Համաձայն ՀՀ Անտառային օրենսգրքի 24-րդ հոդվածի՝
- Անտառի վնասատուների և հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը պետական անտառներում կենտրոնացված կարգով կազմակերպում է պետական կառավարման լիազորված մարմինը:
- Աշխատանքներն իրականացվում են անտառապաթոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա:
- Անտառի վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելման աշխատանքներում կիրառվում են անտառային էկոհամակարգերի և շրջակա միջավայրի նկատմամբ նվազագույն բացասական ազդեցություն ունեցող եղանակները և մեթոդները: Նախապատվությունը տրվում է վնասատուների ու հիվանդությունների վնասակարության կանխարգելման կենսաբանական եղանակներին:
- Անտառի վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելման աշխատանքներն իրականացվում են ՀՀ Անտառային օրենսգրքի և անտառների սանիտարական հատումների կանոնների համաձայն:
Անտառների սանիտարական հատումների կանոնները հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:
Համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարի N 130-Ն հրամանով հաստատվել է անտառային տնտեսության կառավարման պլանների հրահանգը։ Ըստ այս հրամանի՝
Գնահատման տվյալներով և հատուկ անտառպաթոլոգիական հետազոտություններով, եթե նրանք կատարվել են, կազմվում են հատվածային տեղեկագրեր անտառի վնասատուների և հիվանդությունների օջախների վերաբերյալ: Անտառտնտեսվարման նախագծում տրվում է անտառի անտառպաթոլոգիական վիճակի ընդհանուր գնահատականը և կազմվում անտառպաշտպանական միջոցառումների նախագիծ, որը ներառում է պայքարի կանխարգելման և կազմակերպչական գործողություններ: