Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ այսօր կոմիտեում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են «Հասարակական կազմակերպությունների մասին» և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագծերը:
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը, կարևորելով նման ձևաչափով հանդիպումները, ընդգծել է, որ ՊԵԿ-ը շտապողականություն չի դրսևորում: «Կոմիտեն վերահաստատում է պատրաստակամությունը՝ շարունակել աշխատանքային քննարկումներն այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի սկզբունքային հարցերի շուրջ չկա կոնսենսուս, բայց դա, բնականաբար, պետք է լինի հիմնավորումների մակարդակով»,- շեշտել է ՊԵԿ նախագահի տեղակալը:
Քննարկման մասնակիցներն անդրադարձել են նախագծերում տեղ գտած հանրային միջոցների օգտագործման դեպքում տարընթերցումների վերացմանը, ինչպես նաև ՀԿ-ների և հիմնադրամների հանրային հաշվետվողականության չափանիշներին։
Հանդիպման արդյունքում որոշվել է փոփոխություն կատարել ՊԵԿ նախագահի` 2018 թվականի փետրվարի 13-ի թիվ 59-Ն հրամանում` այն համապատասխանեցնելով օրենքին, ինչպես նաև ստեղծել աշխատանքային խումբ` «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծով նախատեսված հաշվետվողականության ընդլայնման չափանիշները մշակելու համար: Աշխատանքային խմբի կողմից մշակվող նախագծերով լրացնել և փոփոխել «Հասարակական կազմակերպությունների» և «Հիմնադրամների» մասին ՀՀ օրենքներում առկա այն կարգավորումները, որոնք խնդրահարույց են իրավական որոշակիության առումով:
Նշենք, որ նոյեմբերի 9-ին այս օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում-սեմինար էր կազմակերպվել Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում:
Միջոցառման արդյունքում ՊԵԿ-ը ստանձնել էր հանձնառություն՝ ՔՀԿ-ների հետ վերամշակել «ՀԿ-ների մասին» և «Հիմնադրամների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ 102 հասարակական կազմակերպություն հիշյալ օրենքների վերաբերյալ դիմում-դիրքորոշում էին ներկայացրել ՊԵԿ նախագահին: