Օ’Բրայանը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք զբաղված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնության ձեռքբերմամբ: Հայաստանը ընդունել է հրադադարի ռեժիմի առաջարկը, բայց Ադրբեջանը դեռ չի ընդունել: Մենք նրանց [Ադրբեջանի իշխանություններին] մղում ենք դրան [հրադադարի առաջարկի ընդունման]», -նշել է պետության ղեկավարի խորհրդականը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է հրադադարի, եթե Երևանը հայտարարի, որ հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ուրբաթ օրը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և Օ’Բրայանի հետ: Ամերիկացի պաշտոնյաները նման բանակցություններ են վարել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հանդիպումներն անցկացվել են առանձին: