Քաղաքացիական գործով նախնական դատական նիստում լուծման ենթակա հարցերի շրջանակը

ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում`

  1. պարզում է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը,
  2. պարզում է պատասխանողի առարկությունների փաստական և իրավական հիմքերը,
  3. պարզում է դատավարության մասնակիցների կազմը, լուծում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը,
  4. պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով,
  5. լուծում է ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու հարցը,
  6. պարզում է՝ հայցվորը պնդում է արդյոք իր պահանջները, պատասխանողն արդյոք ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է հայցվորի պահանջները, և գործին մասնակցող անձինք չեն ցանկանում արդյոք կնքել հաշտության համաձայնություն կամ վեճը լուծել հաշտարարության միջոցով՝ պարզաբանելով հաշտարարության էությունը,
  7. գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը,
  8. գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը,
  9. գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը,
  10. գործին մասնակցող անձանց հետ քննարկում և լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը,
  11. գործին մասնակցող անձանց միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ լուծում է հայցի ապահովման, հակընդդեմ ապահովման, ապացույց պահանջելու, ապացույց ապահովելու, փորձաքննություն նշանակելու, դատական նիստին վկա, փորձագետ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, գործին մասնակցող անձին հարցաքննելու, դատական հանձնարարություն տալու, ապացույցներն իրենց գտնվելու վայրում հետազոտելու վերաբերյալ հարցերը,
  12. որոշում է ապացույցների հետազոտման հաջորդականությունը,
  13. քննում է գործի արդյունավետ քննությանն ուղղված՝ գործին մասնակցող անձանց այլ միջնորդությունները, ինչպես նաև իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված՝ գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:

Վերը նշված դատավարական գործողությունները կատարելիս դատարանը ներկայացված ապացույցները հետազոտում է այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են գործի դատաքննության արդյունավետ նախապատրաստություն իրականացնելու համար:

Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված /պարզում է՝ հայցվորը պնդում է արդյոք իր պահանջները, պատասխանողն արդյոք ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է հայցվորի պահանջները, և գործին մասնակցող անձինք չեն ցանկանում արդյոք կնքել հաշտության համաձայնություն կամ վեճը լուծել հաշտարարության միջոցով՝ պարզաբանելով հաշտարարության էությունը/ դատավարական գործողությունները կատարելուց հետո դատարանը կարող է նշանակել մինչև չորս ժամ անվճար հաշտարարություն, եթե մեծ է վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել