Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի առջև: Նրանց խոսքով, իրենք Հայաստան են ժամանել երկրում արտակարգ դրություն հաստատվելուց առաջ և այժմ չունեն աշխատանք, ցանկանում են հետ վերադառնալ և միանալ իրենց ընտանիքներին:
Քաղաքացի Անահիտ Հովհաննիսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ 90-ամյա հորը Մինվոդի ուղարկելու պահանջով է եկել կառավարության դիմաց բողոքի ակցիային մասնակցելու: Նրա հայրն ամեն տարի այցելության է գալիս իր բարեկամներին և վերադառնում ՌԴ: Այս տարի՝ սահմանները փակ լինելու պատճառով, չի կարողացել հետ գնալ։
«Բոլորը գնացին, տեղ հասան, իմ պապային պատասխան չեն տալիս, ես էլ արդեն տարիքս առած եմ, չեմ իմանում ոնց հարցին լուծում տամ, որ կարողանամ ուղարկել»,-ասաց նա։
Վլադիմիր Հարությունյանը դեկտեմբերին մեքենայով ՌԴ-ից Հայաստան է եկել, սակայն մարտին կրկին պետք է վերադառնար ՌԴ՝ բուժման նպատակով: «Համաձայն եմ մեքենաս թողնեմ, թռնեմ, գնամ իմ առողջությամբ զբաղվեմ»,-ասաց Վլադիմիր Հարությունյանը։
Գալուստ Գալոյանի խոսքով էլ ինքը 2010 թ.-ից աշխատում է Ռուսաստանում: Մարտի 9-ից Հայաստանում է, այս պահին աշխատանք չունի, չի էլ ցանկանում գտնել: Նա նշում է, որ ՌԴ-ում աշխատում է 3-4 անգամ ավել:
«Իմ 3 տարեկան երեխան էնտեղ ա, հայրս էնտեղ ա, մայրս էնտեղ ա, կինս էնտեղ ա։ Հայաստանում 3000-4000 դրամով կին, երեխա պահելը շատ դժվար ա»,-նշեց քաղաքացին։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 12-ին, կառավարությունն արտահերթ նիստի ժամանակ որոշում ընդունեց երկրում արտակարգ դրությունը երկարաձգել մինչև սեպտեմբերի 11-ը։
Ստելլա Պետրոսյան