Եթե որևէ մեկը Ձեզ դիմել է խնդրանքով, որպեսզի Դուք հանդես գաք որպես վարկային երաշխավոր, ապա երաշխավոր հանդես գալուց առաջ, նախ պետք է մանրամասն ուսումնասիրեք երաշխավորության պայմանագիրը, իմանաք երաշխավորի Ձեր իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև երաշխավորության պայմանագրով Ձեզ համար նախատեսվող հնարավոր ռիսկերը և բացասական հետևանքները։
Վարկային երաշխավորների հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Վաչե Բաղդասարյանի հետ։
1․ Նախ պետք է հասկանանք, թե ով կարող է հանդես գալ որպես վարկային երաշխավոր։
Իրավաբանի խոսքով, Վարկային երաշխավոր կարող է հանդես գալ չափահաս ֆիզիկական անձը, ով ունի կայուն եկամուտ և միաժամանակ համապատասխանում է տվյալ բանկի կամ վարկային կազմակերպության հիմնական պահանջներին՝ այսինքն գտնվում է աշխատունակության տարիքում և ունի մշտական եկամուտ, ունի քաղաքացիություն և գրանցում, որը հաստատվում է նրա կողմից ներկայացված փաստաթղթերով (անձնագիր, աշխատանքի վայրից տեղեկանք և այլն)։
2․Պետք է հասկանանք, թե ինչպիսի իրավունքներ ու պարտականություններ ունեն վարկային երաշխավորները։
«Երաշխավորության ինստիտուտը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով։ ՀՀ քաղքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածը սահմանում է, որ երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:
Նույն օրենսգրքի 377-րդ հոդվածը սահմանում, որ պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում երաշխավորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով: Երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը` ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած` պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով»,-նշում է Վաչե Բաղդասարյանը։
Բացի պարտականություններից երաշխավորը ունի նաև իրավունքեր, որոնք սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 379-րդ և 380-րդ հոդվածներով։ Այս մասին մասնագետը նշում է․ «ՀՀ քաղքացիական օրենսգրքի 379-րդ հոդվածը սահմանում է, որ երաշխավորն իրավունք ունի պարտատիրոջ պահանջի դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք կարող էր ներկայացնել պարտապանը, եթե այլ բան չի բխում երաշխավորության պայմանագրից: Երաշխավորը չի կորցնում առարկելու իրավունքը նույնիսկ այն դեպքում, երբ պարտապանը դրանցից հրաժարվել է կամ ընդունել է իր պարտքը»:
Հավելենք, որ ՀՀ քաղքացիական օրենսգրքի 380-րդ հոդվածը սահմանում է, որ պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները և պարտատիրոջ` որպես գրավառուի պատկանող իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է պարտատիրոջ պահանջը: Երաշխավորն իրավունք ունի նաև պարտապանից պահանջել հատուցելու պարտատիրոջը վճարած գումարի տոկոսներն ու, պարտապանի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ, իր կրած այլ վնասները:
3․Պարտապանի կողմից վարկային երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում, երաշխավորի համար նախատեսվող հնարավոր ռիսկերը և բացասական հետևանքները։
Վաչե Բաղդասարյանը նշում է, որ պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում, երաշխավոր պատասխանատու է իր գույքով ու դրամական միջոցներով և նման դեպքերում բանկերը կամ վարկային կազմակերպությունները իրավասու են դատական կարգով բռնագանձում տարածել երաշխավորի գույքի և դրամական միջոցների վրա։ Սա է հանդիսանում հիմնական ռիսկը, իսկ որպես բացասական հետևանք կարելի է առանձնացնել այն փաստը, որ պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հանգամանքը, կարող է բացասաբար ազդել երաշխավորի վարկային պատմության վրա և հետագայում վարկ վերցնելու դեպքում խնդիրներ առաջացնել վերջինիս համար։
Ամփոփելով թեման, իրավաբանն ասաց․
- Որևէ մեկի համար վարկային երաշխավոր հանդես գալուց առաջ մանրամասն ուսումնասիրեք երաշխավորության պայմանագիրը․
- Իմացեք պայմանագրով ստանձնած Ձեր իրավունքները և պարտականությունները,
- Մինչև վարկային երաշխավոր հանդես գալը գնահատեք բոլոր հնարավոր ռիսկերը և բացասական հետևանքները, քանի որ վարկառուի կողմից վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում Դուք պատասխանատու եք Ձեր գույքով և դրամական միջոցներով։