Հիմնադրվեց հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող կոալիցիան՝ բաղկացած 33 ՔՀԿ-ից

Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրականացվող «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագրի շրջանակներում ձևավորված Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի հիմնադիր ժողովը:

Մասնակցում էին կոալիցիային անդամակցած 33 կազմակերպության ներկայացուցիչները:

Կոալիցիայի նպատակն է նպաստել Հայաստանում ներառական կրթության կայացմանը և հաշմանդամություն ունեցող երեխաների շահերի պաշտպանությանը՝ մեծացնելով ՔՀԿ-ների ազդեցությունը այս ոլորտի հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում:

«Հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությունը, ներառական կրթության ապահովման խնդիրների լուծումը Հայաստանում պետք է իրականացնել համակարգային և ոչ դրվագային լուծումների միջոցով: Ձեզանից յուրաքանյուրն ամեն օր այս ոլորտում իրականացնում է դաշտային աշխատանքներ և շատ լավ գիտի առկա խնդիրները: Եվ այս առումով շատ կարևոր է, որ խնդիրների փունջը դուք վեր հանեք, խնդիրները դարձնեք հանրային քաղաքականություններ և փորձեք լուծումներ տալ՝ նաև մշտադիտարկման տակ պահելով կառավարության ծրագրերը»,- ասաց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանը ընդգծեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաների պաշտպանության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծման և համակարգային փոփոխությունների հասնելու համար այսօր ներկա քաղաքացիական հասարակության կազմակերպությունները միավորում են իրենց ջանքերը՝ ի նպաստ ներառական կրթության կայացմանը Հայաստանում:

«Մենք միասին ցանկանում ենք կոալիցիայի միջոցով նպաստել մեր երկրում կառավարության կողմից իրականացվող ներառական կրթության բարեփոխումների նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև մարզային ՔՀԿ-ների, կառավարության, այլ պետական մարմինների միջև համագործակցությանն ձևավորմանն ու զարգացմանը՝ մեծացնելով հանրային քաղաքականությունների մշակման գործընթացներում ՔՀԿ-ների դերն ու մասնակցությունը,- ասաց նա::

Այնուհետև Նաիրա Առաքելյանի կողմից ներկայացվեց կոալիցիայի կանոնակարգը և հուշագիրը, կազմվեց խորհուրդը և քննարկվեցին հետագա համատեղ գործողությունները:

Կոալիցիայի կողմերը համաձայնեցին համագործակցել հետևյալ ուղղություններով՝ իրականացնել հանրային վերահսկողության ծրագրեր ներառական կրթություն իրականացնող կենտրոններում, վեր հանել առկա խնդիրները, հանրայնացնել արդյունքները և դրանց վրա կենտրոնացնել պետական մարմինների ուշադրությունը, զարգացնել ՔՀԿ-Կառավարություն համագործակցության հարթակը` Հայաստանում սոցիալական ներառման, աջակցության և համագործակցության հայեցակարգի մշակման և ներդրման շուրջ, իրականացնել ծրագրեր ուղղված հասարակության իրազեկվածության բարձրացմանը ներառական կրթության գործընթացների վերաբերյալ, զարգացնել կոալիցիայի անդամ կազմակերպությունների միջև համագործակցությունը, համագործակցել ոլորտի շահագրգիռ տեղական և միջազգային կազմակերպությունների հետ և այլն:

նշենք, որ կոալիցիայի հիմնադիր անդամները՝ «Արմավիրի զարգացման կենտրոն», «Մարտու կանանց համայնքային խորհուրդ», Վայոց Ձորի զարգացման «Հույս-98», «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները համատեղ իրականացնում են «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ենթադրամաշնորհային ծրագիրը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների և համայնքահեն աջակցության կենտրոնների կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների որակը և արդյունավետությունը՝ մեծացնելով ՔՀԿ-ների ազդեցությունը այս ոլորտների հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում:

 «Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել