Դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 13-ին որոշում է ընդունել։
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Հովհաննես Խուդոյանի ապրիլի 6-ին Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին ներկայացրած դիմումը։
Փաստաբանն իր միջնորդության մեջ նշել է, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դատավորի վարքագծի կանոնների ընդհանուր բովանդակությունից հետևում է, որ դատավորները, նաև այն անձիք, ովքեր հավակնում են այդ պաշտոնին (դատավորի թեկնածուի հավակնորդը, դատավորի թեկնածուն) պարտավոր են դրսևորել այնպիսի վարքագիծ, որը կնպաստի դատական իշխանության նկատմամբ հարգանքի ձևավորմանը և այդ իշխանության հեղինակության բարձրացմանը։ Հետևաբար յուրաքանչյուր դեպքում, հատկապես նաև հանրային ելույթներ ունենալիս, այդ անձիք ունեն ուղղակի պարտականություն՝ իրենց վարքագծով չնսեմացնել և չնվազեցնել դատական իշխանության հեղինակությունը։
Տվյալ դեպքում Կարապետ Բադալյանը, ԲԴԽ որոշմամբ հանդիսանալով դատավորի թեկնածուի հավակնորդ, 1in TV յութուբյան ալիքով առաջին լրատվականի ուղիղ եթերով հարցրազրույցի շրջանակներում, հանդես գալով որպես փաստաբան և հրապարակայնորեն դիրքորոշում արտահայտելով իր հետ անմիջական առնչություն չունեցող քրեական գործերի վերաբերյալ, կասկածի տակ դնելով կոնկրետ դատավորի (Ալեքսանդր Ազարյանի) անկախությունը և առնչությունը, միաժամանակ կարծիքներ է հայտնել այն մասին, որ դատական համակարգում կան դատավորներ, որոնք խոչընդոտում են այդ համակարգի «ինքնամաքրմանը», «ոմանք ավելի են ոգևորվել և այլևս որևիցե կաշկանդող ոչինչ չկա և կարող են անել ինչ ուզում են, ինչպես ուզում են», «անկախությունը շփոթում են կամայականության հետ», «մի քիչ ավելի ինքնաքննադատությունը մեր դատավորներին չէր խանգարի, որ մի քիչ ավելի շատ հայելու մեջ նայեին, տեսնեին էն բոլոր թերությունները, որ ունի մեր համակարգը, և էն քայլերը, որոնք որոշ դատավորներ անում են և գնահատական տրվեր դրանց, լավ հնարավոր չի դադարեցնել, բայց հաստատ որևեիցե ընթացք պետք ա տալ», «որոշ անձինք, ովքեր որ դեռ դատավորի պաշտոնում են, անում են, ամեն ինչ էդ ճանապարհը մթագնելու, լույսերը հանգցնելու համար»։
Հանձնաժողովը գտել է, որ Բադալյանը նման գնահատանքով վարկաբեկել է դատավորներին, հետևաբար նաև՝ դատական իշխանությունը։ Նշվում է նաև, որ ըստ հանձնաժողովի, նրա կողմից թույլ տրված դատավորի վարքագծի կանոնների խախտումները կրում են կոպիտ բնույթ, որոնք էլ իրենց հերթին հանգեցրել են դատական իշխանության հեղինակազրկմանը և նա թույլ է տվել վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ, ինչը հիմք է հանդիսանում դատավորի թեկնածուին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։
Կարապետ Բադալյանն իր առարկություններն է ներկայացրել՝ նշելով, որ գործող փաստաբան է և հանրային հարթակներում հանդես է գալիս որպես փաստաբան։ Եթե անգամ, պայմանականորեն ընդունի, որ իր արարքներում կամ հայտարարություններում վարքագծի կանոնների խախտումներ առկա են, ապա դրանք ձևական բնույթ և նվազ կարևորություն ունեն, ուստի կարգապահական խախտում առկա չէ։
Հայտնել է նաև, որ կարգապահական վարույթ հարուցվել է դատավորի թեկնածուի հավակնորդ եղած ժամանակ եղած ելությի համար, իսկ ԲԴԽ-ի մայիսի 23-ի որոշմամբ դատավորի թեկնածուի հավակնորդի կարգավիճակ դադարել է և հանդիսանում է դատավորի թեկնածու։ Քանի որ դատավորի թեկնածուն չի կարող պատասխանատվության ենթարկվել որպես դատավորի թեկնածուի հավակնորդ, հետևաբար կարգավիճակի փոփոխությունը հիմք է կարգապահական վարույթը կարճելու համար։
Հունիսի 15-ին Կարապետ Բադալյանը բացարկ է հայտնել հանձնաժողովի նախագահ Մխիթար Պապոյանին՝ նշելով, որ կարգապահական վարույթին մասնակցության անթույլատրելիության հարցը հարցը ոչ թե անմիջապես է քննարկվում, ինչպես ցանկացած պրոցեսում, այլ միայն գործընթացի ավարտվելուց հետո, ինչն իմաստազրկել է բացարկի ինստիտուտը։ Պապոյանը չի հերքել իրենց մտերիմ լինելու հանգամանքը։
Կարապետ Բադալյանը նաև միջնորդել է կարճել հարուցված կարգապահական վարույթը։
Հուլիսի 7-ին հրավիրված ԲԴԽ նիստին Կարապետ Բադալյանը նորից բացարկ է հայտնել հանձնաժողովի նախագահ Մխիթար Պապոյանին՝ հիմքում դնելով վերջինիս և Ալեքսանդր Ազարյանի սերտ/մտերիմ ընկերական հարաբերությունները։ Միաժամանակ խնդրել է միջնորդությունը բավարարելու դեպքում կարճել հարուցված կարգապահական վարույթը։
ԲԴԽ-ն գտել է, որ Կարապետ Բադալյանի միջնորդությունը՝ հանփնաժողովի նախագահ Մխիթար Պապոյանին բացարկ հայտնելու մասին ենթակա է մերժման, իսկ դատավորի թեկնածուին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը՝ կարճման։
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք խնդրահարույց է եղել կարգապահական վարույթի հարուցումն արդար դատաքննության իրավունքի ապահովման տեսանկյունից՝ ԲԴԽ-ն արձանագրել է, որ միջնորդությամբ, ըստ էության, բարձրացվել է արդար դատաքննության իրավունքի իրացումը, ինչը բավարար վերլուծության չի արժանացել Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից։
Ինչ վերաբերում է Մխիթար Պապոյանի և Ալեքսանդր Ազարյանի մտերիմ ընկերական կապին, ԲԴԽ-ն նշել է, որ դա անկողմնակալ դիտորդի մոտ կողմանալության տպավորություն կարող էր առաջ բերել։ ԿԿՀ անդամն ինքը պետք է հանդես գար ինքնաբացարկի միջնորդությամբ այն հիմնավորմամբ, որ Ալեքսանդր Ազարյանի հետ գտնվելով ընկերական սերտ և մտերիմ հարաբերությունների մեջ, արդեն իսկ անկողմնակալ դիտորդի մոտ թողել է կանխակալության տպավորություն։ Մխիթար Պապոյանի կողմից ինքնաբացարկի միջնորդությամբ հանդես գալը նաև դատավորների էթիկայի հարց է՝ ամրագրված Դատավորների էթիկայի կանոններով։
Եթե անգամ Կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամը, հակառակ այս ամենի, ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացնում, ԿՀՀ-ն առավել ևս պետք է ընդուներ Մխիթար Պապոյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, քանի որ ԿՀՀ անդամի կողմից իր պարտականությունների կատարման մասին ներկայացված միջնորդությամբ՝ ահազանգում է արդեն այն կողմը, ում հանդեպ ԿՀՀ-ն քննարկում է կարգապահական վարույթ հարուցելու հարցը։
Ինչ վերաբերում է Կարապետ Բադալյանի միջնորդությանը Մխիթար Պապոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում բացարկելու մասին, ապա Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ այն առարակայազուրկ է նույն միջնորդության մեջ ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթը կարճելու պահանջի լույսի ներքո և այս փուլում Մխիթար Պապոյանին բացարկելու հարցի լուծումը չէր կարող ազդել Բարձրագույն դատական խորհրդի կողմից տվյալ վարույթը լուծող ակտի կայացման վրա, քանի որ Կարապետ Բադալյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը տեղի է ունեցել Կարգապահական հարցերի հանձնաժողովում կարգապահական վարույթ հարուցելու գործընթացում, իսկ ԲԴԽ-ի կողմից բացարկի միջնորդության բավարարումը կհանգեցներ միայն նրան, որ հարցը ԲԴԽ-ում կներկայացներ հանձնաժողովի մեկ այլ անդամ։
Այսպիսով, Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանի միջնորդությունը՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Պապոյանին բացարկ հայտնելու մասին, մերժել։ Իսկ դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը՝ կարճել։