Հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննության էր կանչվել։ Սակայն, ՀՔԾ-ում նրան առաջին իսկ նախադասությամբ ասել են, որ իր կարգավիճակը փոխվում է, և նրան մեղադրանք է առաջադրվում։
Այս մասին «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ մեղադրանքը հորինված է և շինծու։
«Կանչել են ինձ վկայի կարգավիճակով, բայց հենց առաջին նախադասությունը՝ քննիչի, հետևյալն էր, որ էդ կարգավիճակը փոխում են և մեղադրանք են առաջադրում իմ նկատմամբ: Ըստ էության, հանդիպումը եղել է մեղադրյալի կարգավիճակով»,-նշում է Քոչարյանը:
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, նա ՀՔԾ է գնացել իր փաստաբանի հետ՝ ենթադրելով, որ կարող է նաև այսպիսի սցենար առաջանա:
«Գիտե՞ք, իմ տպավորությամբ, կարող է մտածում են, որ մոտակա սպասվելիք արտահերթ ընտրություններին իմ հնարավոր մասնակության մասին և էն գլխից ուզում են չեզոքացնել ինձ, իմ հնարավոր մասնակցությունը: Թեև վերջին 10 տարում բազմիցս հայտարարել եմ, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ: Սա այն դեպքն է, երբ քաղաքականությամբ դու չես զբաղվում, քաղաքականությունն է սկսում քեզնով զբաղվել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէր, և ինչպես տեղեկացրել էր իր գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, նա երկիր կժամաներ հուլիսի 25-ից հետո միայն, ինչն էլ՝ եղավ։
Այս մասին պաշտոնաթող նախագահը նշում է․ «Ես հատուկ եկել եմ ցուցմունք տալու համար, հենց որ իմ կարգավիճակը փոխեցին, հենց սկզբից որոշեցի ցուցմունք չտալ, որովհետև երբ որ կարդացել եմ այդ մեղադրանքը՝ ապշել եմ այդ մեղադրանքից, այդ մեղադրանքի իրավական տեսանկյունից, զրոյական մակարդակի։ Ես այս իրադարձությունների մասնակից եմ եղել և գիտեմ, որ այս ամբողջը թելադրված է։ Սա հնարավոր չէ։ Սա բերելու է մեկ ուրիշ բանի՝ այդ մշակույթն է ձևավորվում երկրում, 37 թիվն է գալիս»։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին երեկ՝ հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ է մեղադրվում նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: