Միլանի քաղաքապետարանի դիմաց՝ Լա Սկալայի հրապարակում, հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել խաղաղ ցույց՝ նվիրված Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի քննադատմանը։ Ցույցի ընթացքում հնչեցին կոչեր ի նպաստ Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։ Միլանի և Իտալիայի տարբեր քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչները ինչպես նաև համայնքին աջակից իտալացիները արտահայտեցին իրենց զօրակցությունը հայրենիքում գտնվող մեր հայրենակիցներին։
Ցույցի ընթացքում Իտալիայի Հայերի միության նախագահ՝ Պայքար Սվազլըեանը խոսեց այն մասին, որ Իտալիայի հայոց միության կողմից Իտալիայի նախագահին, Իտալիայի վարչապետին, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությանը կոչ է արվել ավելի հստակեցնել իրենց գաղափարները Արցախի Հանրապետությանը (Լեռնային Ղարաբաղ) Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ցուցաբերած ագրեսիայի վերաբերյալ։
ՀԲԸ Միության Միլանի մասնաճյուղի ատենապետուհի Գայանէ Խոդավերդին շեշտեց, որ ցույցի բուն նպատակներից մեկը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է։
Իտալիայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ հոգեշնորհ Տ. Տիրայր Վարդապետ Հակոբյանը շեշտեց, որ հայերը համախմբված ամբողջ աշխարհով, Եվրոպայից, որը համարվել է ճշմարտության օրրան, այսօր պահանջում ենք ճանաչել ճշմարտությունը և պատրաստ ենք պայքարելու հանուն մեր հայրենիքի և հանուն ճշմարտության։
Քաղաքական ներկայացուցիչ և լրագրող Ալեսսանդրո Լիտտա Մոդիլիանին, ով հանդիսանում է «+ Եվրոպա» կուսակցության անդամ, խոսեց Բաքվի և Սումգայիթի ջարդերի մասին, ինչպես նաև Արցախի ժողովրդի անկախ և ազատ երկրում ապրելու իրավունքի մասին։
Խաղաղ ցույցից օրեր առաջ հայ համայնքը իրականացրել էր նաև դրամահավաք «Հայաստան» համահայկական ֆոնդին փոխանցելու նպատակով։