Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն աշխատանքից տուն է գնում միայն այն ժամանակ, երբ կինը սպառնում է ամուսնալուծվել:
Տանը նա ինքն է վերանորոգում տեխնիկան, ստուգում ջրի խողովակաշարերը և այլն. «Լավագույնը ես եմ անում, ու՞մ վստահեմ»,- նշում է նա:
Իրավաբան.net-ը 2018 թվականն ամփոփել է նախարարի պաշտոնակատարի հետ, իմացել նրա նախասիրությունների, ընտանիքի, խոհանցում ունեցած հմտությունների մասին, լսել արդարադատության ոլորտում կատարված աշխատանքի վերաբերյալ նրա գնահատականն ու կարծիքը:
Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարար
– Պարոն Զեյնալյան, ինչպե՞ս կգնահատեք 2018 թվականը Հայաստանի համար: Իրավական ոլորտում ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք:
– 2018 թվականը պատմական տարի կարելի է բնութագրել, այն շրջադարձային էր Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ: 2018 թվականին տեղի ունեցավ իշխանափոխություն, որը երկար տարիներ, տասնամյակներ ակնկալում էինք, երազում էինք և չէր ստացվում ընտրությունների միջոցով իրականացնել: Դա տեղի ունեցավ հեղափոխության միջոցով: Սա, հիրավի, կարելի է ասել, դարակազմիկ իրադարձություն էր Հայաստանի ժողովրդի կյանքում:
Իրավական առումով ինչպիսի ձեռքբերումներ ունեցանք: 2018 թ-ի ընթացքում ՀՀ-ում տեղի է ունեցել երկու խոշոր ընտրություններ, սրանք միաժամանակ և՛ իրավական, և՛ քաղաքական իրադարձություններ են. Երևան քաղաքի ավագանու ընտրությունները նախ տեղի ունեցան, այնուհետև խորհրդարանի արտահերթ ընտրությունները, և այս ընտրությունների արդյունքների նկատմամբ կա համընդհանուր հավատ և վստահություն, որ դրանք արտահայտում են ժողովրդի իրական կամքն ու պատկերը: Սա կարող եմ համարել ամենամեծ իրավական ձեռքբերումը 2018թ-ին:
-Հեղափոխությունից հետո Դուք նշանակվեցիք արդարադատության նախարարի պաշտոնում, ի՞նչ տվեց Ձեզ այս պաշտոնը:
– Պաշտոնը ինձ ոչինչ տալ չի կարող: Պետք է ես կարողանամ տալ այն պաշտոնին, որը ես զբաղեցնում եմ: Սա ծառայություն է, որին ես անցել եմ և պիտի ձգտեմ և ձգտում եմ առավելագույնս նվիրումով ծառայել պետությանը և ժողովրդին:
– Այս տարի «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարվեց: Ունեի՞ք մտավախություններ այս կարևոր ակտի ընդունումից առաջ:
– Բնականաբար, ցանկացած նմանատիպ մասշտաբային իրադարձություն նաև ծնում է բնական կանխատեսումներ՝ բացասական դրսևորումների ձևով: Երկար քննարկվեց այս նախագիծը: Արդարադատության նախարարությունում այն պատրաստ է եղել իմ նշանակումից երեք շաբաթ անց, սակայն ընդունվեց աշնանը: Շատ քննարկումներ եղան սրա շուրջ. այն նաև գաղտնազերծվեց կարգի խախտմամբ, գաղտնազերծումից հետո հանրային երկարատև ու բուռն քննարկումներ տեղի ունեցան: Պիտի ասեմ, որ մենք դեռևս համաներումով ազատ արձակված անձանցից մեկին ունենք, որ ձերբակալվել է, կամ երկու հոգի՝ ոչ ավել: Ցուցանիշները, աշխարհում տեղի ունեցած համաներումների ստատիստիկան շատ ավելի դժգույն է, քան այն, ինչ այս պահին մենք ունենք: Համաներումով ազատ են արձակվել նրանք, ովքեր առաջին անգամ են եղել դատապարտված, կրկնահանցագործների վրա համաներումը չի տարածվել, օրենքով այդպիսի բացառություն նախատեսված եղել է, ուստի հանցավորության մակարդակի բարձրացումն ուղղակիորեն պայմանավորել համաներմամբ ազատ արձակվածներով, կարծում եմ, ուղղակի կապ չկա դրանց միջև: Չի բացառվում, բայց միևնույն ժամանկ պնդել, որ դա հետևանք է համաներման, չենք կարող:
-Քննարկումները շատ էին նաև ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանվողներին համաներում շնորհելու վերաբերյալ: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին, արդյո՞ք պետք էր նրանց ևս համաներում շնորհել:
-Դրա վերաբերյալ բազմիցս հանդես եմ եկել հրապարակային բացատրություններով, և՛ ես, և՛ քաղաքային իշխանությունը: Պիտի ասեմ, որ համաներումն ընդունվել է Ազգային ժողովի բոլոր ներկա պատգամավորների կողմից միաձայն քվերաությամբ: Սա քաղաքական փաստաթուղթ է և կառավարության ու օրենսդիր մարմնի կամքն է արտահայտում, լեգիտիմ իշխանության կամքն է արտահայտում: Սա բետոնյա գնահատական է այդ համաներման ակտին:
– Պարոն Զեյնալյան, վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը ինչ հաջողություններ կամ ինչ հետընթաց գրանցեց այս տարի: Արդյո՞ք չպետք է աշխատել այս ինստիտուտի զարգացման ուղղությամբ, այլ ոչ թե ընդհանուր համաներում կիրառել, անհատապես՝ անձ առա անձ անդրադառնալ կալանավորին կամ դատապարտյալին:
– Իրավացի եք, համաներման ակտը լավագույն միջոցը չէ, այս ոլորտում խնդիրները լուծելու: Հեղափոխությունից հետո երբ կիրառվեց համաներման ակտը, ընդ որում, ոչ միայն քրեական, այլև վարչական ոլորտում, սրանք անցումային արդարադատության էլեմենտներ էին, որոնք մենք իրագործեցինք: Պայմանական վաղաժամետ ազատման ինստիտուտը բավականին ինտենսիվ և շատ արդյունավետ է կիրառվել: Արդարադատության նախարարությունը, նոր կառավարությունը փոխել է իր քաղաքականությունն այս ոլորտում, և այն պատժողական, մերժողական վարքագիծն այլևս չկա, բավական հաճախ են ներկայացվում դրական եզրակացություններ՝ պայմանական վաղաժամետ ազատման համար: Մարդիկ, ովքեր դրսևորել են պատշաճ վարքագիծ, չեն դրսևորել բացասական վարքագիծ, չունեն արհամարհական վերաբերմունք հասարակության, պետության, իրավակարգի նկատմամբ, նրանց համար ներկայացվում են պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդություն, և դատարանը նրանց 1/3-ին ազատ է արձակել: Ավելին, կան քրեակատարողական հիմնարկներ, դիցուք «Աբովյան» կանանց ՔԿՀ-ն, որոնց դատապարտյալների համար ներկայացված միջնորդությունների 2/3-րդը բավարարվել է: Երևի մենք հիմա ամենաքիչ կին դատապարտյալներն ունենք:
Մենք նաև նախատեսում ենք այս ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնել և աստիճանաբար մեղմացնել դատապարտյալների պատիժը կրելու ռեժիմը ու դրա համար նաև չափանիշներ սահմանել, թե ինչպիսի վարքագիծ դրսևորելու պայմաններում նրանք կկարողանան աստիճանաբար իրենց ռեժիմները փոխել, ընդհուպ՝ բաց ռեժիմ: Եվ դա տարածվելու է ինչպես ցմահ դատապարտյալների նատմամբ, այնպես էլ ծանր ու առանձնապես ծանր հանցագործություն կատարածների նկատմամբ: Մինչև այժմ եղել է արգելք. նրանք, բացի խիստ ռեժիմից, այլ ռեժիմում չէին արող կրել իրենց պատիժը: Մենք հանդես ենք եկել օրենսդրական նախաձեռնությամբ, առաջիկայում Ազգային ժողովն այն կքննարկի, և, հուսով եմ, կընդունի, ու մենք կկարողնանք այս գործիքն օգտագործել՝ նրանց վարքագիծը համապատասխանեցնելու իրավաչափ քաղաքացու վարքագծին:
-Դուք նշեցիք անցումային արդարադատության մասին և այժմ էլ քննարկվում է անցումային արդարադատություն իրականացնելու հարցը: Հետաքրքրական են անցումային արդարադատության հատկապես այն մեխանիզմները, որոնք վերաբերում են պաշտոնյաների զտմանը կամ վեթթինգին, ինչպես նաև լյուստարացիային: Ի՞նչ կարծիք ունեք դրանց մասին, ինչպե՞ս պետք է իրականացվեն:
-Դեռևս անցումային արդարադատությունը կոնցեպցիայի մշակման փուլում է գտնվում, և այս փուլում ես կարող եմ միայն հայտարարել հետևյալը, որ այն լինելու է Սահամանդրությանը համապատասխան, պահպանելու է մարդու բնական իրավունքները և չի հակասելու Հայաստանի միջազգայնորեն ստանձնած կոնվենցիոն պարտավորություններին: Լինելու է բացառապես այս համատեքստում, և չեն լինելու օրենքներ, որոնք հակասեն կոնվենցիաներին, Սահմանադրությանը և բնական իրավունքներին: Եթե, այնուամենայնիվ, պարունակեն այդպիսի դրույթներ, ապա Հայաստանում գործում է նաև սահմանադրական վերահսողության ինստիտուտը, և անձիք կարող են դնել և վիճարկել դրանց սահմանադրականությունը՝ միջազգային իրավունքների սկզբունքներին հակասելու հիմքով, և մենք խրախուսում ենք, որպեսզի մարդիկ շատ ակտիվ լինեն սահմանադրական դատարան դիմելու հարցում. և՛ ուղղակի քաղաքացիները, և՛ կողմերը, և՛ դատարանները: Ի վերջո, ճշմարտությունը բացահայտվում է բանավեճի մեջ, իսկ սահմանադրական դատարանում տեղի է ունենում ակադեմիական, գիտական և գործնական բանավեճ, ինչը չափազանց կարևոր է Հայաստանի իրավական համակարգի համար:
-Ձևակերպումս միգուցե իրավական չլինի, բայց պաշտոնյաներն արդյո՞ք որևէ վախենալու բան ունեն անցումային արդարադատությունից: Ի՞նչ կսպառնա նրանց այս դեպքում:
-Կարծում եմ վախենալու բան ունեն անցումային արդարադատությունից բոլոր նրանք, ովքեր անօրինականություններ են թույլ տվել, եթե կա անօրինականություն, ապա այն պետք է լուծվի:
–Անցումային արդարադատության մեխանիզմներից մեկն էլ դեկապիտալիզացիան է: Ինչպե՞ս եք պատկերացնում, արդյո՞ք հնարավոր է այս փուլում Հայստանում կիրառել այս մեխանիզմը, եթե այո՝ ինչպե՞ս:
-Եթե կլինի օրենք կամ օրենքներում կլինեն փոփոխություններ, ապա դրանք կարող են դարձյալ կիրառվել Սահմանադրության, կոնվենցիաներիի դրույթների պահպանմամբ: Անմեղության կանխավարկածը գործելու է, արդար դատաքննության իրավունքի բոլոր ատրիբուտները գործելու են, և այս ամենի պահպանմամբ կարող է դա իրականացվել: Անցումային արդարադատության նպատակը լինելու է շղթայի փակումը, ավարտումն այս դարաշրջանի, որպեսզի հաջորդ իշխանությունները խնդիր չունենան նոր օղակ ավելացնելու այս շղթային: Սա հասարակությունում հաշտության նպատակ է հետապնդելու: Այն, ինչ տեղի է ունեցել և եթե ապօրինի հարստացած անձինք, ապա այդ գումարները, ապօրինի ձեռք բերված հարստությունները օրենքով սահմանված կարգով կարող են, հնարավոր է վերադարձվեն ժողովրդին, պետական բյուջե:
-Պարոն Զեյնալյան, Դուք, որպես արդարադատության նախարար, այս ժամանակահատվածում հասցրե՞լ եք կատարել այն բարեփոխումները, որոնք պլանավորել էիք:
-Բարեփոխումներ իրականացրել եմ, անշուշտ, սակայն ժամանակը կարճ է, որպիսի իմ պլանավորած բոլոր բարեփոխումները հասցնեմ իրականացնել, և, ի վերջո, ես երբեք չեմ հասցնելու իրականացնել այն ողջ բարեփոխումները, որոնք մտածում եմ և երևակայում եմ, որովհետև դրանք շատ ու շատ առաջ են, քան իրականության մեջ կարողանում ենք դրանք ներդնել: Մշատպես մենք ունենք նոր գաղափարներ և պետք է կարողանանք հասնել դրանց, բայց դրանք անհասանելի են լինելու, որովհետև դրանք մշտապես գեներացվում են, ծնվում են: Այնպիսի բարեփոխումներից կարող եմ նշել հետևյալը, որ arlis.am իրավական, տեղեկատվական, փնտրողական համակարգում ողջ իրավական փաստաթղթերի հետ մասին հրապարակվում Եվրոպական դատարանի բոլոր վճիռները, որոնք կայացվել են Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ և դրանք փնտրման համակարգում արդեն ընդգրկված են, և որևէ իրավական բառակապացություն կամ խնդրի լուծում փնտրելուց պետական պաշտոնատար անձը, իրավակիրառողը կամ ցանկացած մեկը նաև գտնում է այդ դատական ակտերում տրված իրավական դիրքորոշումները. և, բնականաբար, կաշկանդված է այդ դիրքորոշումներով, այդ իրավունքի աղբյուրով, որպես անմիջականորեն գործող իրավունք:
Քրեակատարողական հիմնարկները բեռնաթափվել են: Չկա այլևս նախկին ծանրաբեռնվածությունը: Յուրաքանչյուր մահճակալ ունի իր բնակիչը, իր տերը և ստիպված չեն նույն մահճակալի վրա հերթով քնել: Սննդի հարցն է լուծվել: Խտրականության շատ կոպիտ դրսևորումներ են վերցավել, և այդ հիերարխիան համակարգում փլուզվում է. նպաստել ենք, միջոցներ են ձեռնարկել դա թուլացնելու ուղղությամբ: Ներսում գումարների հավաքագրումը, շրջանառությունը վերացվել է: Ես հանդես եմ եկել ամփոփիչ հաշվետվությամբ, որի տպագիր տարբերակը 55 էջ էր:
Արտակ Զեյնալյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու
-Դուք Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, որպես քաղաքապետի թեկնածու, բավականին շատ էիք շփվում քաղաքացիների հետ, եղան օրեր, երբ Դուք երթուղային տաքսիով տուն գնացիք: Ի՞նչ է տալիս նմանատիպ շփումը Ձեզ, ի՞նչ հետևություններ արեցիք և, առհասարակ, ի՞նչ է տալիս նմանատիպ շփումը պաշտոնյաներին:
– Ես ինձ շատ ավելի ազատ ու լավ եմ զգում ժողովրդի մեջ և, կարծում եմ, որ Հայաստանում ամենաբարձր պաշտոնը ազատ քաղաքացին է: Ես ինձ ավելի շատ տեսնում եմ այնտեղ, ծառայությունը ավարտելուց հետո անշուշտ վերադառնալու եմ այնտեղ: Ինձ հաճելի է լինել սովորական մարդկանցից մեկը: Նախանձում եմ այն ազատություններին, որոնք ունեն քաղաքացիները:
– Ինչո՞վ եք Դուք կաշկանդված այս պարագայում:
– Կաշկանդված եմ այն լեգիտիմ, օրինական սահմանափակումներով, որոնք դրված են պետական պաշտոնյայի վրա:
– Պարոն Զեյնալյան, արդյո՞ք հիասթափություններ չեք ունենում, քանի որ երկու ընտրություններ տեղի ունեցան, թե Երևանի քաղաքապետինը, թե Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Մի դեպքում Դուք չդարձաք քաղաքապետ, իսկ մյուս դեպքում ձեր քաղաքական ուժը չկարողացավ հաղթահարել սահմանված անցողիկ շեմը՝ Ազգային ժողովում հայտնվելու համար: Ինչպե՞ս եք հաղթահարում նման հիասթափությունները, շարունակում Ձեր քաղաքական գործունեությունը:
-Հիասթափություն այդ ընտրություների ժամանակ չեմ ունեցել, դրանք օրինական ընտրություններ էին, դրանք արդար ընտրություններ էին ու համապատասխանում էին չափանիշներին, իսկ այդ մրցապայքարում հաղթանակի չհասնելը շատ սովորական է, բնական է, և այդտեղ չկա այնպիսի հակամարտություն, ինչպիսին եղել է նախկինում, երբ դու անարդարացի ես համարում քո պարտությունը կամ չհաղթելը: Ի վերջո, ընտրություններում պիտի արդեն մասնակիցները չընկալեն «հաղթանակ», «պարտություն»: Դա պրոցես է, պայքար է իշխանության համար կամ քաղաքական պաշտոններ զբաղեցնելու համար: Եվ եթե չես անցնում ծառայության, դու լինում ես ամենաբարձր պաշտոնի տերը՝ քաղաքացի:
Արտակ Զեյնալյանը՝ ռազմաճակատում
-Երևանի քաղաքապետի նախընտրական փուլում Ձեզ ճանաչեցինք ոչ միայն որպես քաղաքական գործիչ, ոչ միայն որպես իրավաբան, այլ ուղղակի որպես անձ: Ձեր որդին արդեն ծնվել էր, երբ ռազմաճակատ մեկնեցիք: Ինչպե՞ս կայացրեցիք այս որոշումը, ինչպե՞ս ընդունեց ընտանիքը:
-Արցախյան ազատամարտին կամ հայրենիքի սահմանների պաշտպանությա՞ն հարցն ինչպես ընդունեց իմ ընտանիքը:
-Դուք շատ երիտասարդ էիք:
– Բնականաբար, նաև կար մտահոգություն, բայց դա անհրաժեշտություն էր: Ես դաստիարակվել եմ այդ ընտանքիում, ինքս նաև դաստիարակել եմ ընտանիքիս անդամներին՝ փոխադարձ ազդեցությամբ, և դա օրինաչափ էր: Եթե ոչ ես, ապա ո՞վ: Եթե չգնացիր սահմանում պաշտպանելու երկիրդ, այդ վտանգը գալու է քո տուն: Բնական է, պետք է մեկնեի պաշտպանելու հայրենիքը:
-Ի՞նչ սովորեցիք պատերազմում:
-Երևի թե կյանքի արագացված կուրսեր անցա: Ձեռք բերեցի ընկերներ, տվեցի ամեն ինչ, ստացա հպարտություն, ինչպես ասել է սպարապետ Վազգեն Սարգսյանը:
-Դուք մասնագիտությամբ նաև բժիշկ եք, և Վազգեն Սարգսյանը Ձեզ առաջարկություն էր արել, որպեսզի Դուք պաշտոն զբաղեցնեիք առողջապահության նախարարությունում: Եթե չեմ սխալվում, դա մեկ անգամ չի եղել և Դուք համաձայնեցիք ու դարձաք առողջապահության նախարարի տեղակալ: Ինչու՞ համաձայնեցիք:
–Իմ առջև դրվեց խնդիր և այդ անգամ, կարելի է ասել, իմ համաձայնությունն ուղղակի չհարցրեցիին, ես զորակոչվեցի: Ես այլընտրանք չունեի, ուղղակի ասվեց, որ ինձ չեն հարցնում, ինձ զորակոչում են այդ ծառայությանը: Անհրաժեշտություն կար, որպեսզի պատերազմ անցած և հարգանք, ճանաչում վայելող պաշտպանության նախարարություններում և այլ ուժային նախարարություններում անձը լիներ առողջապահության նախարարությունում և համակարգեր այդ ուժային ծառայությունների գործունեությունը:
-Կպատմե՞ք Ձեր և Վազգեն Սարգսյանի ծանոթության, ընկերության, հետո նաև քաղաքական կյանքում մեկ ուղով շարունակելու քայլերի մասին:
-Վազգենի հետ էպիզոդներով եմ առընչվել, շատ բազմազբաղ էր: Մենք յուրաքանչյուրս մեր առաջադրանքները, գործառույթներն ունեինք, բայց պետք է ասեմ, որ ֆենոմենալ հիշողություն ուներ: Այդ շփումների յուրաքանչյուր դրվագ հիշում էր, և մեր շփումների վերաբերյալ ես նաև իմացել եմ ուրիշներից, որոնց Վազգեն Սարգսյանը պատմել է: Գիտեք, հրապարակախոս էր, գրող էր, և երևույթները յուրովի էր ընկալում, յուրովի էր կարողանում գրառել իր հիշողությունների մեջ, որոնք կարողանում էր պատմել: Կողմնակի անձանից, տարբեր-տարբեր անձանցից լսել եմ մեր հարաբերությունների վերաբերյալ դրվագներ, որ Վազգեն Սարգսյանն է պատմել մեր շփումների վերաբերյալ: Թեև քիչ էինք շփում, բայց իմ մասին նա գիտեր այդ շփումներից ու իր հիշողության մեջ տեղ ուներ: Եվ ոչ միայն իմ մասին էր հիշում, նա գիտեր մարդկանց մասին, ընտանիքների մասին, հարաբերությունների մասին, առողջական վիճակի մասին, շատ լավ հիշողություն ուներ և բոլորի հետ հանդիպելուց խոսում էր դրանց մասին: Ցավոք, շատ չեմ շփվել Վազգենի հետ:
-Պարոն Զեյնալյան, պատերազմական տարիներին ի՞նչ վախեր եք ունեցել:
-Վախեցել եմ ընկերներիս կորցնել, վախեցել եմ չկարողանալ կատարել մարտական առաջադրանքը:
-Ձեր բժիշկ լինե՞լն էր, որ օգնեց պատերազմի ժամանակ վիրավորվելու պահին այդպես արագ կապել վերքի լարանը, ի՞նչն էր, որ օգնեց Ձեզ այդքան արագ ու ճիշտ կողմնորոշվել այդ պահին:
-Բժշկական կրթությունը, բնականաբար, և, հավանաբար, իրատեսական գնահատելն իրավիճակը: Դրանց համադրությունը՝ բժշկական գիտելիքները և էստրեմալ իրավիճակը:
Արտակ Զեյնալյանի ընտանիքը
-Մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքից, ինչպե՞ս են վերաբերում Ձեր քաղաքական գործունեությանը, տանը հաճախ չլինելուն:
-Բնականաբար, կարոտում են, զրկված եմ ես իրենցից, իրենք էլ զրկված են ինձնից, շատ եմ բացակայում տանից, լավ չեն վերաբերվում առանձնապես: Իհարկե, ըմբռնումով են մոտենում, և բոլորս երազում ենք՝ երբ ենք ունենալու արձակուրդ՝ միասին ժամանակ անցկացնելու համար:
–Այս հագեցած տարվանից հետո ինչպե՞ս եք պատրատվում նշել Ամանորը:
-Պատրաստվում եմ նշել Երևանում, պատրաստվում եմ այցելել իմ հարազատներին՝ իրենց օջախներում և ընդունել իրենց՝ իմ օջախում: Շատ կարևորում եմ այս հարաբերությունները, որովհետև հաճախ չէ, որ կարողանում ենք տարվա ընթացքում այցելել իրենց բնակարան, տեսնել, թե ինչպես են ապրում, ապրել նրանց կյանքով, դարձնել մեր ինքնության բաղկացուցիչ մասը: Եվ այս Ամանորը դրանով կարևորում եմ:
Մենք գույքագրում ենք, զրոյացնում ենք իրավիճակը և նոր տարի ենք սկսում ապրել:
Սիրում եմ այցելել հարազատներիս, առնել կարոտս, նաև ընդունել տանը, ուրախանալ նրանցով, նրանց գոյությամբ ու նրանց հետ ունեցած հարաբերություններով:
-Նվերներ հասցրե՞լ եք գնել:
-Ոչ, նվերներ չեմ հասցրել գնել: Ժամանակ չի եղել: Ես կապավինեմ տիկնոջս, նա կգնի:
-Տնային հարցերում ինչ-որ կերպ հասցնու՞մ եք, հնարավորություն կամ գոնե ցանկությունում ունենու՞մ եք օգնել ընտանիքի անդամներին, կնոջը:
–Իհարկե, անշուշտ: Երբեմն ինքս եմ ինչ-որ ուտելու բան պատրաստում, ուղղակի հաճույքի համար: Կան բաներ, որոնք ես եմ լավագույնը պատրաստում, երեխաները դա են սիրում: Տնային գործեր, բնականաբար, անում եմ՝ սպասարկման տարբեր էլեկտրական սարքերի, վերանորոգումների, ջրի, խողովակաշարերի, պատուհանների, տարբեր սարքավորումների հետ կապված վերանորոգումներ ես եմ իրականացնում և ոչ մեկին չեմ վստահում: Լավագույնը ես եմ անում, ու՞մ վստահեմ:
-Կարծում եմ փոքր բացահայտում էր, որ Արտակ Զեյնալյանը խոհանոցում իրեն կարողանում է դրսևորել: Ի՞նչ եք պատրաստում, պարոն Զեյնալյան: Ունե՞ք Ձեր անձնական բաղադրատոմսերը:
-Կարող եմ պատրաստել գառան թիակ՝ կիտրոնի և կիվիի սոուսով: Հիմա բաղադրատոմսեր շատ կան, կարելի է դրանք համացանցից ձեռք բերել, դրանց պատրաստման ձևերն առանձնապես մեծ բարդություն չեն ներկայացնում, ինքս բաղադրատոմսեր չեմ մոգում, եղած բաղադրատոմսերով պատրաստում եմ:
-Դուք նշեցիք, որ աջակից եք լինում տանը, արդյո՞ք ընտանիքի անդամները, Ձեր կինը ևս աջակից է լինում Ձեզ պաշտոնում:
-Իհարկե, նա իմ ունկնդիրն է, առաջին խորհրդատուներից, բնականաբար, այնքանով, որքանով դա թույլատրելի է, և անպայման ինքն ինձ ոգևորում և քաջալերում է:
-Ընտանիքի անդամները Ձեզ շա՞տ են քննադատություններ ուղղում այս կամ այն հարցի, հարցազրույցի, որոշման հետ կապված:
-Ես անպայման նրանց հետ քննարկում եմ, և ինձ հետաքրքիր է նրանց տեսակետը, կարծիքը, անպայման դիտարկում եմ և խրախուսական կամ գովեստի խոսքեր լսելու փոխարեն ինձ ավելի օգտակար է լսել դիտողություններ և առաջարկություններ:
– Պարոն Զեյնալյան, Ձեր թոռնիկին վերջին անգամ ե՞րբ եք տեսել, ի՞նչ հաճախականությամբ եք հասցնում շփվել:
-Երկու օր առաջ եմ տեսել թոռնիկիս, միասին մեր գերդաստանի «տիեզերական հավաքին» էինք:
-Իր համար առանձնահատուկ նվեր կունենա՞ք:
-Հատուկ թոռնիկիս համար կփորձեմ ինքս նվեր ձեռք բերել և չթողնել ոչ մեկին:
-Երկա՞ր եք մնում աշխատավայրում:
-Մինչև կինս չի զանգում սպառնում, որ կամուսնալուծվի:
-Ի՞նչ կխնդրեք Ձմեռ պապիկից այս տարի՝ անձնապես ձեզ համար և Հայաստանի համար:
– Անձնապես ինձ համար կխնդրեմ, որպեսզի հարազատներս, ընտանիքիս անդամները լինեն առողջ, լինեն հաջողակ, իսկ Հայաստանի համար կխնդրեմ, որպեսզի ավելի հաջողակ լինենք, ավելի շատ ձեռքբերումներ ունենանք: Հայաստանի համար կխնդրեմ, որպեսզի լինի խաղաղություն, ավարտվի հակամարտությունը, ինչքան շուտ ավարտվի, այնքան լավ: Կարողանանք զարգանալ, հոգևոր հարստություն ձեռք բերել և ոչ միայն, նաև նյութական, որպեսզի կարողանանք այն փոխակերպել հոգևորի, ոչ նյութականի:
– Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2019 թ-ից և որո՞նք կլինեն Ձեր առաջին քայլերը:
-2019 թվականից ակնկալում եմ, որպեսզի իմ ընտանիքի անդամներն իրենց ոլորտներում ունենան առաջընթաց, ձեռքբերումներ և հարցրեցիք՝ ի՞նչ կանեմ ես 2019-ին. կշարունակեմ ապրել այնպես, ինչպես ապրել եմ՝ ոչ պակաս հագեցվածությամբ և ոչ պակաս արկածներով:
Ալիսա Չիլինգարյան
Տեսանյութը՝ Յուրա Զոհրաբյանի