Խաբված գործարարը անչափահաս երեխաների հետ փողոցում մնալու խնդրի առջև է կանգնած

Գործարար Գագիկ Տեր-Մարկոսյանը մարդկանց վստահելու հետևանքով այսօր կանգնել է կնոջ ու անչափահաս երեխաների հետ փողոցում մնալու խնդրի առաջ:

Խաբեության զոհ դարձել է 2007 թվականին, երբ դիմել է «Արմռոսկո» անշարժ գույքի գործակալություն՝ Արագածոտնի մարզի Ուշի գյուղում գտնվող շուրջ 300 հազար դոլար արժողությամբ հողատարածքը վաճառելու համար:

«Անընդհատ գալիս էր մեր տուն, երեխաներին շատ էր սիրում». Մտերմություն, որ մի ամբողջ կարողություն կորցնելու արժեք ունեցավ

Անշարժ գույքի գործակալությունը Սարյան փողոցում էր, դրա տնօրեն էր ներկայացել Նինա Ռոստոմյանը. «Ես լսել էի, որ ինքը և եղբայրն են բիզնեսը հիմնել, պարսկահայեր են: Եղբայրը, Համլետը, կարծեմ, այնտեղից գնորդներ էր գտնում, Հայաստանում հողատարածքներ էին գտնում ու վաճառում»,- պատմում է Գագիկ Տեր-Մարկոսյանը:

Գագիկի խոսքով, Նինայի հետ մի քանի անգամ գնացել, հողատարածքը  տեսել էին, Նինան էլ ասել էր, թե «չքնաղ հողատարածք է» ու  կկարողանա շատ արագ գնորդ գտնել:  2007 թվականի նոյեմբերին Նինան Գագիկին հայտնում է, թե եղբայրը գնորդ է գտել ու նա պատրաստ է հողատարածքը գնել՝ կիսակառույց տան հետ միասին:

Սակայն քանի որ Իրանում ապրող գնորդն արդեն մեկ անգամ խաբվել է, երբ ցանկացել է Հայաստանում հողատարածք գնել, ապա խնդրում է, որ հողատարածքը ՀՀ-ում գտնվող իր վստահված անձի անունով գրանցեն ու միայն դրանից հետո նա գումարը կփոխանցի իր հաշվին: Վստահված անձը Սարգիս Ամիրխանյան էր: Վերջինս աշխատելիս է լինում Նինայի անշարժ գույքի գործակալությունում՝ որպես իրավաբանական և ֆինանսական խորհրդատու.

«Շատ էինք մտերմացել, անընդհատ գալիս էր մեր տուն, երեխաներին շատ էր սիրում: Մտավ «դամարս», ինչպես ասում են: Ինձ մոտ կասկած չառաջացավ, որ ինչ-որ բան կարող է ծրագրով չգնալ, որ նա ժուլիկ է կամ նման  մի բան է: Հողամասը 2 մասից էր բաղկացած: Ասացի՝ եկեք մի մասը իր անունով գրենք, թող գնորդը գումարի մի մասը փոխանցի, հետո արդեն մյուս մասը նրա անունով կգրի: Նինան ասաց, որ դեմ չէ, այդպես անենք: Որոշ ժամանակ անց Նինան ասաց, որ գնորդը վախենում է, կասկածամիտ է, հողատարածքի մյուս մասն էլ պետք է նրա անունով գրենք»:

Գագիկը չի կասկածում, համաձայնվում է: 2008 թվականի հունվարին Գագիկի վաճառքի հանված ամբողջ սեփականությունը նվիրատվության պայմանագրով փոխանցվում է Սարգիս Ամիրխանյանին:

Ամիսներն անցնում են, իսկ գույքի դիմաց խոստացված գումարն արդպես էլ չի փոխանցվում: Գագիկն անընդհատ Նինայից հետաքրքրվում է, թե ինչու գնորդը գումարը չի փոխանցում, ինքն էլ պարտքեր ունի և գումարը  շտապ է պետք. «Նինան ինձ էր հորդորում մի քիչ համբերել, իսկ ես պարտատերերիս»,- նշում է Գագիկը:

Երկար քննարկումներից հետո Գագիկը և Նինան, վերջինիս պատկանող գործակալությունում 2008 թվականին մարտի 1-ին կնքում են համաձայնագիր, որ գնորդը 3 փոխանցումով պետք է վճարումը կատարի և հողատարածքի համար որոշված վերջնական 280 հազար դոլարը վճարի:

Հետաքրքիրն այն է, որ համաձայնագիրը կնքվում է ոչ թե «գնորդի» կամ նրա «վստահված անձի», այլ Նինայի հետ:

Մի քանի օր հետո սակայն Նինան զանգում է Գագիկին և հայտնում, որ գնորդը հրաժարվում է տարածքը գնելուց՝ 2008 թվականի մարտի 1-2-ի «իրադարձություններով» պայմանավորված:

«Դե, որոշեցինք սեփականությունը նորից իմ անունով անել: Ինքը ինձ ասաց` Գագիկ ջան, մի մտածի, Սարգիսը մեր շատ հարազատ, մոտիկ մարդն է, մենք ուրիշ գնորդ կգտնենք ու միանգամից Սարգիսի անունից կվաճառենք: Ասաց, որ պետք չի այլևս գումար ծախսենք՝ հողատարածքը իմ անունով դարձնենք: Ասաց, որ այդ հողը ինքը անպայման կծախի, շատ լավն է ու խնդիր չի առաջանա»,- պատմում է Գագիկը:

Գագիկի խոսքով, Նինայի հետ «բիզնես պլան» են կազմում, որոշում հողատարածքը մասերի բաժանել և այդպես վաճառել: Սակայն գնորդ այդպես էլ չի հայտնվում, իսկ պարտատերերը շարունակում են Գագիկից իրենց գումարը պահանջել:

Գագիկը ինքն է սկսում գնորդներ փնտրել ու գտնում է: Նոր գնորդը հավանում է հողատարածքը և հայտնում, որ ուզում է ամբողջը գնել և 350 հազար դոլար է պատրաստ վճարել:

Գագիկը զանգում է Նինային և հայտնում, որ ինքը գնորդ է գտել և պատրաստվում է հողատարածքը վաճառել: Նինան համաձայնվում է, պայմանավորվում են հաջորդ օրը խոսել, հանդիպել: Իսկ հաջորդ օրն արդեն Նինան զանգերին չի պատասխանում, գործակալության դռներն էլ փակ են լինում: Գագիկն ասում է, որ հետագայում իմացել է՝ Նինա Ռոստոմյանը նույն օրն էլ իր աղջկա հետ միասին հեռացել է Հայաստանից:

Գագիկը փնտրում-գտնում է Սարգիս Ամիրխանյանին: Նրան ներկայացնում է իրավիճակը, ասում, որ գնորդ է գտել ու պետք է սեփականությունը վաճառի:

«Սարգիսը ասեց՝ ի՞նչ հող: Մեկ էլ իր հետ եկել էր ոմն Ռուբեն Պապիկյան, նա ասաց, որ այդ հողը իրենցն է: Հարցրեցի՝ Սարգիս, դու վստահված ա՞նձ չես եղել: Ինքն էլ ասեց՝ ոչ: Նինան պարտք է եղել իրենց ու հողը պարտքի դիմաց իրենց է տվել: Նինան 60 հազար դոլար պարտք է եղել, դրա դիմաց այդ հողն է տվել: Ասացի՝ Սարգի՛ս, այդ հողը 60 հազար արժի՞»,-պատմում է Գագիկը:

Գագիկը առաջարկում է Սարգիսին վճարել 60 հազար դոլար՝ հողատարածքի վաճառքից հետո, սակայն նա չի համաձայնում:

Հարուցվում է քրեական գործ. Նինային փնտրում է Ինտերպոլը

Գագիկը հանցագործության մասին 2010 թվականի ամռանը հաղորդում է ներկայացնում ոստիկանություն՝ Նինային գտնելու համար, հարուցվում է քրեական գործ, վերջինիս այժմ փնտրում է Ինտերպոլը:

Իրավապահների մոտ Սարգիս Ամիրխանյանը նույն պատմությունն է ներկայացնում. Նինան իրեն պարտք է եղել և պարտքի փոխարեն իրեն է տվել այդ հողատարածքը:

Հարուցված քրեական գործով Նինա Ռոստոմյանը ներգրավվում է որպես կասկածյալ, Գագիկը՝ տուժող: Սարգիս Ամիրխանյանը գործով կարգավիճակ չի ստանում:

2008 թվականի սեպտեմբերի 25-ին Նինան Գագիկին էլեկտրոնային փոստով մեկ այլ անձի միջոցով նամակ է ուղարկում և պատմում եղելությունը:

Նամակում Նինան գրում է հետևյալը.

«Պետք է խոստովանեմ, իրավունք ունես ինձ անիծելու, որքան ցանկանաս, քեզ ամենաշատն եմ վատություն արել՝ անկախ իմ կամքից: Չէի պատկերացնում, որ այսպես կլինի: Սաքոյի միջոցով շատ վտանգավոր մարդկանցից էի տոկոսով փող վերցրել՝ հուսալով, որ կանենք ծրագիրը և ամեն ինչ լավ կլինի: Ամիսներ հետո տոկոսը անհավատալի մեծացավ, իմ գործերն էլ դեպի վատը գնացին: Ստիպված կես ճիշտ, կես սուտ խաբում էի քեզ քաշ տալով: Վերջին շաբաթը մի առիթ կար, որ կլուծեր ամեն ինչ: Էնքան որ ասացի Սաքոյին, որ գնա տեղեկանք հանի, բայց դա էլ տապալվեց և Սաքոյին ճնշելով ստիպել են հողը անել իրենց անունով… Ցավում եմ շատ, ես այնքան վատ վիճակում եմ…աքսորված և կորցրած ամեն ինչ, բայց ամեն ինչ անում եմ փոխհատուցման համար: Եթե 1000 տարի էլ անցնի, ես կվերադարձնեմ ամեն ինչ: Ինձ մի քանի ամիս տվեք, կապի մեջ կլինեմ պարբերաբար»:

Նինայի նամակից մոտ 2 ամիս անց Գագիկը Նինային գտնում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Ֆեյսբուքյան էջում նշվում էր, որ նա այժմ բնակվում է ԱՄՆ Գրանադա Հիլս քաղաքում:

«Ֆեյսբուքով իրեն նամակ գրեցի, հիշեցրեցի ամեն ինչ: Այդ ընթացքում ես կլինիկական մահ էի տարել, մոտ 15 կիլոգրամ նիհարել էի և ձեռք էի բերել 3-րդ կարգի հաշմանդամի կարգավիճակ (Գագիկը սրտի առիթմիա, նաև այլ հիվանդություն է ունեցել, որը կարողացել է հաղթահարել,- հեղ.): Նինան պատասխան նամակի մեջ գրեց՝ մի ահաբեկի ինձ, ես քեզ չեմ ճանաչում ու ֆեյսբուքյան էջը փակեց: Սակայն 2 ամիս անց նորից նրան «Ֆեյսբուքում» գտանք, բայց արդեն փոխված անուն-ազգանունով»,- պատմում է Գագիկը:

Ընկերոջ «փորձված սխեման» վերջին բնակարանը կորցնելու շեմին է հասցնում

Նինային հայտնաբերելու հույսը կորցնելուց հետո 2009 թվականի ընթացքում պարտքերը մարելու համար Գագիկը վաճառում է նաև Ձորաղբյուրում գտնվող իր առանձնատունը, 1 սենյականոց բնակարանը: Վաճառում են նաև կնոջ ծնողների տան 1 սենյակը, և մնում է միայն Երևանի Վաղարշյան փողոցում գտնվող այն բնակարանը, որում այժմ ապրում են ինքը, կինն ու 2 անչափահաս երեխաները:

Թեև այդքան գույք է վաճառվում, սակայն պարտքերն ամբողջությամբ մարել չի կարողանում և որոշում է  ընկերոջ կողմից արդեն «փորձված սխեմային» դիմել. ընկերը ներկայանում է որպես իր բնակարանի գնորդ, բնակարանը «գնում» է հիփոթեքով,  ապա «առուվաճառքից» ստացված հիփոթեքային վարկի գումարը օգտագործում են նոր գործ սկսելու համար:

Գագիկն իր Վաղարշյան փողոցում գտնվող  բնակարանը «վաճառում է» ընկերոջը, և այդ ընկերոջ հետ էլ  որոշում են անասնաբուծությամբ զբաղվել:

«Թարսի պես, հենց մենք ուզում էինք գործ սկսել, կաթի գինը կտրուկ ընկավ: 180-200 դրամից իջավ 110-120: Այդ գործի մեջ մոտ 17 հազար դոլար դրեցի: Ոնց հաշվեցինք, չստացվեց մեզ մոտ: Սա 2013-2014 թվականներն էին: Ես ամեն ամիս բանկին իմ մուծումները կատարում էի: Մի ժամանակ եկավ, երբ մեր գործերը վատացան ոււ ես այլևս չկարողացա մուծել: Գոքորին (Գագիկի ընկերոջը՝ Գրիգոր Հովակիմյանին,- հեղ.) սնանկ ճանաչեցին, քանի որ ինքն էլ չկարողացավ իր պարքերը վճարել: Սակայն, քանի որ Գոքորն էր գրանցված որպես իմ տան տեր, որտեղ ես հիմա ապրում եմ, այս բնակարանն էլ գնաց սնանկացման տակ ընկավ»,-պատմում է Գագիկը:

Բնակարանը աճուրդի է հանվում: Գագիկը բավարար գումար չի ունենում իր բնակարանն արդեն բանկից գնելու համար և սպասում է մինչև բնակարանի գինը նվազագույնի հասնի՝ պարբերաբար աճուրդների չկայանալու հետևանքով: Երբ գինը դառնում է 13,5 միլիոն դրամ, նա արդեն իսկ հայթայթած է լինում գումարը և պատրաստվում է մասնակցել աճուրդին ու բնակարանը վերադարձնել:

«Սնանկության կառավարիչը ասաց, որ իմ հայտից բացի աճուրդին մասնակցելու վերաբերյալ այլ հայտ չկա: Ասաց, որ սպասենք, ինքը քաղաքում չի լինելու, հենց վերադառնա նոր աճուրդ կկազմակերպի և ես կկարողանամ իմ տունը գնել: Սակայն մի քանի օր հետո ինձ զանգում է Գրիգորը ու ասում, որ սնանկության կառավարիչն էր իրեն զանգել, տունը վաճառվել է»,- պատմում է Գագիկը:

Նրա խոսքով, սնանկության կառավարիչը ընկերոջը պատմել է, որ իրեն զանգել է փաստաբան Վահագն Դավթյանն ու ասել, որ հայտ տա, բնակարանն ուզում են գնել:

2016 թվականի հունիսի 10-ին Վաղարշյան փողոցում գտնվող  47 քմ, 3 սենյականոց բնակարանը գնվում է 13,5 միլիոն դրամով:

«Ոմն Թամարա Դրոշակիրյան, 20 տարեկան աղջիկ, գալիս է ու այդ տունը գնում է: Նույն օրը գնում ենք սնանկության կառավարչի հետ հանդիպելու համար: Հարցրեցի, թե ինչի չի զանգել, ախր գիտի, որ նա իր ընտանիքի հետ այնտեղ է ապրում: Ասեց, որ Գագիկ ջան, դե ստիպեց: Հետո պարզվեց, որ այդ Վահագն Դավթյանը մի անգամ եկել էր այստեղ, մեր տուն, որպես գնորդ: Ես տանը չեմ եղել: Մի խոսքով՝ զանգեցի Վահագին, նա ասաց, որ Դիլիջանում է, չի կարող գալ: Ես նրան բացատրեցի, որ այն տունը, որը նա գնել է, իմն է և ես այդ տանն եմ ապրում: Ես առաջարկում եմ աճուրդին մասնակցելու համար նրանց մուտք արված 800 հազարը վճարել, որպեսզի նրանք հրաժարվեն այդ տնից և ես գնեմ այդ տունը: Վահագը ասաց, որ Թամարա Դրոշակիրյանի հետ կխոսի»,- պատմում է Գագիկը:

Մեկ շաբաթվա ընթացքում Գագիկը Վահագնից ոչ մի լուր չի ստանում և կրկին զանգում է նրան: Գագիկը կարծում է, որ նրանք պրոցեսը ձգձգեցին, որպեսզի հասցնեն տան հետ կապված ամբողջ թղթաբանությունը կարգավորել:

Գագիկն այդ ընթացքում կարողանում է գտնել Թամարա Դրոշակիրյանի տունը և իր բարեկամուհու հետ այցելում նրան. «Թամարան տանը չի լինում, հարազատները զանգում են ու հեռախոսը փոխանցում ինձ: Նա էլ ինձ հարցնում է, թե որ տան համար եմ դիմում իրեն, Չարենցի տան համար, թե՝ Վաղարշյանի: Ասացի, որ Վաղարշյանի, դա իմ տունն է: Հենց դրա մասին լսեց, միանգամից անջատեց: 30 վայրկյան հետո ինձ զանգում է Վահագն Դավթյանը և ասում, որ շուտ դուրս գամ այդ տնից: Ասաց, որ ես իրենց հետ ոչ մի գործ չունեմ, ես միայն իր հետ գործ ունեմ»:

Գագիկը պատմում է, որ նորից է կապվել Վահագն Դավթյանի հետ, հարցրել է, թե տան համար որքան կվճարի վերջինս, Գագիկը պատասխանել է, որ 15 միլիոն դրամ կվճարի և 3 ամսվա ընթացքում 5 միլիոն դրամով կվճարի:

Սակայն ընդհանուր հայտարարի չեն գալիս, և գործը հասնում է դատարան:

Դատարանից պահանջում են բնակարանի առուվաճառքն ու հիփոթեքային պայմանագրերն առոչինչ ճանաչել

Գագիկ Տեր-Մարկոսյանը 2016 թվականի հունիսի 20-ին դիմում է առաջին ատյանի դատարան՝  ինչպես իր բնակարանը ընկերոջը իբր վաճառելու, այնպես էլ Թամարա Դրոշակիրյանի կողմից բնակարանը գնելու գործարքները առոչինչ ճանաչելու պահանջով:

Երևանի ընդահանուր իրավասության դատարանը, դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, 2018 թվականի հունիսի 18-ին վճռով արձանագրել է, որ հայցվորի ներկայացուցիչը դատարան է ներկայացրել հայցադիմումի լրացում, նշելով որ հայցվորները մտադրություն չեն ունեցել և իրականում չեն վաճառել տվյալ բնակարանը, ավելին մինչ օրս բնակվել են տվյալ բնակարանում: Տվյալ վարկը թեև բանկի կողմից տրամադրվել է Գրիգոր Հովակիմյանին, սակայն իրականում վարկի գումարը օգտագործել են հայցվորները և նրանք են մարել վարկը, ընդ որում ժամանակին և պատշաճ:

Հայցվորը նշել է, որ Գագիկ Տեր-Մարկոսյանի, նրա կնոջ՝ Աննա Քեոշկերյանի և Գրիգոր Հովակիմյանի միջև կնքված առուվաճառքի գործարքը կեղծ գործարք է. հայցվորներն ընդունել են հիփոթեքի պայմանագրի կնքման փաստը և  պնդել, որ այն իրականում կնքվել է բանկի և իրենց միջև: Իսկ վարկային և հիփոթեքի պայմանագրերը՝ շինծու գործարք, քանի որ իրականում կնքվել են բանկի և հայցվորների միջև, գումարը Գրիգոր Հովակիմյանը փոխանցել է հայցվորներին, այն տնօրինվել է նրանց կողմից, բացի այդ հերթական բոլոր վճարումները ևս կատարել են հայցվորները: Նշել է նաև, որ տվյալ պարագայում վարկն իրականում օգտագործվել է հայցվորի կողմից և մարումները ևս կատարվել են նրա կողմից, այսինքն վարկային հարաբերությունները իրականում ծագել են բանկի և հայցվորների միջև:

Հայցվոր կողմը ներկայացրել է նաև բնական գազի մատակարարման և էլեկտրաէներգիայի ծառայությունների վերաբերյալ պայմանագրեր, որոնք պետք է ապացուցեին Գագիկ Տեր-Մարկոսյանի բնակարանի «իրական» սեփականատեր լինելու հանգամանքը, սակայն դատարանը դրանք ոչ վերաբերելի, էական նշանակություն չունեցող ապացույցներ է համարել և հանել է ապացույցների կազմից:

Առաջին ատյանի դատարանը, դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ,  մերժում է հայցվորների պահանջը:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է Երևան քաղաքի առաջին ատ­յանի ընդհանուր իրա­վա­սության դատարանի դատավոր Արայիկ Մել­քում­յանին կարգապահական պատաս­խանատվության ենթարկելու հար­ցի վերաբերյալ որոշումը, որի համաձայն, դատավորի լիազորությունները դադարեցվել են:

2018 սեպտեմբերի 25-ին դատարանի վճիռը բողոքարկվել է վերաքննիչ քաղաքացիական դատարան, սակայն դատարանը 2019 թվականի հունվարի 29-ին որոշում է կայացրել առաջին ատյանի դատարանի վճիռը թողնել անփոփոխ՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործարքը կեղծ որակելու համար անհրաժեշտ է, որպեսզի գործարքի բոլոր կողմերի կամքն ուղղված լինի առերևույթ հարաբերության ծագման տպավորություն ստեղծելուն և եթե գործարքը ձևակերպվում է առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության, ապա դա չի կարող լինել միայն մեկ կողմի ցանկությունը: Չնայած կեղծ գործարքի կողմերը ձևակերպվող գործարքի որևէ իրավական հետևանք փաստացի առաջացնելու մտադրություն չունեն, այդուհանդերձ, որպեսզի երրորդ անձինք հնարավորություն ունենան վստահելու կեղծ գործարքին, գործարքի կողմերը, որպես կանոն, ստեղծում են փաստացի հարաբերության առկայության պատրանք՝ այդ թվում ձևականորեն առաջացնելով այն հետևանքները, որոնք պետք է առաջանային, եթե կնքվեր իրական գործարք:

Ընդ որում, կեղծ գործարքը կարող է և փաստացի կատարված լինել (մասնակի կամ լրիվ), սակայն կատարման նպատակը նույնպես պատրանքն իրականությանը մոտեցնելը լինի՝ հետագայում, այդուհանդերձ, գործարքի իրավական հետևանքներն առաջացնելու ցանկություն չունենալով: Վերաքննիչ դատարանը գտել է, որ վճիռը պատճառաբանված է և հիմնավորված:

Այս տարվա մարտի 7-ին Գագիկը վերաքննիչ ատյանի որոշումը բողոքարկել է վճռաբեկ դատարանում: Գործը վարույթ ընդունելու վերաբերյալ դատարանը որոշում դեռ չի կայացրել:

Բնակարանը աճուրդով գնողի փաստաբանի դիրքորոշումը. «Գագիկ Տեր-Մարկոսյանն ո՞վ է այդ տանը»

Հայցվոր Գագիկ- Տեր Մարկոսյանը նաև նշել էր, որ դատական վեճի պայմաններում Թամարա Դրոշակիրյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Դավթյանը հարկադիր կատարման ծառայության և ոստիկանության հետ միասին մի քանի անգամ փորձել է վտարել նրան բնակարանից:

Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ սեփականատերն իրավունք ունի իր սեփականությունից անարգել օգտվելու:

«Ինքը չի կարողացել բնակարանի գրավի դիմաց գումարը վճարել բանկին և այն հանվել է աճուրդի: Ու առաջին ատյանի դատավոր Արայիկ Մելքումյանը այնքան սխալ որոշում է կայացրել, բավարարել է հայցվորների՝ հայցի ապահովման հիմք  է կիրառել՝ սեփականատեր չհանդիսացող անձի համար: Ու Դուք ուզում եք ասել, որ ՀՀ-ում Սահմանադրության մակարդակով պաշտպանվո՞ւմ է սեփականատիրոջ իրավունքը: Գագիկ Տեր-Մարկոսյանը ո՞վ է այդ տանը: Գագիկ Տեր-Մարկոսյանը մի մարդ է, որը գնացել է, ենթադրաբար, այդ բանկին խաբել է, իրենք են ասում, որ գնացել շինծու գործարք են կատարել, որպեսզի փող ստանան բանկից: Էդ գումարը ծախսել են, ինչ են արել, ես չգիտեմ: Հիմա էլ այդ գրավի առարկան իրացվել է, իրանք էլ ասում են՝ վայ, գիտեք, բա էրեխեքը դուրսն են մնում: Ամբողջ իրականությունն է պետք պատմել»,-նշեց փաստաբանը:

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ կողմերը հաշտության գան, Վահագն Դավթյանն ասաց, որ հաշտությունը կարելի է քննարկել, սակայն Գագիկ Տեր-Մարկոսյանը ցանկանում է գնալ հաշտության միայն իր պայմաններով:

Գագիկի խոսքով, ավելի վաղ Վահագն Դավթյանը կողմ է եղել բնակարանը 20 միլիոն դրամի դիմաց վաճառել: Սրա վերաբերյալ սակայն նա մեզ հետ զրույցում նշեց, որ այդ հարցը երկար ժամանակ է չի քննարկվել, չի կարող ասել:

Ներկայումս Գագիկ Տեր- Մարկոսյանի ընտանիքով՝ անչափահաս երեխաների հետ փողոցում չմնալու միակ հույս այս պահին վճռաբեկ դատարանն է:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել