Տրանսպորտի նախարարությունը ոչ մի նոր բան չի առաջարկում. փաստաբանը՝ աջ ղեկով մեքենաների ներմուծման համար առաջարկած նոր տարբերակի մասին

Պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում տրանսպորտի նախարարությունը  հնարավոր է համարել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելը:

Նշված մաքսային ընթացակարգը հնարավորության է տալու աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, այստեղ մինչև 1 տարի ժամկետում իրականացնել ղեկի տեղափոխում, այնուհետև  մաքսազերծելուց հետո հաշվառել և ազատ շահագործել:

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ մեքենայի գնորդը կկարողանա այն շահագործել այդ մեկ տարվա ընթացքում, սակայն չի կարողանա գրանցել:

Ստեղծվում է մի իրավիճակ, որ գնորդը ունենում է չգրանցված և առանց սեփականության մեքենա, հետևաբար անձը չի կարողանալու նաև ԱՊՊԱ պայմանագիր կնքել:

«Մենք գիտենք, որ ԱՊՊԱ պայմանագիր կարող են ունենալ այն ավտոմեքենաները, որոնք ՀՀ-ում հաշվառված են, իսկ ԱՊՊԱ պայամանագիր չունենալու դեպքում օրենսդրական հետևանքներ կան, այսինքն՝ տուգանքներ են սահմանված: Օրինակ՝ եթե առանց ԱՊՊԱ պայամանգրի ավտոտրանսպորտային միջոցը ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով վարորդը վարելու է, ապա վարորդի համար նախատեսված տուգանք կա՝ 100 հազար դրամի չափով»,-նշում է փաստաբան Աշխեն Դաշյանը:

Ստացվում է, որ եթե մեքենան գրանցված չէ և ԱՊՊԱ պայմանագիր չունի, ապա չի կարող նաև շահագործվել. «Մեքենայի գնորդը այն չի կարող նաև գրավ դնել, վաճառել, այսինքն, չի կարող որոշել գույքի ճակատագիրը»:

Ղեկը փոխելու համար 1 տարի ժամանակ է տրվում և այդ ծախսերը իրականացնելու է գնորդը:

«Սակայն  ես կարծում եմ, որ սեփականատերը չպետք է ծախսեր կատարի և պարտավորվի ղեկը փոխել: Կան ավտոմեքենաներ, որոնք գործարանային աջ ղեկով են և փոխելու դեպքում խնդիրներ կարող են առաջանալ: Ղեկը փոխելու համար մասնագետներ են պետք և արդյո՞ք փոխելու դեպքում խնդիր չենք ունենա անվտանգության հետ կապված, ո՞վ կարող է երաշխիք տալ»,-նշում է փաստաբանը:

Աշխեն Դաշյանի խոսքով՝ այս փոփոխությունը փոքր դրական քայլ է: Ճիշտ է, այն հնարավորություն է ընձեռում մատչելի տարբերակով ձեռք բերել մեքենա, գատնիք չէ, որ աջ ղեկով մեքենաները ավելի մատչելի են, բայց լուրջ խնդիրներ են առաջանում:

«Մենք նորից ղեկը կրելու ծախս ենք ունենում, մեքենան չի գրանցվում: Այսինքն, մինչև այս էլ կարող էր մեքենայի գնորդը դրսում ղեկը փոխել և մաքսազերծել, այնուհետև բերել Հայաստան: Ի՞նչ փոխվեց»,-նշում է փաստաբանը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել