Հաշտարարության գործընթացի նախաձեռնումը և կազմակերպումը

«Պրոբացիայի մասին» ՀՀ Օրենքը սահմանում է hաշտարարության գործընթացի նախաձեռնումը և կազմակերպումը:

Հաշտարարության գործընթաց նշանակելու իրավասություն ունեն դատարանը` դատական քննության փուլում, իսկ պրոբացիայի ծառայության ղեկավարը` սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ` ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման կամ հետպատժյա փուլում: Հաշտարարություն նշանակելու մասին դատական ակտն ստանալուց հետո պրոբացիայի ծառայության ղեկավարն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում հաշտարարություն և հաշտարար նշանակելու մասին և այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է կողմերին: Ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման կամ հետպատժյա փուլում կողմի միջնորդության դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է մյուս կողմին: Ծանուցմանը զուգահեռ պրոբացիայի ծառայողը կապ է հաստատում և հանդիպում հաշտարարություն նախաձեռնող կողմի հետ` ճշտելով նրա առաջարկները: Այնուհետև հանդիպում է մյուս կողմի հետ: Պրոբացիայի ծառայողը կողմերին բացատրում է հաշտարարության էությունը, նպատակը, առավելությունները, հետևանքները և անհրաժեշտ այլ պայմանները: Երկու կողմերի հետ հանդիպումների արդյունքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն, որը հաստատվում է պրոբացիայի ծառայողի և կողմերի ստորագրությամբ: Մյուս կողմը պարտավոր է արձանագրությունն ստորագրելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ բանավոր դիրքորոշում հայտնել հաշտարարության գործընթաց սկսելու վերաբերյալ: Կողմերի դիրքորոշումներին ծանոթանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պրոբացիայի ծառայության ղեկավարը որոշում է կայացնում հաշտարարություն և հաշտարար նշանակելու կամ հաշտարարության նշանակումը մերժելու մասին: Ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման կամ հետպատժյա փուլում պրոբացիայի ծառայության ղեկավարը մերժում է հաշտարարության նշանակումը, եթե բացակայում է հաշտարարության գործընթաց սկսելու վերաբերյալ կողմերից մեկի համաձայնությունը: Պրոբացիայի ծառայության ղեկավարի` հաշտարարություն նշանակելու մասին որոշման մեջ նշվում են հաշտարարության կողմերը, գործի հանգամանքների հակիրճ նկարագրությունը, կողմերի պահանջները, հաշտարարության ժամկետները և այլ անհրաժեշտ տվյալներ: Պրոբացիայի ծառայության ղեկավարի որոշումն ընդունվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, պրոբացիայի ծառայությունն այդ մասին պատշաճ ծանուցում է կողմերին:

Դատական ակտի կամ պրոբացիայի ծառայության ղեկավարի որոշման հիման վրա նշանակված հաշտարարության դեպքում իր իրավասությունների սահմաններում հաշտարարը՝

  1. ձեռնարկում է միջոցներ պրոբացիայի շահառուին և տուժողին (տուժողի իրավահաջորդին) հաշտեցնելու և նրանց միջև հաշտության վերաբերյալ գրավոր համաձայնություն կնքելու համար.
  2. հաշտության համաձայնագրի տեքստը նախապատրաստելիս աջակցում է կողմերին.
  3. հանդիպում է պրոբացիայի շահառուի և տուժողի (տուժողի իրավահաջորդի) հետ.
  4. կազմակերպում է ընդհանուր հանդիպում:

Պրոբացիայի շահառուի, տուժողի (տուժողի իրավահաջորդի) կամ նրանց հետ ընդհանուր հանդիպումների ժամանակ կարող է ներկա լինել պրոբացիայի ծառայության շահառուի, տուժողի (տուժողի իրավահաջորդի) փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել