«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ չաշխատող անձի մայրության նպաստը և երեխայի ծննդյան միանվագ նպաստը (բացառությամբ ընտանեկան դրամագլխի գումարի) վճարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով այն անձի անվամբ բացված միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով, որին նշանակվել է նպաստը։
Այս մասին տեղեկանում ենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Եթե միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, անձը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը (այն է՝ միանվագ դրամական վճարների հաշվին առկա միջոցները դուրս գրելու պահանջ), ապա միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրված նպաստի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Այսինքն անհրաժեշտ է մայրության նպաստի և երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարները ստանալ՝ այն բանկին փոխանցելու ամսվանից հաշված 12 ամսվա ընթացքում, որովհետև այդ ժամկետում նշված նպաստների գումարները չստանալու դեպքում՝ դրանք վերադարձվում են ՀՀ պետական բյուջե և անձի նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է:
Իսկ նպաստ ստանալու իրավունքի վերականգնում՝ բնագավառը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված չէ: