ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության նախկին պետ Արամ Գաբրիելյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի նախկին ներկայացուցիչ, բնապահպանական ոլորտի փորձագետ Գոհար Ղազինյանի՝ պատվին և արժանապատվության իրավունքը վերականգնելու պահանջով:
Հունվարի 23-ին հերթական դատական նիստին հայցվորը դատարանին հայտնեց, որ իր երկու փաստաբանները այլևս չեն կարող իրականացնել նրա ներկայացուցչությունը և միջնորդեց նիստը հետաձգել՝ նոր փաստաբան ներգրավելու համար:
Նշենք, որ Արամ Գաբրիելյանը 100.000 դրամ է պահանջում՝ որպես պատվին և արժանապատվությանը հասցված վնասի հատուցման գումար, և 302.000 դրամ՝ որպես դատական ծախսի հատուցման գումար:
Դատարանը, դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, բավարարեց հայցվորի միջնորդությունը դատական նիտը հետաձգելու մասին:
Պատասխանող կողմը ներկայացված հայցը համարում է անհիմն:
«Գոհար Ղազինյանն աշխատանքային քննարկում է անցկացրել էլեկտրոնային փոստով: Հարց է բարձրացրել այն մասին, որ փոքր ՀԷԿ-երի կառուցման հետ կապված կա բնապահպանական խնդիր և ով է պատասխանատու եղել այն իրավական դաշտի ձևավորման համար, որի չձևավորման ահետևանքով ՀՀ-ում ՀԷԿ-երը կառուցվում են առանց ճիշտ բնապահպանական փորձաքննություն անցնելու: Նամակի մեջ նշել է, որ պարոն Գաբրիելյանը չի կատարել այն պարտականությունները, որոնք պետք է կատարեր: Դրա արդյունքում ՀՀ-ում իրավական դաշտը թերի է մնացել, որի հետևանքով կառուցվում են ՀԷԿ-եր, որոնք փոխանակ նպաստեն բնական միջավայրի պահպանությանը, հակառակը, վնասում են դրան: Հնարավոր է, որ ձևակերպումները եղել են ավելի խիստ, բայց դա պարոն Գաբրիելյանը դիտել է որպես զրպարտություն իր հասցեին և դիմել է դատարան»,- նշեց Գոհար Ղազինյանի ներկայացուցիչ, փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: