Ովքե՞ր են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուները, ի՞նչ գույք ու եկամուտներ ունեն նրանք

*Ինֆոգրաֆիկան՝ վերջում 

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու են առաջադրվել երկու դատավոր՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը և Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը։

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրանց կենսագրությունները, գույքն ու եկամուտները։

Արման Կուրեխյանը ծնվել է 1974 թվականին Իջևան քաղաքում:

  • 1991 թվականին ընդունվել և 1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում:
  • 2000 թվականից եղել է ՀՀ Փաստաբանների միության, այնուհետ` ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:
  • 2000 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ում՝ որպես ծրագրի փաստաբան:
  • 2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում՝ որպես իրավաբան:
  • 2008 թվականից մինչև աշխատել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
  • ԲԴԽ-16-Ո-30 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
  • 1996 թվականից մինչև 1998 թվականը ժամկետային զինվորական ծառայություն է անցել ՀՀ Զինված ուժերում:

2011 թվականին, երբ Արման Կուրխյանը պաշտոնավարելիս է եղել որպես Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, նրա եկամուտները կազմել են 7 միլիոն 30 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և ստացված փոխառություններից։

2012-ին եկամուտները կազմել են 7 միլիոն 159 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձից և 2 փոխառությունից։

2013 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 2 միլիոն դրամ, եկամուտները կազմել են 6 միլիոն 927 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և ստացված փոխառություններից։

2014 թվականին դրամական միջոցները փոքր ինչ նվազել են՝ կազմելով 1 միլիոն 700 հազար դրամ, իսկ եկամուտը՝ շուրջ 5,5 միլիոն դրամ, ինչն էլ ստացվել է աշխատավարձից։

2015 թվականին դատավորի դրամական միջոցները կազմել են 2 միլիոն 300 հազար դրամ, եկամուտները՝ 7 միլիոն 255 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձերից և փոխառությունից։

2016-ին Արման Կուրախեյանի դրամական միջոցները կազմել են 2,5 միլիոն դրամ, եկամուտները՝ 7,2 միլիոն դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձից և 3000 դոլար, որն էլ ստացվել է փոխառությունից։

2017 թվականին նրա դրամական միջոցները հասել են 4,5 միլիոն դրամի, եկամուտները՝ 9 միլիոն 56 հազար դրամի, որն էլ ստացվել է աշխատավարձից և փոխառությունից։

2018 թվականի հուլիսի 4-ին Արման Կուրեխյանը ստանձնել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը։ Այդ ժամանակ նա հայտարարագրել է՝

  • 1 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում՝ Իջևանում,
  • 4,5 միլիոն դրամ,
  • 3 միլիոն 324 հազար դրամ եկամուտ՝ ստացված 2 աշխատավարձից։

Արդեն 2018 թվականի տարեկան հայտարարագրում նրա դրամական միջոցները փոքր ինչ նվազել են՝ կազմելով 4,2 միլիոն դրամ, եկամուտները կազմել են 7 միլիոն 627 հազար դրամ՝ ստացված աշխատավարձերից։

2019 թվականին ներկայացրած հայտարարագրի համաձյան Արման Կուրեխյանը համատեղ սեփականությամբ ունի բնակարան Իջևանում, ինչը ձեռք է բերել դեռևս 1997 թվականին։ Նրա դրամական միջոցները տարվա վերջին կանխիկ դրամով կազմել են 2,3 միլիոն դրամ։ Եկամուտները կազմել են 10 միլիոն 800 հազար դրամ, ինչն էլ ստացվել է աշխատավարձից։ Հայտարարագրում նշվում է նաև, որ Արման Կուրեխյանը անդամակցում է Դատավորների հայկական ասոցիացիային և Դատավորների միությանը։

Արման Կուրեխյանի կինը՝ Վարդուհի Սարգսյանը 2019 թվականին հայտարարագրել է․

  • Ավտոտնակ Երևանում,
  • 2 ավտոմեքենա՝ Mercedes-Benz մակնիշի՝ 2000 և 2008 թվականների արտադրության, որոնցից մեկը ձեռք է բերվել 3 միլիոն դրամով, մյուսը վաճառվել 1 միլիոն դրամով,
  • 7000 դոլար,
  • 480 հազար ռուբլի, որը նվիրատվություն է ստացել։

Դատավորի անչափահաս դստեր՝ Միլենա Կուրեխյանի 2017 և 2018 թվականին ներկայացրած հայտարարագրերում ոչինչ նշված չէ։

Հավելենք, որ դատավորի 2018 թվականի հայտարարագրում նշված էր 2 բնակարան, 2019 թվականի հայտարարագրում՝ 1 բնակարան՝ Իջևանում․ Իրավաբան.net-ը կապ հաստատեց նրա հետ, ճշտելու, թե որտե՞ղ է գտնվում 2-րդ բնակարնը, և ինչու՞ դրա մասին նշված չէ 2019 թվականի հայտարարագրում, ի պատասխան որի՝ դատավորը մեկնաբանեց, որ տեխնիկական վրիպակ է եղել և ինքն ունի մեկ բնակարան՝ Իջևանում, որը գնված է 1997 թվականին։

Երվանդ Խունդկարյանը ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։

  • 1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։
  • 1993 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է ՀՀ գերագույն դատարանում՝ որպես քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար։
  • 1994 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է ՀՀ գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատուի, ապա՝ ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատուի պաշտոնը։
  • 1998 թվականից մինչև 1999 թվականը եղել է ՀՀ գերագույն դատարանի ավագ խորհրդատու։
  • 1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական։
  • 2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։
  • 2008 թվականի հունվարի 1-ից հանդիսացել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
  • 2008 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:
  • 2010 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։
  • 2010 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 1-ը հանդիսացել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հանձնաժողովի նախագահ:
  • 2010 թվականից մինչև 2013 թվականը հանդիսացել է ՀՀ դատական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ:
  • 2013 թվականի սեպտեմբերի 20-ին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:
  • 2014 թվականի հուլիսի 25-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ:
  • 2014 թվականի հուլիսի 31-ին ընտրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի նախագահ:
  • 2016 թվականին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ:
  • 2017 թվականի դեկտեմբերի 22-ին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:
  • 2018 թվականին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ:
  • 2018 թվականի հուլիսի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀվճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ 6 տարի ժամկետով:
  • ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով 2018 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ՝ 6 տարի ժամկետով:
  • 2020 թվականի հունվարի 25-ին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ:
  • 2017 թվականի ապրիլի 28-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ:

Այլ տեղեկություններ

  • 1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:
  • 2014 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, ՀՀ Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
  • 2017 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
  • 2020 թվականի հունվարի 18-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դատական համակարգերի համագործակցության ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մխիթար Գոշ» մեդալով:

2011 թվականին ներկայացրած հայտարարագրի համաձայն, Երվանդ Խունդկարյանը, երբ զբաղեցնում էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի պաշտոնը, նրա դրամական միջոցները կազմել են 6000 դոլար և 7 միլիոն դրամ։ Եկամուտները կազմել են 9 միլիոն 204 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։

2012 թվականին նրա դրամական միջոցները զգալի բարձրացել են՝ կազմելով 6000 դոլար և 12 միլիոն դրամ, եկամուտը ստացվել է աշխատավարձից՝ 9 միլիոն 455 հազար դրամ։

2013-ին դատավորի դրամական միջոցները կրկին ավելացել են՝ կազմելով 6000 դոլար և 16 միլիոն դրամ, եկամուտը ստացվել է աշխատավարձից 9 միլիոն 785 հազար դրամ։

2014 թվականին Խունդկարյանը հայտարարագրել է 10 միլիոն դրամ արժողությամբ LEXUS GX 470 մակնիշի ավտոմեքենա։ Նույն տարում նա 3 միլիոն 300 հազար դրամով օտարել է GAZ 3110 մակնիշի ավտոմեքենան։ Նրա դրամական միջոցները մնացել են անփոփոխ՝ 6000 դոլար և 16 միլիոն դրամ։ Եկամուտները կազմել են 22 միլիոն 911 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձերից, փոխառությունից, գույքի օտարման դիմաց ստացած վճարից։

2015-ին Երվանդ Խունդկարյանի դրամական միջոցները մնացել են նույնը, եկամուտները կազմել են 11 միլիոն 708 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձերից։

2016 թվականին նրա դրամական միջոցներն ավելացել են՝ կազմելով 6000 դոլար, 22 միլիոն դրամ։ Եկամուտները կազմել են 11 միլիոն 816 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձերից։

2017 թվականին Խունդկարյանի դրամական միջոցները կրկին ավելացել են՝ կազմելով 6000 դոլար, 19 միլիոն դրամ։ Եկամուտները կազմել են 12 միլիոն 357 հազար դրամ, որը ստացվել է 3 աշխատավարձերից, այլ եկամուտից և ևս 297 եվրո, որը ևս ստացվել է այլ եկամուտից։

2018 թ-ին նա ստանձնել է վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը։ Նոր պաշտոնը ստանձնելիս հայտարարագիր չի ներկայացրել, իսկ տարեկան հայտարարագրի համաձայն նրա դրամական միջոցները մնացել են նույնը, եկամուտները կազմել են 12 միլիոն 72 հազար դրամ, որը ստացվել է 3 աշխատավարձերից և 1526 եվրո, որն էլ ստացվել է 2 այլ եկամուտից։

2019 թվականին Երվանդ Խունդկարյանի դրամական միջոցները բանկային հաշիվներում կազմել են 47 հազար դրամ, 60 եվրո, կանխիկ՝ 22 միլիոն դրամ, 6000 դոլար, ևս 2 միլիոն դրամ, որի սեփականատերն անչափահաս որդին է՝ Դավիթ Խունդկարյանը։ Նրա եկամուտները կազմել են 17 միլիոն 128 հազար դրամ, որը ստացվել է 3 աշխատավարձերից, 2 միլիոն դրամ նվիրատվություն է ստացել Անիկ Արտաշի Բաղդասարյանից, 1612 եվրո, որն էլ ստացվել է Եվրոպայի խորհրդից։

Նրա հայտարարագրում նշվում է նաև, որ Հայաստանի Հանրապետության Դատավորների Միություն հասարակական կազմակերպության նախագահն է։

Երվանդ Խունդկարյանի կինը՝ Ռուզաննա Գևորգյանը 2011-2019 թվականներին հայտարարագրել է 4 միլիոն դրամ։

Դատավորի որդին՝ Հենրիկ Խունդկարյանի 2015, 2018, 2019 թվականներին ներկայացրած հայտարարագրում ոչինչ նշված չէ, դատարկ է նաև նրա մյուս որդու՝ Դավիթ Խունդկարյանի 2017, 2018 թվականներին ներկայացրած հայտարարագրերը։

Այսպիսով․ 2019 թվականի դրությամբ Արման Կուրեխյանի աշխատավարձից և այլ աղբյուրներից ստացված կազմում են 10 միլիոն 800 հազար դրամ, իսկ խնայողությունները՝ 2,3 միլիոն դրամ։ Երվանդ Խունդկարյանի խնայողությունները կազմում են 24 միլիոն դրամ և 6000 դոլար, աշխատավարձից և այլ աղբյուրներից ստացած եկամուտները՝ 19 միլիոն 128 հազար դրամ և 1612 եվրո։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել