Ես բնակվում եմ վթարային շենքում և ուզում եմ իմանալ, թե ի՞նչ կարող է անել պետությունը ինձ համար այս հարցում:
Հարգելի° ընթերցող,
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում բավականին շենքեր կան նման վիճակում, ուստի մեր պետությունը չէր կարող անտարբեր մնալ այդ հարցի կարգավորման խնդրում:
Այդ նպատակով ՀՀ կառավարությունը 2000թ.-ի հոկտեմբերի 25-ին ընդունեց թիվ 65 որոշումը` ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին: Որոշման նպատակն է ապահովել բնակարաններով վթարային շենքի բնակիչներին, սակայն դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ: Պետական միջոցների հաշվին բնակարաններով կարող են ապահովվել այն անձինք, որոնք հաշվառված են ամրացման ոչ ենթակա բազմաբնակարան բնակարանային ֆոնդի բնակարաններում և հանդիսանում են փաստացի բնակվող վարձակալներ, ինչպես նաև այն բնակարաններում հաշվառված և փաստացի բնակվող վարձակալները, որոնց բնակարանները ենթակա են քանդման համաձայն մինչև 2008թ.-ի մարտի 1-ը բնակելի տների տեխնիկական վիճակի մասին տրված եզրակացության: Բնակարաններով կարող են ապահովվել նաև բնակելի տների սեփականատերերը, փախստականները և որոշումների կամ դատարանի վճիռների հիման վրա բնակվող, ինչպես նաև մինչև 2006թ.-ի հոկտեմբերի 12-ը անձնագրային հաշվառում ունեցող և փաստացի բնակվող բնակիչները, որոնք ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք: Այս անձանց բնակարանային խնդիրները լուծվում են բնակարան տրամադրելով կամ դրամական աջակցություն կամ փոխհատուցում տրամադրելով: Պետք է նշել նաև, որ բնակարաններ հատկացնելիս առաջնահերթությունը տրվում է վարձակալներին, սեփականատերերին, փախստականներին:
Վերաբնակեցման ժամանակ բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր են համարվում այն ընտանիքները, որոնք անօթևան են և վերջին 5 տարվա ընթացքում չեն օտարել իրենց բնակարանը և դրանով իսկ չեն վատթարացրել իրենց բնակարանային պայմանները:
Առավել կարևոր է իմանալ, թե քանի սենյականոց բնակարաններ պետք է հատկացվեն: Այսպես, եթե տրամադրվող շենքում չկան 4 և 5 սենյականոց բնակարաններ, ապա այն ընտանիքներին, որոնք հավակնում են ստանալ 4-սենյականոց բնակարան, հատկացվում է 1 և 2 սենյականոց բնակարաններ, իսկ 5-սենյականոց բնակարան ստանալուն հավակնող ընտանիքներին հատկացվում է 1 և 3-սենյականոց կամ 2 հատ 2-սենյականոց բնակարաններ: Կառավարության վերոհիշյալ որոշումը տարածվում է սեփականաշնորհման ոչ ենթակա, ամրացման ոչ ենթակա և մինչև 1999թ.-ի հունվարի 1-ի դրությամբ քանդման ենթակա վթարային տների բնակիչների նկատմամբ:
Ավելացնեմ, որ բնակարանի վարձակալության կամ բնակարան ձեռք բերելու համար վարձակալներին, փախստականներին, սեփականատերերին և վերը նշված այլ անձանց տրամադրվում է ֆինանսական աջակցություն` նախկինում զբաղեցրած բնակարանի չափին համապատասխան, իհարկե, հաշվի առնելով սենյակների թվերը: Նշված անձանց բնակարան տրամադրելիս սենյակների թիվը որոշվում է` ելնելով տվյալ ընտանիքի անդամների քանակից և սեռերից: Այսպես, եթե ընտանիքը բաղկացած է միևնույն կամ տարբեր սեռի 2 անձանցից, եթե երեխան 9 տարեկանից ցածր է տրամադրվում է 1-սենյականոց բնակարան: Ընտանիքին, որը բաղկացած է 9 տարեկանից մեծ` տարբեր uեռերի 2 անձից (բացի ամուuիններից) կամ էլ 3 անձից տրամադրվում է 2-սենյականոց բնակարան, իսկ 4 և 5 անձից բաղկացած ընտանիքին` 3-uենյականոց բնակարան: Եվ վերջապես 6 և 7 անձից բաղկացած ընտանիքին` 4-uենյականոց բնակարան, իսկ 8 և ավելի անձանցից բաղկացած ընտանիքին` 5-uենյականոց բնակարան:
Պետք է հավելել նաև, որ քաղաքացիներին բնակարաններով ապահովելու պատասխանատվությունը դրված է Երևանի քաղաքապետի և ՀՀ համապատասխան մարզպետների վրա: