Ինչպես արդեն հայտնել ենք, արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն ազատվել է պաշտոնից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 8-ի որոշման մեջ նշվում է, որ Վարդապետյանն ազատվել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն, որն է.
նախարարի տեղակալին նախարարի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը:
Հետևում է, որ փոխնախարարը չի ազատվել իր դիմումի համաձայն:
Հավելենք, որ Աննա Վարդապետյանը, մինչ փոխնախարարի պաշտոնին նշանակվելը, զբաղեցնում էր նախարարի խորհրդականի պաշտոնը: Նախարարի տեղակալի պաշտոնում նա նշանակվեց Նիկոլ Փաշինյանի ապրիլի 4-ի որոշմամբ:
Հիշեցնենք, որ նույն օրը արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել էր նաև Տիգրան Խաչիկյանը, որն այս տարվա հուլիսի 17-ին հայտնել էր, որ հրաժարական է ներկայացրել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Հրաժարականի պատճառների մասին, մեզ հետ զրույցում նա նշել էր. «Նախարարն ասաց, որ ես իր թիմի կոնցեպտում չեմ տեղավորվում»:
Նշենք նաև, որ Ռուստամ Բադասյանը արդարադատության նախարարի պաշտոնում էր նշանակվել հունիսի 19-ին՝ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով: