Պաշտպանական որոշման վերաբերյալ գործով դատական ակտ կայացնելը

ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգիրքը սահմանում է Պաշտպանական որոշման վերաբերյալ գործերով դատական ակտի կայացման առանձնահատկությունները:
Պաշտպանական որոշման կայացման վերաբերյալ գործերով հայցադիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1. հայցը բավարարելու և պաշտպանական որոշումը կայացնելու մասին.
2. հայցը մերժելու մասին.
3. հայցը մասնակի բավարարելու և հայցադիմումում նշված սահմանափակումներից մեկը կամ մի քանիսը կիրառելու մասին.
4. հայցը մասնակի բավարարելու և հայցադիմումում նշված սահմանափակումների փոխարեն այլ սահմանափակում (սահմանափակումներ) կիրառելու մասին:
Պաշտպանական որոշման մեջ նշվում է պաշտպանական որոշման կիրառման ժամկետը: Պաշտպանական որոշումը կարող է նախատեսել՝
1. ընտանիքում բռնության ենթարկվածի կամ նրա խնամքի տակ եղող անձանց ապաստարան տեղափոխելու անհրաժեշտությունը.
2. ընտանիքում բռնության ենթարկվածների բուժման ծախսերի իրականացում բռնություն գործադրած անձի կողմից:
Դատարանի կայացրած պաշտպանական որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Պաշտպանական որոշումն ուղարկվում է ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց, իսկ եթե հայցադիմումը ներկայացրել է ոչ ընտանիքում բռնության ենթարկված անձը, ապա նաև այն ներկայացրած անձին: Անհրաժեշտության դեպքում դատական ակտի պատճենները տրամադրվում են ոստիկանությանը և «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված լիազոր մարմնին և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը որոշման կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով: Եթե դատական ակտն առնչվում է անչափահաս կամ անգործունակ անձի շահերին, ապա այն ուղարկվում է նաև խնամակալության և հոգաբարձության մարմին:
Պաշտպանական որոշումը դրանում նշված ժամկետից շուտ կարող է վերացվել դատարանի կողմից` ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված կարգով կնքված հաշտության դեպքում: Ընտանիքում բռնության ենթարկված կամ բռնություն գործադրած անձը պաշտպանական որոշումը վերացնելու նպատակով դատարան է ներկայացնում դիմում և աջակցության կենտրոնի մասնակցությամբ կնքված հաշտության համաձայնությունը: Պաշտպանական որոշումը վերացնելու մասին որոշումը դատարանը կայացնում է առանց նիստ հրավիրելու:
Պաշտպանական որոշումը կարող է վերացվել նաև ընտանիքում բռնություն գործադրած անձի դիմումով, եթե ապացուցվում է, որ ընտանիքում բռնության ենթարկված անձը դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ է ձեռնարկում, որոնք ուղղված են ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից պաշտպանական որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել