Օգոստոսի 20-ի դրությամբ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու են առաջադրված․
- Հանրապետության նախագահի կողմից՝ Արթուր Վաղարշյանը (նրա թեկնածությունը առաջադրվել էր նաև 2019թ. մայիսի 15-ին, Ազգային ժողովի կողմից մերժվեց 2019թ. մայիսի 29-ին),
- Կառավարության կողմից՝ Վահրամ Ավետիսյանը, ով հրաժարվեց իր թեկնածությունից։
- Դատավորների ընդհանուր ժողովի կողմից՝ Երվանդ Խունդկարյանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 31-ին կայացած ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի քվեարկության արդյունքների ամփոփման արդյունքում արձանագրել է հետևյալը՝
- Գրանցված մասնակիցների թիվը՝ 194
- Քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 194
- Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 11
- Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 145
- Արման Կուրեխյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 38:
Հարկ է նշել, որ Իրավաբան․net-ը Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի անունով գրավոր հարցում էր արել՝ խնդրելով տրամադրել դատավորների ընդահնուր ժողովի ժամանակ անցկացված ընտրություների արձանագրությունների պատճեները, բոլոր քվեաթերթիկների նմուշների պատճեները։ Ցավով ու զարմանքով նշենք, որ 20 օր անց գրության պատասխանը դեռ չենք ստացել, ինչը կասկածների տեղիք է տալիս, որի վերաբերյալ առաջիկայում առանձին նյութ կհրապարակվի։
Մեր տեղեկություններով Դատական դեպարտամենտ է դիմել նաև դատավոր Արման Կուրեխյանը՝ ստանալու քվեարկության արդյունքում կազմված արձանագրությունները։ Սակայն՝ պատասխան չստանալով, իր ներկայությամբ քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում է ներկայացրել։
Արման Կուրեխյանն ինքնաառաջադրվել էր ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում։
Այստեղ կարող եք ծանոթանալ նաև Արման Կուրեխյանի և Երվանդ Խունդկարյանի գույքին ու եկամուտներին։
Անցում կատարենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետին՝ դատական համակարգի վերաբերյալ։
«Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»։ Այս մասին, դեռևս 2019 թվականի մայիսի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց իր ելությում՝ կառավարությունում խոսելով դատաիրավական համակարգի վերաբերյալ։ Նա 5 կետ նշեց՝ այդ գործընթացի արտահայտման համար, որոնցից առաջին 2-ն էին․
«1. Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:
2․Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»։
Տեսանյութում այդ հատվածը՝ 6։45 րոպեից
Հարկ է նշել, որ մեկ տարի անց էլ Հայաստանում՝ դատավորների շրջանում «այսպես ասած vetting»-ը դեռևս չի չանցկացվել։
Ինչ վերաբերում է 2-րդ կետին՝ հարց է ծագում․ եթե ՄԻԵԴ-ի որոշումներով հաստատված կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից, ապա ինչու՞ է դատական իշխանությունը քվեարկում այն դատավորի օգտին, որի վարույթում քննված առնվազն 13 գործեր հասել են ՄԻԵԴ, որոնց վերաբերյալ էլ ի վնաս Հայաստանի որոշումներ են կայացվել։
Բացի այդ, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի 13-րդ հոդվածով սահմանվում է, որ լրացում կկատարվի նշված օրենքի 112-րդ հոդվածում, ըստ որի․
«1․1 Հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր չի կարող նշանակվել այն անձը`
2) որը, լինելով դատավոր կամ նախկին դատավոր, վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական և արտահերթ համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք՝ մեկ տարի ժամկետով, դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատում կամ էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում կարգապահական տույժերից մեկը կամ որի կայացրած դատական ակտի վերաբերյալ առկա է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտ»։
Ստացվում է, որ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, դատական համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում ցանկանում է տեսնել այլ ստանդարտներով անցնող դատավորների, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ այլ։
Երվանդ Խունդկարյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր է նշանակվել 2008 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, իսկ 2010 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։
Այս 13 գործերը, որոնք քննվել է Երվանդ Խունդկարյանի մասնակցությամբ, ընդհանուր առմամբ Հայաստանին արժեցել են շուրջ 312 հազար եվրո։
Ներկայացնում ենք դրանք ստորև․
Վճռաբեկ դատարանում որոշման ամսաթիվը | ՄԻԵԴ վճռի ամսաթիվը | Գործի անվանումը (X-ն ընդդեմ Հայաստանի) և խախտված իրավունքը | ՄԻԵԴ նշանակած փոխհատուցումը | |
1. | 9/09/2009 | 31/03/2016 |
Պողոսյան http://hudoc.echr.coe.int/eng?i=001-161735 – Արդար դատաքննության իրավունքի ևսեփականության իրավունքների խախտումներ |
1000քմ հողամասի և 500քմ անավարտ շինության նկատմամբ իրավունքները վերականգնվել են և EUR2140 այլ ծախսերի փոխհատուցում |
2. | 31/08/2011 | 11/10/2018 |
Օսմանյան և Ամիրաղյան – http://hudoc.echr.coe.int/eng?i=001-186669 (Թեղուտի գյուղացիների սեփականազրկման բոլոր գործերը, մոտ 200 հոգին են, որոնցից քչերն են դիմել ՄԻԵԴ) |
EUR 12.000 |
3. | 23/09/2009 | 24/01/2019 |
SCHOLZ AG http://hudoc.echr.coe.int/eng?i=001-189419 – Արդար դատաքննության իրավունքի խախտում՝ դատարան դիմելու իրավունքի խախտման մասով |
EUR 3.600 |
4. | 17/06/2009 | 14/02/2019 |
Ալիխանյան http://hudoc.echr.coe.int/eng?i=001-189793 – Սեփականության իրավունքի խախտում (Թեղուտի գյուղացիների գործերից) |
EUR 5.200 |
5. | 24/06/2009 | 14/02/2019 |
Մաշինյան եւ Ռամազյան http://hudoc.echr.coe.int/eng?i=001-189795 – Սեփականության իրավունքի խախտում (Թեղուտի գյուղացիների գործերից) |
EUR 14.000 |
6. | 17/06/2009 | 14/02/2019 |
Վարդանյան և Հախվերդյան http://hudoc.echr.coe.int/eng?i=001-189794 – Սեփականության իրավունքի խախտում (Թեղուտի գյուղացիների գործերից) |
EUR 14.000 |
7. | 28/10/2009 | 14/02/2019 |
Փարսադանյան http://hudoc.echr.coe.int/eng?i=001-189792 – Սեփականության իրավունքի խախտում (Թեղուտի գյուղացիների գործերից) |
EUR 8.600 |
8. | 18/06/2009 | 14/02/2019 | Լեւոն Ամիրխանյան http://hudoc.echr.coe.int/eng?i=001-189790 – Սեփականության իրավունքի խախտում (Թեղուտի գյուղացիների գործերից) | EUR 17.200 |
9. | 24/03/2010 | 14/02/2019 | Ռամազյան http://hudoc.echr.coe.int/eng?i=001-189789 – Սեփականության իրավունքի խախտում (Թեղուտի գյուղացիների գործերից) | EUR 10.400 |
10. | 12/08/2009 | 14/03/2019 | Ալիխանյան և Մելիքսեթյան http://hudoc.echr.coe.int/eng?i=001-191547 – Սեփականության իրավունքի խախտում (Թեղուտի գյուղացիների գործերից) | EUR 10.800 |
11. | 21/07/2010 | 16/05/2019 | Թադեւոսյան http://hudoc.echr.coe.int/eng?i=001-192982 – ՍԵփականության իրավունքի խախտում, Գլխավոր պողոտայի գործընթաց | EUR 138.958 |
12. | 2/04/2010 | 19/03/2019 | Թամրազյան http://hudoc.echr.coe.int/eng?i=001-201738 – Արդար դատաքննության և սեփականության իրավունքների խախտումներ | EUR 5.000 |
13. | 28/12/2009 | 19/03/2020 | Խաչատուրյան http://hudoc.echr.coe.int/eng?i=001-201737 – Սեփականության իրավունքի խախտում՝ ապօրինի սեփականազրկում պետության և հասարակության կարիքների համար | EUR 71.000 |