Սահմանադրական արդարադատություն․ դատական մասնագիտացում, թե գործառույթ․ Լևոն Գևորգյան

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, իրավաբան Լևոն Գևորգյանը գրել է Սահմանադրական արդարադատության մասին․

«Դատական մասնագիտացում, թե գործառույթ․

Գերագույն դատարանի ստեղծման և առաջին ատյանի դատարանների «սահմանադրականացման» ընդդիմախոսների կողմից վերջին երկու օրերի ընթացքում առավել հաճախ հնչող հակափաստարկն է դատավորների մասնագիտացումը։ Այն է՝ եթե դատական համակարգի զարգացումն ընթանում է մասնագիտացված դատարանների (վարչական, սնանկության, հակակոռուպցիոն) զարգացման ուղղությամբ, հետևաբար սահմանադրական արդարադատության իրականացումը նույնպես պետք է վստահվի մասնագիտացված սահմանադրական իրավունքի մասնագետներին։ Այս փաստարկն առավել հիմնավորելու համար այն առաջ քաշող մասնագետները, անցկացնում են անալոգիա․ քրեական գործ քննող դատավորի կողմից սահմանադրականության հարցերին անդրադառնալը նույնն է ինչ ակնաբույժի և ատամնաբույժի կողմից վիրահատություն անելը։ Սա կեղծ անալոգիայի դասական օրինակ է, և ստորև պարզաբանեմ՝ ինչու։

Հիմնական խնդիրն այստեղ դատարանների ոլորտային մասնագիտացման և իրավունքի (գիտության) ճյուղերի շփոթության արդյունք է։ Դատարանների մասնագիտացումը տեղի է ունենում ըստ կարգավորվող հասարակական հարաբերությունների շրջանակի՝ քրեական, քաղաքացիական, վարչական, սնանկության (որոշ երկրներում՝ հարկային, ընտանեկան և այլն)։ Այսինքն՝ խոսքը գնում է հորիզոնական ոլորտային մասնագիտացման մասին։ Այդ մասնագիտացումը չի իրականացվում ըստ կիրառման ենթակա իրավունքի նորմերի հիերարխիայի (ուղղահայաց)։ Ուղղահայաց դատական մասնագիտացում չկա և չի կարող լինել։ Սահմանադրական արդարադատություն իրականացնող դատավորն իրականում գործ ունի խնդրո առարկա հասարակական հարաբերություններից յուրաքանչյուրի հետ, քանի որ կարող է գործի բերումով քննարկման առարկա դարձնել ցանկացած ոլորտային կարգավորման սահմանադրականության հարց (միակ բացառությունն այստեղ կհամարեմ Սահմանադրական մարմինների միջև վեճերը և ընտրական վեճերը, որոնցով սակայն Սահմանադրական դատարանն ունի առաջնային իրավազորություն և որոնք հորիզոնական ոլորտային մասնագիտացման օրինակներ են․ նման գործերը փաստացի ՍԴ-ի զբաղվածության 1%-ից պակասն են ապահովում և որևէ աղերս չունեն առաջին ատյանի դատարանների «սահմանադրականացման» դիսկուրսի հետ)։

Պարզ դառնալու համար ներկայացնեմ reductio ad absurdum փաստարկ․ եթե սահմանադրական արդարադատության իրականացումը դատական մասնագիտացման առանձին տեսակ է, ապա ո՞ւր են մասնագիտացված միջազգային պայմանագրերի դատարանները, օրենքների դատարանները և ենթաօրենսդրական ակտերի դատարանները։

Պարզից էլ պարզ է, որ սահմանադրական արդարադատությունը գործ ունի ոչ թե առանձին խումբ հատուկ հասարակական հարաբերությունների հետ (և հետևաբար անպայմանորեն ենթադրում է հատուկ մասնագիտացված դատարանների առկայություն), այլ իրավական հատուկ գործիքակազմի կամ գործառույթի հետ։ Այդ գործիքակազմը վերջին հաշվով օգտագործվում է իրավական կարգավորման ենթակա հասարակական հարաբերությունների ողջ երկայնքով։ Եվս մեկ անգամ ընդգծեմ՝ այն ոչ թե դատական մասնագիտացում է, այլ գործիքակազմ/գործառույթ։

Պատահական չէ, որ դատական ոլորտային մասնագիտացում առկա է նաև դասական ապակենտրոն սահմանադրական վերահսկողությամբ երկրներում, ուր սահմանադրական դատարան ընդհանրապես գոյություն չունի։

Եվ հետևաբար անալոգիան, որում քրեական գործ քննող դատավորն ատամնաբույժն է, իսկ սահմանադրական արդարադատություն իրականացնողը՝ վիրաբույժը, պարզապես սխալ է։

Այժմ անալոգիաների սիրահարների համար ներկայացնեմ ճիշտ անալոգիա, որն առավել լավ է արտացոլում այն իրավիճակը, որը կա այսօր ՀՀ-ում։ Մահամերձ հիվանդին բերում են վիրաբույժի մոտ (այն է՝ որևէ մասնագիտացված դատավոր), որը սկսում բուժել հիվանդին։ Վիրաբուժական աշխատանքի ընթացքում պարզվում է, որ հիվանդին հնարավոր է փրկել միայն արտերկրից բերված թանկարժեք բժշկական սարքի միջոցով (այն է՝ սահմանադրական արդարադատության)։ Բայց կա մի խնդիր՝ նոր սարքն օգտագործելու թույլտվություն ունի միայն հիվանդանոցի գլխավոր բժիշկը (այն է՝ ՍԴ-ն), որը տվյալ պահին արձակուրդում է և կվերադառնա միայն մեկ ամսից։ Ուստի հիվանդը կամ մահանում է կամ կրում առողջության անդառնալի կորուստ, քանի որ գլխավոր բժիշկի մեկ ամիս հետո կատարած միջամտությունն այլևս չունի նույն արդյունավետությունը։

Դատավորների մասնագիտացման փաստարկն իրականում առավել ցայտուն կերպով բացահայտում է այն խնդիրները, որոնք այսօր առկա են դատական համակարգում։

Ընտանեկան վեճ լուծող բժիշկը չի կարող քննել սահմանադրականության հարց պնդում անողը պետք է պատասխանի նաև հետևյալ հարցին՝ իսկ կարո՞ղ է արդյոք այդ դատավորը քննել իր ոլորտային միջազգային պայմանագրերի և օրենքների հարաբերակցության հարցը։ Իսկ միջազգային իրավունքի այսօրվա տարածման պայմաններում, երբ վերջինիս բովանդակությունը գրեթե անտարանջատելի է սահմանադրությունների մարդու իրավունքների վերաբերյալ բաժիններից, ի՞նչ էական տարբերություն կա այն մտավարժության միջև, որն իրականացնում է դատավորը, որը որոշում է, որ պետք է կիրառվի միջազգային պայմանագիրը, այլ ոչ թե օրենքը, և այն դատավորը, որը որոշում է օրենքն անվավեր ճանաչել Սահմանադրությանը հակասելու հիմքով (այս թեմայով տե՛ս Michel Rosenfeld & Andras Sajo, The Oxford Handbook of Comparative Constitutional Law (OUP 2012), pp. 1167-1168)։ Առաջարկում եմ նայել, թե ՍԴ որոշումների քանի տոկոսն է իրականում անմիջականորեն խարսխված ՄԻԵԴ վճիռների վրա և այդ մտավարժությունների տարբերակման եզրերը գրեթե անշոշափելի կդառնան։

Պատահական չէ, որ միջազգային իրավունքի պրոլիֆերացիայի արդյունքում ներպետական օրենսդրության անվավերության վերաբերյալ գնահատական են տալիս դատարաններն անգամ այնպիսի երկրներում, որոնք ավանդաբար չեն ունեցել սահմանադրական վերահսկողության ինստիտուտ (օրինակ՝ Միացյալ Թագավորությունում, ուր պարլամենտական ինքնիշխանությունը դարերով բացառել է սահմանադրական վերահսկողության ինստիտուտը կամ Շվեյցարիայում, ուր այն փոխարինվել է անմիջական ժողովրդավարության լայնամասշտաբ տարածմամբ) (տե՛ս Douglas W. Vick, The Human Rights Act and the British Constitution, 37 Texas International Law Journal 329 (2002), pp. 349-351)։
Կամ հնարավո՞ր է արդյոք իրականացնել քրեական արդարադատություն՝ առանց խախտված մարդու իրավունքների վերականգնման, պատժի միջոցով իրավունքների սահմանափակման հարցերի հետ առերեսվելու։

Ցավոք, ֆորմալ առումով՝ այո, հնարավոր է։ Թե քրեական արդարադատությունը կարող է իրականացվել ֆորմալիստական, օրենքների ընթերցման ճանապարհով, թե ընտանեկան վեճը կարող է քննվել՝ արհամարհելով կիրառելի միջազգային պայմանագրերը։ Սակայն երկու դեպքում էլ մեծանում է մարդու իրավունքների ոտնահարման հավանականությունը։

Մինչդեռ հարցն իրականում շատ ավելի պարզ է․ ընտանեկան վեճ քննող դատավորը կիրառում է միայն որոշակի խումբ միջազգային պայմանագրեր և (առաջարկվող մոդելում) առերեսվելու է միայն որոշակի խումբ սահմանադրական դրույթների հետ։ Սահմանադրական վերահսկողության ծավալը, որն ակնկալվում է վերջինիցս տասնապատիկ անգամներ ավելի փոքր է սահմանադրական վերահսկողության այն խնդիրների ծավալից և բազմազանությունից, որոնց հետ անհրաժեշտաբար առնչվում է սահմանադրական վերահսկողության միակ կամ բարձրագույն ատյանը (կախված մոդելից)։

Ուստի ընտանեկան վեճ քննող դատավորը չի կարող լուծել սահմանադրականության հարց պնդումն ինքնին բյուրեղացված և խտացված կերպով արտացոլում է այն հիմնարար խնդիրներից մեկը, որը փորձում ենք այս փոփոխությամբ լուծել։ Դատավորների կողմից հանուն Հայաստանի Հանրապետության իրականացվող գործառույթը չի կարող հավասարեցվել մեխանիկական արհեստի հետ։

#ԳերագույնԴատարան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել