Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի՝
1. Երեխային որդեգրելու համար անհրաժեշտ է`
1) ծնողների գրավոր հրաժարումը` երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից կամ
2) ծնողի գրավոր համաձայնությունը` երեխային որդեգրման տալու վերաբերյալ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում երեխա որդեգրելու համաձայնություն կարող է տրվել միայն այն դեպքում, երբ երեխան ունի միայն մեկ ծնող: Ծնողի գրավոր համաձայնության դեպքում երեխան կարող է որդեգրվել միայն խորթ հոր կամ խորթ մոր կամ մերձավոր ազգականների կողմից: Երեխա որդեգրելու համար համաձայնությունը կարող է տրվել միայն երեխայի ծնվելուց հետո:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում անչափահաս ծնողների երեխային որդեգրելիս անհրաժեշտ է նաև նրանց ծնողների կամ խնամակալների (հոգաբարձուների) համաձայնությունը, իսկ ծնողների կամ խնամակալի (հոգաբարձուի) բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությունը։
4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում որդեգրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
5. Երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից հրաժարումը կամ ծնողների՝ երեխային որդեգրման տալու վերաբերյալ գրավոր համաձայնությունն արտահայտվում է երեխայի ծնողների ներկայացրած դիմումով, որը կազմվում է բացառապես երեխայի գտնվելու վայրի կամ դրա անհնարինության դեպքում՝ ծնողների գտնվելու վայրի տարածքի սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի ներկայացուցչի ներկայությամբ, հաստատվում այն կազմակերպության ղեկավարի կողմից, որտեղ գտնվում է երեխան, կամ նոտարի կողմից, եթե դիմումը կազմվում է երեխայի խնամատար ընտանիքի, երեխայի խնամակալի (հոգաբարձուի) կամ ծնողների գտնվելու վայրում։
6. Դիմումի ձևը հաստատվում է կառավարության լիազորած մարմնի իրավական ակտով:
7. Ծնողները կարող են հետ վերցնել երեխային որդեգրելու համար իրենց տված գրավոր հրաժարումը կամ համաձայնությունը մինչև նրան որդեգրելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: