ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը ներկայացվում է գրավոր, որում պետք է նշվեն`
- առաջին ատյանի դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը,
- դիմողի անունը, բնակության վայրի հասցեն, անձնագրային տվյալները, իսկ իրավաբանական անձ դիմողի դեպքում` անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, ինչպես նաև դիմողի ֆաքսի, հեռախոսի համարը կամ էլեկտրոնային հասցեն,
- պարտապանի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրի հասցեն,
- հիմնական և լրացուցիչ պահանջների հիմքն ու չափը` առանձին-առանձին,
- պահանջը հաստատող ապացույցները,
- պահանջ` վճարման կարգադրություն արձակելու մասին,
- հայտարարություն առ այն, որ պահանջը կապված չէ դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ, կամ հանդիպակաց պարտավորություններն արդեն կատարված են,
- կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
Դիմումին կցվում են պահանջը հաստատող ապացույցները:
Դիմումն ստորագրվում է դիմողի կամ նրա ներկայացուցչի կողմից: Ներկայացուցչի կողմից ստորագրվելու դեպքում դիմումին պետք է կցվի նրա լիազորությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ:
Դիմումը և կից փաստաթղթերը դատարան են ներկայացվում երկու օրինակից: