ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը։ Այս մասին հայտնում է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
Իրավաբան․net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։
Արման Դիլանյանը ծնվել է 1974 թվականին Արարատի մարզի Գետափնյա գյուղում:
1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
2004 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական կոչում՝ «Միջազգային հանրային իրավունք» մասնագիտացմամբ: Ատենախոսության թեման՝ «Միջազգային դատարանները և միջպետական վեճերի խաղաղ կարգավորման հիմնահարցերը»:
21.08.1996 թվականից աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում` որպես աշխատակազմի քարտուղարության առաջին կարգի մասնագետ, ապա` նախագահի տեղակալի օգնական, իսկ այնուհետև` իրավախորհրդատվական ծառայության (վարչության) անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչ:
29.09.2012 թվականից մինչև 26.04.2013 թվականը կատարել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետի պարտականությունները:
03.04.2006 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում («Միջազգային իրավունք», «Միջազգային արդարադատություն» առարկաներ): Նույն թվականից մինչև 2013 թվականի փետրվար ամիսը հանդիսացել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչը:
2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
2015 թվականից դասավանդում է ՀՀ Փաստաբանական դպրոցում («Ներկայացուցչությունը վարչական դատավարությունում», «Ներկայացուցչությունը վարչական վարույթում» առարկաներ):
2017 թվականի ապրիլի 28-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ դատավորների միության խորհրդի անդամ: Ընդգրկված է «Դատական իշխանություն» ամսագրի խմբագրական խորհրդի կազմում:
2018 թվականի սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՍԴ դատավոր:
Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:
Ամուսնացած է: Ունի երկու զավակ: