Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը Իրավաբան.net-ին պատմել է իր տարվա ձեռքբերումների, տարվա ընթացքում հանդիպած զավեշտալի դեպքերի և Ձմեռ պապիկից խնդրած նվերի մասին:
-2018 թվականը ի՞նչ փոխեց Ձեր կյանքում և հայաստանյան իրականությունում: Արդյո՞ք հաջողված տարի էր այն:
-Կարծում եմ՝ 2018-ը հագեցած ու բեղմնավոր տարի էր։ Այս տարին կարևորվեց մասնագիտական ձեռքբերումներով․ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հնարավոր եղավ մի շարք նախաձեռնություններ իրականացնել և խթանել դատարանի աշխատանքի որակական բարելավումը։ Այս տարի դատարանը հաջողեց դատական պրակտիկայի ամփոփմանն ու միասնականացմանն ուղղված զգալի աշխատանք կատարել, ինչը նպաստեց արդարադատության իրականացումը առավելագույնս արդյունավետ դարձնելուն։
Անշուշտ, այս տարին աչքի ընկավ ներքաղաքական իրադարձություններով, որոնք բեկումնային էին հայ իրականության մեջ։
-Այդ տարվա հատկապես ո՞ր դատական գործերը կամ դատական ակտերը կառանձնացնեք և ինչու՞:
-Կառանձնացնեմ այն դատական գործերը, որոնց վերաբերյալ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորները ունեցել են հատուկ կարծիքներ։ 2009 թվականից մինչ 2018 թվականը վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորները ունեցել են թվով վեց հատուկ կարծիք, մինչդեռ 2018 թվականին դրանց թիվը հասել է 14-ի:
Հատուկ կարծիքների քանակը դատավորների ազատ և անկախ գործելու ցուցիչ է: Այն հնարավորություն է տալիս դատավորին կոլեգիալ կազմով գործերի քննություն իրականացնելիս արտահայտել գործի փաստերի հետազոտման արդյունքում ներքին համոզմամբ կատարած եզրահանգումները, նպաստել իրավունքի զարգացմանը:
-Այս տարի թերևս ամենաշատը հնչած բառերից մեկը կոռուպցիան է և դրա դեմ պայքարը: Արդյո՞ք կոռուպցիայի դեմ իսկապես պայքար կար և ինչպե՞ս էր արտահայտվում:
-Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ բավարար օրենսդրական հիմքեր էին ստեղծվել, և 2018 թվականը պետք է տարբերվեր դրանց իրագործմամբ, հետևաբար, ժամանակի հրամայականն է կոռուպցիայի դեմ պայքարը և հասարակության մոտ այդ արատի նկատմամբ անհանդուրժող մտածելակերպի ձևավորումը դնել գործնական մակարդակի վրա և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնել:
Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող և վերջինիս կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակներում նախաձեռնվել է հանրության շրջանում իրենց իրավունքների իրազեկվածության բարձրացման ուղղված միջոցառումների շարք, որի շրջանակներում Վերաքննիչ քաղաքացիական դատարանը միացավ կոռուպցիայի բացասական հետևանքների վերաբերյալ կոչեր պարունակող նյութերի տարածմանը և այդ նյութերը տարածվեցին հենց դատարանի շենքում՝ դատական դահլիճներին հարակից տարածքից։ Սրանով փորձ արվեց ևս մեկ անգամ դատապարտելու կոռուպցիոն դրսևորումները և նպաստելու այն անհանդուրժող մտածելակերպի ձևավորմանը հասարակությունում, հատկապես դատարան դիմած անձանց շրջանակում:
-Քննարկվում է անցումային արդարադատություն իրականացնելու հարցը: Հետաքրքրական է հատկապես պետական և քաղաքական գործիչների զտման կամ վեթթինգի և լյուստարացիայի մեխանիզմները: Ի՞նչ կարծիք ունեք դրա մասին:
-Անցումային արդարադատության, ըստ իս, խիստ բացառիկ ինստիտուտի կիրառումը ծանրակշիռ հիմնավորումների կարիք ունի: Ներդրումից առաջ անհրաժեշտ է պատասխանել այն հարցին, թե ինչու հնարավոր չէ ակնկալվող արդյունքին հասնել օրենսդրական առկա գործիքակազմով կամ այլընտրանքային այլ եղանակներով (վերապատրաստումներ, հանրային ընկալումների ուղղությամբ տարվող աշխատանքներ և այլն):
Լյուստրացիայի և վեթթինգի կիրառումը քաղաքական-իրավական բարեփոխումների թերևս ամենախնդրահարույց մեխանիզմներից են: Այն նպատակները, որոնց հասնելու համար կիրառվում են դրանք, արդարացնում են լյուստրացիայի և վեթթինգի ինչ-որ առումով կոշտ կառուցակարգերը և գործադրվող միջոցները, սակայն պետք է հաշվի առնել, որ «նպատակը արդարացնում է միջոցները» սկզբունքով անվերապահորեն առաջնորդվելու դեպքում մենք կարող ենք բախվել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների չարդարացված խախտումների:
Նման գործիքակազմերի նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը գնահատելիս ուսանելի կլինի հատկապես այլ պետությունների փորձը, որտեղ կիրառվել են դրանք: Մասնավորապես կարելի է լսել միջազգային կառույցների կարծիքը Ուկրաինայում կիրառված գործիքակազմի մասին և գնահատել արդյոք այնտեղ ձևավորված Լյուստրացիոն կոմիտեն հասել է նախանշած նպատակներին, թե առավել շատ և առանձին դեպքերում անլուծելի խնդիրներ են ստեղծվել: Անհրաժեշտ է ուսումնասիրել լյուստրացիայի հետևանքով աշխատանքից ազատված դատավորների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները:
1990-ականների սկզբին` Խորհրդային Միությունից դուրս գալուց հետո, պատմաքաղաքական պայմանների թելադրանքով Հայաստանում արդեն իսկ իրականացվել է լյուստրացիա:
Ներկայումս մենք ունենք իրավական պետությանը հարիր բավարար լծակներ պետականաշինության գործընթացն արդյունավետ իրականացնելու համար:
Հատկանշական է, որ դատական իշխանությունում սերնդափոխությունը, սահմանադրական օրենքով ամրագրված ինքնամաքրման մեխանիզմները, ինչպես նաև դատավորների անփոփոխելիության սկզբունքը, որը ապահովված է սահմանադրական երաշխիքներով, մեծապես նպաստել են արդարադատության որակի բարձրացմանը և այստեղ առաջնային է դառնում «ի՞նչ ունենք», «ինչի՞ ենք ձգտում» և «արդյո՞ք ներդրվող գործիքակազմով հասնելու ենք մեր նպատակին» հարցերի պատասխանները:
-Ի՞նչ կխնդրեք Ձմեռ պապիկից՝ Հայաստանում արդարադատության ոլորտի և անձնապես Ձեզ համար:
-Թող 2019-ին Հայաստանը բազմապատկի այն հաջողություններն ու ձեռքբերումները, որ գրանցել է արդարադատության ոլորտում: Ցանկանում եմ, որ ոգևորությունը և լավատեսությունը, եռանդը, պատասխանատվության խորը զգացումը, արդարամտությունը չպակասի գալիք տարում:
Բարօրություն, առողջություն, սեր և վաղվա օրվա նկատմամբ վստահություն եմ մաղթում բոլորիս:
-Ամանորի տոնական օրերն այս տարի չկրճատվեցին: Արդյո՞ք ճիշտ վարվեց նոր կառավարությունը տոնական 3 օր սահմանելու նախագիծը մերժելով:
-Կարծում եմ` որևէ հարցի վերաբերյալ ողջամիտ տեսակետ ունենալու համար անհրաժեշտ է ծանոթ լինել փաստական հիմքերին: Ծանոթ չեմ այն փաստերին, որոնց հիման վրա կայացվել է որոշումը, ուստի ձեռնպահ կմնամ Կառավարության այս քայլի վերաբերյալ կարծիք արտահայտելուց: Դատարանի բնականոն գործունեության վրա այն չունի որևէ էական ազդեցություն:
-Այս օրերին փորձում եք օգնել Ձեր կնոջը՝ տնային գործերում, թե՞ դրանք միայն կնոջ գործն են:
-Իհարկե, փորձեր կատարվում են, բայց խոհանոցային գործերում ես վատ օգնական եմ: Իմ օգտակար լինելը սահմանափակվում է ուժային միջամտության հարցերով օգնություն ցուցաբերելով և խոհանոցային գործերին չխառնվելով:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2019-ից:
-Հայաստանը պետականաշինության մի նոր փուլ է թևակոխել, երբ նախանշվում է մեծածավալ աշխատանքներ իրականացնել պետական կառավարման ժողովրդավարացման և հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Լիահույս եմ, որ 2019-ին մենք կունենաք ձեռքբերումներ` ի շահ Հայաստանի և ի բարօրություն մեր ժողովրդի: