Հովիկ Աբրահամյանի, Վաչագան Ղազարյանի և Լյովա Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը դեռ նախաքննության փուլում են

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող պաշտոնատար հայտնի անձանց առնչվող մի շարք քրեական գործեր դեռևս նախաքննության փուլում են։ Խոսքը մասնավորապես վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր և նրա զավականների, թիկնազորի նախկին պետի գործերին:

Այս գործերով դեռևս հանրությանը տեղեկացնելու արժանի նյութեր չկան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Իրավաբան․net-ի հետ զրույցում նշեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել «Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և 310-րդ հոդվածի հատկանիշներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին։

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը մեղադրվում է ապօրինի հարստանալու, ինչպեսև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով: Նրա նկատմամաբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, և շուրջ մեկ ամիս կալանքի տակ մնալուց հետո 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

ՀՔԾ-ից հայտնում են, որ Վաչագան Ղազարյանի և նրա ընտանիքին պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա կալանք է դրված։

Ապօրինի հարստացման և գույքը թաքցնելու համար մեղադրանք է առաջադրված նաև Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լյովա Սարգսյանին, նրա որդուն և դստերը։ 

Անի և Նարեկ Սարգսյանների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Դեռևս հուլիսի 6-ին, ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Լյովա Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը նույն օրը դատարանի որոշմամբ բավարարվել է: Լյովա Սարգսյանը հետախուզման մեջ է։

ՀՔԾ-ի փոխանցմամբ այս գործը ևս նախաքննության փուլում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել