Ինձ հետաքրքում է ի՞նչ է իրենից ներկայացնում իրավաբանական անձի գրանցումը և հնարավոր է արդյո՞ք իրավաբանական անձ ստեղծելիս օգտագործել մի անվանում, որը նախապես օգտագործվել է այլ իրավաբանական անձի կողմից:
Հարգելի° ընթերցող,
Իրավաբանական անձը ստեղծված է համարվում նրա պետական գրանցման պահից, իսկ նրա գործունեությունը դադարած` գործունեության դադարման պետական գրանցման պահից: Իրավաբանական անձի գրանցումը հավաստվում է պետական գրանցման մարմնի կողմից տրվող համապատասխան վկայականով:
Յուրաքանչյուր իրավաբանական անձ գրանցման պահին պետք է ունենա ֆիրմային անվանում: Ֆիրմային անվանումը դա այն անվանումն է, որի ներքո իրավաբանական անձը իրականացնում է իր գործունեությունը և զանազանվում է այլ իրավաբանական անձանցից: Ֆիրմային անվանումը պետք է բովանդակի իրավաբանական անձի կազմակերպա-իրավական ձևը բնորոշող բառեր և տարբերակող գոնե մեկ հատուկ կամ հասարակ անուն: Պետք է նշել, որ որպես ֆիրմային անվանում գրանցման ենթակա չէ այն անվանումը, որը համընկնում է Հայաստանի Հանրապետությունում ավելի վաղ գրանցված որևէ իրավաբանական անձի անվանմանը կամ համընդհանուր ճանաչում ստացած օտարերկրյա որևէ իրավաբանական անձի անվանմանը, ինչպես նաև համընկնում կամ շփոթության աստիճան նման է որևէ պետական, միջկառավարական կամ կառավարական կազմակերպության անվանմանը:
Ֆիրմային անվանումների գրանցման և օգտագործման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով: Ֆիրմային անվանման օգտագործման` իրավաբանական անձի բացառիկ իրավունքը խախտելու դեպքում նրան պատճառված վնասը պետք է փոխհատուցվի խախտողի կողմից: