30 օրում՝ մարտի 23-ից ապրիլի 23-ը Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբանները (ԻՀԱ) անվճար խորհրդատվություն են տրամադրել քաղաքացիներին՝ 714 հարցի վերաբերյալ։
Հարցերը ստացվել են ինչպես առցանց՝ կազմակերպության ֆեյսբուքյան էջերի միջոցով, այնպես էլ հեռախոսազանգերով։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Լուսինե Նալբանդյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում նշում է, որ ԻՀԱ-ն միշտ էլ իր գործունեության ընթացքում տրամադրել է իրավաբանական աջակցություն քաղաքացիներին, ՔՀԿ-ներին, բիզնես ընկերություններին։ «Երբ ԻՀԱ-ն հայտարարեց տրամադրվող իրավբանական անվճար խորհրդատվության մասով, բոլոր ուժերը կենտրոնացրեցինք այդ ուղղությամբ՝ ներգրավելով ոչ միայն Երևանի կենտրոնական գրասենյակի իրավաբաններին, այլև մարզերի իրավաբաններին: Հարցերը ուղղվում էին քաղաքացիների, տնտեսական գործունեություն իրականացնող ընկերությունների, ՔՀԿ-ների և այլոց կողմից: Հիմնական հարցերը առնչվում են քաղաքացիների սոցիալական կարգավիճակին և նրանց ու գործատուների միջև առաջացած աշխատանքային իրավահարաբերություններին: Շատ են նաև հարցերը, որոնք վերաբերում են նոր համաճարակի արդյունքում Կառավարության կողմից ընդունված կորոնավիրուսի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրերին: Մի շարք քաղաքացիներ, ովքեր ընդգրկվել էին որպես շահառու դժվարությունների էին հանդիպում և չէին կարողանում ստանալ իրենց հատկացված աջակցությունը: Ձեռնարկատիրական գործունեությամբ զվաղվող մի շարք ընկերություններ բարձրաձայնում են, որ տնտեսական կորուստներ են ունենում, բայց ընդգրկված չեն տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերում»,-մանրամասնում է իրավաբանը։
Լուսինե Նալբանդյանը նշում է, որ քաղաքացիները միայն մեկ հարցով չեն սահմանափակվում, բայց պատասխանները տրվում են բոլոր հարցերին՝ հնարավորինս ամբողջությամբ և ժամանակին: Նա նաև նշում է, որ դեպքե են լինում, երբ քաղաքացուն պարզաբանվում է, որ ինքը չի կարող օգտվել կառավարության աջակցության ծրագրերից որևէ մեկից՝ զայրանում է, մեղադրելով իրավաբանին, բայց, ըմբռնումով են մոտենում նման դեպքերին։
Ոչ միայն հարցեր ուղղում կամ զայրանում են քաղաքացիները, այլև առաջարկություններ ներկայացնում, «ԻՀԱ-իկողմից գործարկվող Bizprotect.am ազդարարման հարթակի միջոցով գրություն էինք ստացել, որ ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների աշխատանքը դադարեցված է, և փաստացի նրանք ևս սոցիալական ծանր պայմաններում են այժմ սահմանափակումների արդյունքում: Բիզպաշտպանի փորձագիտական թիմը, ուսումնասիրելով ազդարարմամբ ներկայացված փաստերը, ազդարարման վերաբերյալ գրություն է ներկայացրել ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի գրասենյակ։ Ուրախալի է, որ Կառավարության ապրիլի 16-ի որոշմամբ ընդլայնվել է 8-րդ միջոցառման շրջանակը, որով շահառու են նաև ցամաքային տրանսպորտի գործունեության (երթուղային տրանսպորտ) ոլորտում ներգրավված քաղաքացիները և անհատ ձեռնարկատերերը։ Առաջարկ ենք ստացել նաև դպրոցում գործող պարային ստուդիայից, քանի որ իրենց գործունեությունը ևս դադարեցված է: Ցավոք, կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերից 8-րդ ծրագրում շահառուների շարքում ներառվել են սպորտի բնագավառում (սպորտային ակումբներ և լողավազաններ) և զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն իրականացնող անձինք, սակայն մշակութային հաստատությունների և մշակույթի ոլորտում գործունեություն ծավալող անձանց անդրադարձ չի կատարվել»,-նշում է Լուսինե Նալբանդյանը։
Հիշեցնենք, որ հաշվի առնելով՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված, մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը և աշխատանքային հարցերի հետ կապված մի շարք սահմանափակումները, ԻՀԱ-ն քաղաքացիների համար անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու մասին հայտարարություն տարածեց մարտի 23-ին։