Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազանգի գործով նրան տուժող ճանաչելու պահանջով

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած գաղտնալսված հեռախոսազրույցի վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել՝ պաշոնաթող նախագահին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ:

Այս մասին  Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

փաստաբան Հովհաննես Խուդոյան

Փաստաբանի խոսքով, դիմումի հիմք է հանդիսացել ձայնագրության բովանդակությունը․ «Քանի որ նշվում է, որ դատավորի հետ խոսել են և ասել՝ «ուզի-չուզի պիտի տա» դատավորը՝ անկախ նրանից հիմքերն ուժեղ են, թե ոչ։ Կասկած կա, որ իրականում հենց այդպես էլ կարող է եղել է, և եթե դա հաստատվի, կստացվի, որ անձի ազատությունը ոչ իրավաչափ կերպով սահմանափակվել է, իսկ դրան մասնակից են եղել պաշտոնատար անձիք»,-ասաց Խուդոյանը:

Մեր այն դիտարկմանը, որ երեկ՝ հոկտեմբերի 16-ին կառավարության արատահերթ նիստից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ձայնագրույթունը մոնտաժված է, իսկ ինքը «ուզի-չուզի պիտի տա» հայտնի արտահայտությունն արել է ոչ թե դատավորի, այլ՝ ՀՔԾ աշխատակից՝ Հրաչի մասին, ում ազգանունն այդպես էլ չհիշեց, Հովհաննես Խուդոյանը նշեց․ «Ձայնագրության բովանդակությունից պարզ հասկանալի է, որ այդ խոսակցության մասին չէ խոսքը, տարբեր ժամանակահատվածների խոսակցություններ են իրար կպցված։ Եթե նկատի ունի, որ տարբեր հարցեր ու պատասխաններ են մոնատժվել, որպեսզի իրականությանը չհամապատասխանող տեղեկություն ստացվեր, ապա կասկածի տակ կդնեմ, որովհետև առաջին հրապարակային ելույթների ժամանակ նման հայտարարություն չարվեց, եթե այդպիսի բան լիներ, ասուլիսի ժամանակ ասված կլիներ։ Հետո էլ՝ դա պետք է հատուկ փորձաքննությամբ հաստատվի, որն այս գործով նշանակված է կամ պետք է նշանակվի»,-ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել