Կառավարությունը ջանք չի խնայում պաշտպանելու գրանցված և չգրանցված աշխատողներին, բայց որոշ գործարարներ իրենց ոտքերն են սրբում աշխատանքային իրավունքերի վրա։ Այս մասին ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ ապրիլի 28-ին կայացած ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը՝ առաջին ընթերցմամբ։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ իրականացնել Աշխատանքային եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում: Փոխնախարարի խոսքով` Աշխատանքային օրենսգրքում նախատեսվել են որոշ պարզաբանումներ եւ սահմանումներ, որոնք, ըստ զեկուցողի, կհեշտացնեն համաճարակի պայմաններում գործատու-աշխատող իրավահարաբերությունները:
Նա նշեց, որ որոշ սրճարանատերեր ստիպել են սոցիալական աջակցության շահառու դարձած աշխատակիցներին փողն իրենց հետ կիսել։
«Այսօր խոսվեց, որ «Արարատ ցեմետ» ընկերությունը հրաժարվել է միանգամից 8 աշխատակցի ժամանակավոր պայմանագրեր երկարացնել՝ շատ լավ իմանալով, որ այս արտակարգ իրավիճակի պայմաններում մարդիկ չեն կարող բողոքել», – ասաց նա։
Այնուհետև նա նշեց, որ Վանաձոր «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատողներն են իրենց բողոքը հայտնել, «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատողներն են ահազանգել, թե տնօրենը սպառնացել է, որ աշխատավարձ չի տա։ «Հիմա նախատեսել եք՝ մարդկանց բողոքների դեպքում տեսչական մարմնի վերահսկողություն, պարոն Ուդումյան, որպեսզի այս կարգավորումն իսկապես գործնական նշանակություն ունենա մարդկանց համար, պատրա՞ստ եք ներդնել ահազանգման համակարգ, որպեսզի մարդիկ շատ հրատապ և մատչելի կերպով ահազանգեն իրենց աշխատանքային իրավունքների խախտման համար։ Եթե այդ ահազանգման, ազդարարման գործիքը չլինի, ես չեմ հավատում, որ այս դրույթը կգործի, որովհետև բացարձակ փայլուն կարծիք չունեմ տեսչության մասին և տեսչության պետի հայտարարությունը՝ աշխատանքային իրավունքների մասին, վստահ եմ՝ լսել եք։ Ազդարարման համակարգ կներդնեք, թե՝ ոչ»,-նշեց նա՝ հարցն ուղղելով հարցի հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանին։
Ի պատասխան Լենա Նազարյանի հայտարարության, Իրավաբանների հայկական ասոցիացիան հայտնում է, որ աշխատողների իրավունքների պաշտպանության ու դրանց մասին աշխատողների կողմից ազդարարման համակարգ գործում է դեռևս 2017 թվականից՝ ԲիզՊաշտպանը՝ Bizprotect.am կայքի միջոցով։
Այստեղ քաղաքացիներն իրավունք ունեք իրենց հուզող բիզնես խնդիրների վերաբերյալ հայտեր ներկայացնել: Ազդարարումներ ընդունվում են նաև անանուն կերպով։ Այս պարագայում քաղաքացու՝ տվյալ պարագայում աշխատողի, տրամադրած հայտը ամբողջությամբ կկոդավորվի: Բացի այդ, գործում են գաղտնիության հավելյալ երաշխիքներ Tor ինտերնետ բրաուզերով օգտվելու դեպքում. անձի համակարգչի IP հասցեն չի բացահայտվի, հետևաբար ոչ ոք չի կարողանա պարզել խնդրի մասին ազդարարողի ինքնությունը:
Հայտը կայքում ներկայացնելուց հետո քաղաքացու տրամադրած տեղեկատվությունն ուսումնասիրվում է փորձագետների կողմից, ովքեր երկու աշխատանքային օրվա ընթացքում պատասխանում են հայտատուին՝ իր կողմից բարձրացված հարցի լուծման նպատակով։
Ասենք ավելին, վերջին օրերին՝ համաճարակով պայմանավորված ևս, աշխատողները ահազանգել են իրենց աշխատնքային իրավունքների խախտման դեպքերի մասին։ Օրինակ, Արարատի մարզի Երասխ համայնքում գրանցված Ա/Ձ-ի կողմի ստացված ահազանգը․ «Գործունեությանս տեսակը՝ արագ սննդի կետ է և ունեմ հինգ գրանցված աշխատող։ Մարտի 24-ից դադարեցրել եմ գործունեությունս՝ Պարետի որոշման համաձայն՝ առանց աշխատողներին աշխատանքից ազատելու, որոնց պետք է հարկադիր պարապուրդի համար վճարեմ։ Սակայն, իմ հարևանությամբ այս օրերին գործում են արագ սննդի կետեր և մի քանի մթերային խանութներ, որոնք ոչ սանիտարական պայմաններում զբաղվում են նաև արագ սնունդ պատրաստելով և իրացնելով»։ Հավաստիանալով ազդարարման իսկության մեջ՝ ԲիզՊաշտպանի կողմից գրություն է ներկայացվել ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գրասենյակ։
Մեկ այլ ահազանգ է ստացվել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Լուսինե Վարդանյանի դեմ՝ խախտված աշխատանքային իրավունքների պաշտպանության վերաբերյալ․ «Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ-ի տնօրեն Լուսինե Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում հանդիսանում եմ վկա։ Դրանով փորձում է վնասել ինձ՝ չերկարացնելով աշխատանքային պայմանագիրը: Այդ մասին ստացել եմ ծանուցում»։
Մյուս ահազանգը «Ալեքս Տեքտիլ» ՍՊԸ-ին տուգանելու հիմք է հանդիսացել՝ չգրանցված աշխատողների համար։ Պետեկամուտների կոմիտեն արձանագրել էր, որ չձևակերպված 5 աշխատող կա և առաջադրել տուգանք՝ 1,250,000 դրամի չափով: