Երեկ ոստիկանության Էրեբունու բաժին են տարվել գործարար Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի անդամները։
Իրավաբան․net-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ անվանական հարցերին չեն պատասխանի, սակայն բաժին տարվածներն ազատ են արձակվել։
«Էրեբունու բաժին մարդիկ բերվել են՝ ուղեկցում կատարելու համար, որոնց մոտ զենքեր չեն հայտնաբերվել ու ազատ են արձակվել»,-հայտնում են ոստիկանությունից։
Մեր այն հարցին, թե Բագրևանդ փողոցից ովքե՞ր են ոստիկանություն տարվել, պատասխանեցին․ «Իրենք բերվել են, իրենց մոտ եղած զենքերի օրինականությունն է ստուգվել ու բոլորն էլ ազատ են արձակվել»։
Armtimes.com-ի տեղեկություններով՝ նրանք «Սիգարոն» ընկերության սեփականատերերից մեկի թիկնազորի անդամներն են եղել։
Երեկ, Լեոյի փողոցից էլ ոստիկանություն էին տարվել ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնազորի անդամները:
Այս ամենը եղել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 11-ին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ոստիկանապետին տրված՝ օլիգարխների թիկնազորները զինաթափելու հրահանգ տվեց:
Մենք ոստիկանությունից նաև հետաքրքրվեցինք՝ անձիք բերվում են ոստիկանություն հրավերո՞վ, թե՞ ուղղակի նրանց փողոցից բռնում-տանում են, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից պատասխանեցին․ «Տեսնում են զինված մարդ, բերում են ոստիկանություն, ստուգում են զենքի օրինականությունը»։