Մի քաղաքացուց գնել եմ բնակարան, վճարելով պայմանավորված գումարը: Պարտադիր է արդյո՞ք գործարքը նոտարական կարգով ձևակերպել և անշարժ գույքի պետական կադաստրում գրանցել:


Հարգելի° ընթերցող,


ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն վաճառողը, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով պարտավորվում է գնորդի սեփականությանը հանձնել հողամաս, շենք, շինություն, բնակարան կամ այլ անշարժ գույք:  Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով: Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման: Գործարքի նոտարական ձևը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Նման գործարքն առոչինչ է: Եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում: Գործարքի նոտարական վավերացումից անհիմն խուսափող կողմը պետք է մյուս կողմին հատուցի գործարքը կնքելու ուշացման հետ կապված վնասները: Անշարժ գույքի վաճառքի պայմանագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը գնորդին ենթակա է պետական գրանցման: Մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցումն անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կատարելը հիմք չէ այդ պայմանագրի կողմերի հետ երրորդ անձանց ունեցած հարաբերությունների փոփոխման համար: Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` այլ իրավունքները: Անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

Պետական գրանցման կարգը և գրանցումից հրաժարվելու հիմքերը սահմանվում ՙԳույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին՚ ՀՀ օրենքով, ըստ որի գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները` սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, գրավը, հիփոթեքը, սերվիտուտները, այլ սահմանափակումները, շարժական գույքի նկատմամբ իրավունքները, բացառությամբ տրանսպորտային միջոցների նկատմամբ իրավունքների, ինչպես նաև, օրենքով նախատեսված դեպքերում, այլ իրավունքները ենթակա են (պետք է ներկայացվեն) պետական գրանցման` գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած 30-օրյա ժամկետում` անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներում` ըստ անշարժ գույքի գտնվելու վայրի: Գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման գործարքը համարվում է առոչինչ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել