Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշման համաձայն՝ կորած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ դրանցում անձի հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում` նաև հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկանք։
Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը տրված վարորդական վկայականների կամ այլ երկրներում ստացած վարորդական վկայականների կորստյան դեպքում` նաև վարորդական վկայական ստանալու համար հիմք հանդիսացած փաստաթուղթ (այլ երկրներում ստացած վարորդական վկայականների կորստյան դեպքում կրկնօրինակ տալու համար):
Կորած վարորդական վկայականի կրկնօրինակը տալու դեպքում տվյալները մուտքագրվում են համակարգիչ, որից հետո անձը, եթե հաշվառված չէ թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց ցանկում, և նրա մոտ առկա չեն սույն կարգի 8-րդ կետով(բացակայում են վարորդի աչքը կամ վերին կամ ստորին վերջույթը, դաստակը կամ ոտնաթաթը, կամ առկա են շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտում, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումներ և արատներ, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման, բացառությամբ տվյալ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի) նախատեսված հիմքերը, անմիջապես նկարահանվում է համակարգչային տեխնիկայի միջոցով, և անձին իր ցանկությամբ տրվում է ժամանակավոր վարորդական վկայական` 20 օր ժամանակով:
Կորած վարորդական վկայականի կրկնօրինակը տալու դեպքում փաստաթղթերը քննական մարմին ներկայացնելու օրվանից 15 օր անց, եթե քննական մարմնի կողմից կատարված հարցումներով պարզվում է, որ անձը զրկված չէ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, կամ նրա վարորդական վկայականը վարչական իրավախախտման փաստի կապակցությամբ չի գտնվում վարույթ իրականացնող մարմնում, նրան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է վարորդական վկայական:
Կորած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալիս ժամանակավոր վարորդական վկայականը ենթակա է վերադարձման: