Առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական և այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանված են ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշմամաբ, որի համաձայն.
1. ՈՒսումնական հաստատությունների աշխատողների աշխատաժամանակի և հանգստի ռեժիմը որոշվում է մինչև ուսումնական տարվա սկիզբը` ուսումնական հաստատության ղեկավարի (կառավարման կոլեգիալ մարմնի) կողմից` հաշվի առնելով ուսումնական հաստատությունների գործունեության առանձնահատկությունները:
2. Իրենց պարտականություններն աշխատանքային օրվա ընթացքում անընդմեջ իրականացնող դասախոսներին, մանկավարժներին և դաստիարակներին (այսուհետ` դասավանդող) սնվելու համար ընդմիջում տրամադրվում է սովորողների, սաների հետ միաժամանակ:
3. Դասավանդողների ուսումնական պարապմունքների տևողությունը, ինչպես նաև դրանց միջև ընդմիջումները (դասամիջոցները) նախատեսվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ կամ ներքին կանոնակարգով:
4. ՈՒսումնական աշխատանքի, ինչպես նաև ուսումնական պարապմունքների դասացուցակով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով աշխատաժամանակի մեջ ներառվում են`
- կրթական, մեթոդական խորհուրդների, կրթական ծրագրով նախատեսված ծնողական ժողովների, խորհրդատվությունների, առողջարանական, դաստիարակչական և այլ միջոցառումների անցկացման աշխատանքները.
- այն ժամանակը, որը ծախսվում է անմիջականորեն սովորողներին, սաներին ուսուցանելու և դաստիարակելու, նրանց անհատական ընդունակությունների, հետաքրքրությունների ու հակումների, ինչպես նաև նրանց ընտանեկան և կենցաղային պայմաններն ուսումնասիրելու նպատակով նախապատրաստական աշխատանքների համար.
- դասավանդողի կողմից գրավոր աշխատանքների ստուգումը, դասղեկությունը, ուսումնական կաբինետների ղեկավարումը, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, ուսումնամեթոդական, կազմակերպամեթոդական, դաստիարակչական աշխատանքները.
- դասավանդողի կողմից մասնագիտական որակավորման բարձրացման, վերապատրաստման, վերաորակավորման, ինքնաուսուցման և այլ պարապմունքներին նախապատրաստվելը.
- ուսումնական պարապմունքների միջև ընկած ընդմիջումները (դասամիջոցներ).
- դասավանդողի կողմից առողջարարական ճամբարներում, արշավներում, արշավախմբերում, էքսկուրսիաներում կատարած աշխատանքները:
5. Սովորողների, սաների` հատուկ ուսումնական հաստատություններում շուրջօրյա մնալու դեպքում, երբ դաստիարակչական և ուսումնական գործունեություններն օրվա ընթացքում հաջորդում են միմյանց, ուսումնական հաստատության ղեկավարը կարող է դպրոցական տարիքի սաների խմբերում դասավանդման աշխատանք կատարող դաստիարակների համար նախատեսել աշխատանքային օրվա ռեժիմ` երկու ժամ անընդմեջ ընդմիջմամբ: Ընդմիջման ժամանակն աշխատաժամանակում չի ներառվում:
6. ՈՒսումնական հաստատությունների դասավանդողների, որոնց ուսումնական ծանրաբեռնվածությունը նվազել է կամ ավելացել տարվա սկզբում որոշված ուսումնական ծանրաբեռնվածությունից, աշխատաժամանակի և հանգստի ռեժիմը մինչև ուսումնական տարվա ավարտը որոշվում է դասաժամերի քանակով` հաշվի առնելով այն ժամանակը, որն անհրաժեշտ է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված աշխատանքների կատարման համար:
7. ՈՒսումնական հաստատությունների սովորողների արձակուրդների ժամանակահատվածները, որոնք դասավանդողի ամենամյա վճարովի հիմնական և լրացուցիչ արձակուրդների հետ չեն համընկնում, համարվում են աշխատաժամանակ:
8. Սովորողների արձակուրդի ընթացքում դասավանդողներն իրականացնում են կրթական ծրագրի կիրառման հետ կապված ուսումնական, մեթոդական, ինչպես նաև կազմակերպական աշխատանքներ` իրենց աշխատաժամանակի նորմավորված մասի սահմաններում:
9. ՈՒսումնական հաստատությունների դասավանդողները, որոնց համար սահմանված է ուսումնական ծանրաբեռնվածության տարեկան ծավալ, սովորողների արձակուրդների ժամանակահատվածում, որոնք չեն համընկնում իրենց ամենամյա արձակուրդի հետ, ներգրավվում են ամբիոնների, ուսումնամեթոդական կամ առարկայական (ցիկլային) հանձնաժողովների աշխատանքներում, սեմինարներում, որակավորման բարձրացման, վերապատրաստման և այլ դասընթացներում, ինչպես նաև մշակութային միջոցառումների կազմակերպման և անցկացման միջոցառումներում, ամբիոնների կամ առարկայական (ցիկլային) հանձնաժողովների աշխատանքներում:
10. Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով սովորողների, սաների ուսումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակահատվածն ուսումնական հաստատությունների դասավանդողների և այլ աշխատողների համար համարվում է աշխատաժամանակ:
11. Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով ուսումնական հաստատության առանձին դասարանների (խմբերի) կամ ամբողջ ուսումնական հաստատության ուսումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակաընթացքում դասավանդողները սույն կարգի 7-9-րդ և 15-րդ կետերով նախատեսված պայմաններով ներգրավվում են ուսումնադաստիարակչական, մեթոդական, կազմակերպական աշխատանքներում:
12. Բարձրագույն, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև լրացուցիչ կրթություն իրականացնող հաստատությունների յուրաքանչյուր դասավանդողի համար դասավանդման ծավալը որոշվում է տվյալ ուսումնական հաստատության կողմից` կախված աշխատողի մասնագիտական որակավորումից, ամբիոնի մասնագիտացումից, և մեկ ուսումնական տարվա ընթացքում սահմանվում է 700-1080 ժամ: Հանրակրթական և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների դասավանդողների աշխատաժամանակի տևողությունը` կախված ուսումնական հաստատության տիպից, սահմանվում է շաբաթական 22-33 ժամ:
13. ՈՒսումնական հաստատությունների վարչական աշխատողները (տնօրեն, տնօրենի տեղակալ, ռեկտոր, պրոռեկտոր և այլն) կարող են դասավանդել շաբաթական մինչև 8 դասաժամ ներառյալ: Կես դրույքով պաշտոնավարող և համապատասխան որակավորում ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչական աշխատողը կարող է ունենալ շաբաթական մինչև տասնչորս դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:
14. 36-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ուսումնական հաստատության հոգեբանների, ուսուցման մեթոդիկայի ու դաստիարակչական աշխատանքների մասնագետների աշխատաժամանակի ռեժիմը կարգավորվում է ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով` հաշվի առնելով`
- ուսումնական գործընթացի մասնակիցների անհատական և խմբային խորհրդատվական աշխատանքի կատարումը, որը չի կարող գերազանցել շաբաթական աշխատաժամանակի տևողության կեսը.
- մասնագետի անհատական և խմբային խորհրդատվական աշխատանքներին նախապատրաստվելու, ստացված արդյունքների մշակման, վերլուծության և ընդհանրացման, փաստաթղթերի լրացման, ինչպես նաև իր որակավորման բարձրացման ժամանակը:
15. Նախադպրոցական կրթական հաստատություններում (խմբերում) սաների 12 ժամ մնալու և 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, որտեղ սաների յուրաքանչյուր խմբի համար նախատեսված է երկու դաստիարակ, աշխատաժամանակի ռեժիմը որոշվում է` հաշվի առնելով յուրաքանչյուր դաստիարակի կողմից դասավանդման աշխատանքի կատարումը` յուրաքանչյուր շաբաթ 36 ժամվա հաշվարկով:
16. ՈՒսումնական հաստատությունների աշխատողների, այդ թվում` ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի, աշխատաժամանակի ռեժիմը սովորողների արձակուրդների ժամանակահատվածում կանոնակարգվում է ուսումնական հաստատության ներքին իրավական ակտերով, աշխատանքային պայմանագրերով և աշխատանքների կատարման ժամանակացույցով:
17. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող ուսումնական հաստատություններում և հատուկ կամ մասնագիտացված ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատանքի կատարման համար աշխատաժամանակի տևողությունը սահմանվում է`
- շաբաթական 22 ժամ` դասավանդող լոգոպեդների և դասավանդող դեֆեկտոլոգների, հատուկ մանկավարժական օգնություն ցուցաբերող դասավանդողների.
- շաբաթական 24 ժամ` արտադպրոցական դաստիարակության հիմնարկներում դասավանդողների.
- շաբաթական 30 ժամ` բուժական ֆիզկուլտուրայի գծով հրահանգիչների.
- շաբաթական 30 ժամ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների դաստիարակների.
- շաբաթական 30 ժամ` գիշերօթիկ դպրոցների, մանկատների, հանրակրթական հաստատությունների երկարօրյա խմբերի դաստիարակների.
- շաբաթական 36 ժամ` երկարատև բուժման ու խնամքի կարիք ունեցող երեխաների և ընդհանուր տիպի հաստատությունների դաստիարակների.
- շաբաթական 36 ժամ` նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների համար: