ԲԴԽ-ն նոր նախագծով կսահմանի զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնները

Բարձարգույն դատական խորհուրդը նոր որոշման նախագիծ է հանրային քննարկման ներկայացրել, որով հաստատել է զանգվածային լրատվության միջոցների հետ Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնները: Կանոնները ներկայացնում ենք ստորև.

Նախագծի ընդունման դեպքում որոշում ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 31-ին:

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) և դատարանների փոխհարաբերության կանոնները (այսուհետ՝ Կանոններ) կարգավորում են զանգվածային լրատվության միջոցներով Խորհրդի և դատարանների գործունեության լուսաբանմանը, Դատական իշխանության վերաբերյալ հանրության համակողմանի իրազեկվածությանն ու դատական իշխանության համակարգում զանգվածային լրատվության միջոցների գործունեությանն առնչվող հարաբերությունները:
  2. Կանոնների նպատակն է Խորհրդի և դատարանների փոխհարաբերության համատեքստում նպաստելու հրապարակայնության և տեղեկություններ ստանալու իրավունքի արդի խնդիրներին համահունչ պատշաճ իրավական մշակույթի ձևավորմանը:
  3. Զանգվածային լրատվության միջոցների հետ Խորհրդի և դատարանների փոխհարաբերությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացրած կամ հաստատած միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության վավերացրած մարդու իրավունքների միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Օրենք), այլ օրենքներով և սույն Կանոններով:
  4. Դատական վարույթի ընթացքում զանգվածային լրատվության միջոցների գործունեությանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Կանոններով՝ այնքանով, որքանով դրանք անմիջականորեն առնչվում են Կանոնների 1-ին կետով սահմանված նպատակների իրագործման համատեքստում՝ զանգվածային լրատվության միջոցների հետ Խորհրդի և դատարանների փոխհարաբերությանը՝ պահպանելով դատական վարույթի հրապարակայնության սկզբունքի սահմանադրական և օրենսդրական նորմերը:
  5. Կոնկրետ գործերով դատական վարույթի ընթացքը լուսաբանող զանգվածային լրատվության միջոցների գործուենությանն առնչվող հարաբերություններում դատարանները ղեկավարվում են դատական վարույթի հրապարակայնության սկզբունքը կարգավորող Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և դատավարական օրենսգրքերի համապատասխան նորմերով:
  6. Կանոնները տարածվում են Խորհրդի անդամների և դատավորների գործունեությանը վերաբերող նաև այն հարաբերությունների վրա, որոնք չեն առնչվում նրանց ի պաշտոնե գործելիս սահմանված պարտականությունների կատարման հետ՝ սույն Կանոններով սահմանված վերապահումներով:

ԳԼՈԻԽ 2. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

  1. Դատական իշխանության վերաբերյալ հանրությանը լիարժեք տեղեկատվության տրամադրումը զանգվածային լրատվության միջոցներով. հանրությունը պետք է զանգվածային լրատվության միջոցներով հնարավորինս լիարժեք տեղեկատվություն ստանա դատական իշխանության մարմիների կազմավորման ու գործունեության վերաբերյալ: Լրագրողները պետք է գործնականում ի վիճակի լինեն ազատ լուսաբանելու և մեկնաբանելու արդարադատության գործառույթի իրականացումը, բացառությամբ՝ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված սահմանափակումների:
  2. Անմեղության կանխավարկածը. անմեղության կանխավարկածի սկզբունքի հարգումը հանդիսանում է արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրիչը: Զանգվածային լրատվության միջոցներով տրամադրվող յուրաքանչյուր տեղեկատվություն կամ կարծիք չպետք է խաթարի կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի անմեղության կանխավարկածի սկզբունքը: Վարչաիրավական և քաղաքացիրավական գործերով հրապարակվող տեղեկատվությունը կամ կարծիքը չպետք է խաթարի կողմերի բարխղճության կանխավարկածը, քանի դեռ օրենքի խախտման փաստը չի հաստատվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:
  3. Տեղեկատվության ճշգրտությունը. խորհուրդը կամ դատարանները պարտավոր են զանգվածային լրատվության միջոցներին տրամադրելու բացառապես պատշաճ կարգով ստուգված կամ առնվազն հիմնավորված եզրահանգումներով տեղեկատվություն:
  4. Տեղեկատվության մատչելիությունը և տրամադրման հավասարությունը. եթե դատական իշխանությանն առնչվող ցանկացած տեղեկատվություն օրինական կարգով տրամադրվել է որևէ լրագրողի, ապա հարկ է ապահովել, որպեսզի նույն այդ տեղեկատվությունը նույն պայմաններով հասանելի լինի այդ առնչությամբ հարցում ներկայացրած զանգվածային լրատվության մյուս միջոցների համար: Այդ նկատառումով լրագրողին կամ զանգվածային լրատվության միջոցին տրամադրված տեղեկատվությունը կարող է, հաշվի առնելով նյութի նկատմամբ հանրային հետաքրքրության աստիճանը, անհապաղ զետեղվել դատական իշխանության պաշտոնական կայքում:
  5. Հանրային էական շահերին առնչվող գործերով դատաքննության վերաբերյալ տեղեկատվության պարբերականությունը. հանրային շահերը շոշափող գործերով տեղեկատվություն տրամադրվում է՝ անկախ դրա առնչությամբ զանգվածային լրատվության միջոցների միջնորդությունների: Այդպիսի գործերով դատական քննությունը տևական լինելու դեպքում, համարժեք տեղեկատվություն է տրվում դատաքննության շրջանակներում յուրաքանչյուր էական նշանակություն ունեցող դատավարական գործողության վերաբերյալ:
  6. Տեղեկատվության ապօրինի օգտագործման արգելքը. Խորհրդի, դատարանների, ինչպես նաև Դատական դեպարտամենտի տնօրինության տակ գտնվող տեղեկատվությունը չի կարող օգտագործվել օրենսդրությամբ չնախատեսված նպատակներով:
  7. Անձնական կյանքի և անձնական տվյալների պաշտպանությունը. դատավարության մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելիս անհրաժեշտ է հարգել Սահմանադրությամբ ամրագրված մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի անչափահասների, տուժողների, վկաների, ամբաստանյալների և նրանց ընտանիքների անդամների՝ հիշյալ իրավունքի պաշտպանությանը: Տեղեկատվության տրամադրումը չպետք է հանգեցնի դատավարության մասնակիցների համար ոչ իրավաչափ և ոչ բարվոք հետևանքների, ինչպես նաև առանց իրավաչափ հիմքերի՝ չբացահայտի նրանց ինքնությունը:
  8. Զանգվածային լրատվության միջոցներին հերքում կամ պատասխան ներկայացնելու իրավունքի հարգումը. պետք է պատշաճ միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի անվերապահորեն հարգվի ու իրացվի իր վերաբերյալ Խորհրդի և դատարանների կողմից տրամադրված, այդ թվում՝ մամլո հաղորդարություններում արտացոլված տեղեկատվության իրավաչափության կամ իսկության առնչությամբ յուրաքանչյուր անձի կողմից հերքում կամ պատասխան ներկայացնելու իրավունքը:
  9. Արդարադատության շահն էապես վտանգող տեղեկատվություն տրամադրելու արգելքը. Խորհրդի և դատարանների կողմից տրամադրված, այդ թվում՝ մամլո հաղորդագրություններում արտացոլված տեղեկատվությունն իր բովանդակությամբ չպետք է էապես վտանգի կոնկրետ գործով արդարադատության շահը: Այդպիսի տեղեկատվության նկատմամբ հանրային մեծ հետքրքրության առկայության դեպքում, այն կարող է հրապարակվել կոնկրետ գործով դատական քննության որոշակի փուլի կամ ամբողջ դատավարության ավարտից և դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Դատավարության ընթացքում նյութը հրապարակելու նպատակահարմարության վերաբերյալ գործը քննող դատավորի դիրքորոշումը վճռորոշ է:
  10. Հրապարակայնության սկզբունքի ոչ պատշաճ կիրառմամբ պատճառված վնասի հատուցումը. եթե դատավարության մասնակիցը գտնում է, որ Խորհրդի և դատարանների կողմից տրամադրված, այդ թվում՝ մամլո հաղորդագրություններում արտացոլված տեղեկատվության հրապարակմամբ խախտվել է իր արդար դատաքննության իրավունքը, ապա վերջինիս պետք է վերապահվեն արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ, ինչի մասին նրանց տրվում է հանգամանալից պարզաբանում:
  11. Լրագրողների անարգել ներկայությունը դատական նիստերին և մուտքը դատարանի դահլիճ. լրագրողները դռնբաց դատական նիստում, առանց որևէ խտրականության և առանց նախնական հավատարմագրման, կարող են անարգել ներկա գտնվել դատական նիստերին: Նրանք կարող են մնալ նիստերի դահլիճում այնքան ժամանակ, քանի դեռ նիստերի դահլիճում են գտնվում նիստին ներկա գտնված մյուս անձինք: Նիստերի դահլիճում, հնարավորության սահմաններում, անհրաժեշտ է լրագրողների գործունեության համար ապահովել պայմաններ և հատուկ այդ նպատակի համար նախատեսված տեղ:
  12. Դատարանի դահլիճներից ուղիղ եթերով ձայնագրություններ և տեսանկարահանումներ հեռարձակելը. դատարանի դահլիճից ուղիղ եթերով ձայնագրություններ և լուսա-տեսանկարահանումներ հեռարձակելը կարող է իրականացվել բացառապես դատարանի թույլտվությամբ: Դատարանը թույլտվություն կարող է տալ՝ համապատասխան լրագրողի միջնորդության քննարկման արդյունքներով, ընդ որում, պետք է համարժեք հաշվի առնվի արդար դատաքննության իրավունքի լիարժեք պաշտպանության անհրաժեշտությունը: Դատարանի դահլիճից ուղիղ եթերով ձայնագրություններ և տեսանկարահանումներ կատարելու և ուղիղ եթերով հեռարձակելու վերաբերյալ թույլտվություն տալու կամ մերժելու որոշումները պետք է ուղեկցվեն անհրաժեշտ հիմնավորումներով: Ընդ որում, դատարանը պարտավոր է համարժեք հաշվի առնել արդարադատության շահը:
  13. Զանգվածային լրատվության միջոցներին պարզեցված ընթացակարգով նյութեր տրամադրելը. հրապարակման ենթակա տեղեկատվությունը Խորհրդի և դատարանների կողմից զանգվածային լրատվության միջոցներին և լրագրողներին պետք է տրվի պարզեցված կարգով, այդ թվում՝ Դատական իշխանության պաշտոնական կայքում զետեղելու եղանակով և հնարավորինս սեղմ ժամկետում: Լրագրողներին պետք է հնարավորություն տրվի անարգել ստանալու հրապարակված դատական ակտերի պատճենները կամ իրենց սեփական ուժերով պատրաստելու պատճենները: Ընդ որում, այդ պատճենները լրագրողները կարող են անարգել տարածել:
  14. Վկաների և տուժողների պաշտպանությունը. վկայի կամ տուժողի ինքնությունը չի կարող բացահայտվել, քանի դեռ նրանք հստակ արտահայտված եղանակներով չեն տվել իրենց համաձայնությունը կամ նրանց անձն ունի հանրային նշանակություն կամ նրանք արդեն իսկ հրապարակայնորեն տվել են ցուցմունքներ: Վկայի կամ տուժողի ինքնությունը բոլոր դեպքերում չի կարող բացահայտվել, եթե նրանց կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում:
  15. Դատական ակտերի կատարման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների թողարկումները. զանգվածային լրատվության միջոցներին դատական ակտերի կատարման վերաբերյալ տեղեկատվություն Խորհրդի և դատարանների կողմից տրվում է այն չափով, որչափով այդ տեղեկատվությունը գտնվում է նրանց տնօրինության ներքո: Այլ իրավասու մարմինների իրավասությանը վերապահված հարցերով, զանգվածային լրատվության միջոցներին տրվում է համապատասխան պարզաբանում:
  16. Դատավաճիռների կատարումից հետո լրատվության միջոցների թողարկումները. հանրության մեջ դատապարտյալների արդյունավետ ինտեգրման, ինչպես նաև մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության երաշխավորման նպատակով, դատավճիռների կատարումից հետո պատիժը կրած անձանց ազատվելու վերաբերյալ տեղեկատվություն կարող է տրամադրվել, եթե այդ անձինք նախապես համաձայնություն են տվել, կամ եթե նրանք կամ նրանց կատարած հանցագործությունները շոշափում են հանրության շահերը:
  17. Զանգվածային լրատվության միջոցներով Խորհրդի անդամների և դատավորների ելույթներում ապաքաղաքականացվածությունը. Խորհրդի անդամները և դատավորները զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում և ցանկացած այլ հրապարակային ելույթներում պարտավոր են դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական քննարկումները կամ եզրակացությունները, դատական իշխանության գործունեության վերաբերյալ քննարկումներն ու հայտարարությունները, այդ թվում՝ հրապարակային, ապաքաղաքականացվածության սկզբունքի խախտում չեն համարվում:

ԳԼՈՒԽ 3. ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

  1. Խորհրդի և դատարանների գործունեության լուսաբանումը կազմակերպվում է Բարձրագույն դատական խորհրդի Մամուլի ծառայության (այսուհետ՝ Մամուլի ծառայություն) կողմից: Այդ նպատակով, Մամուլի ծառայությունը, պահպանելով օրենսդրությամբ և Կանոններով նախատեսված ընթացակարգը և լրատվության շրջանակները, հրապարակում է Խորհրդի և դատարանների գործունեության վերաբերյալ մամլո հաղորդագրություններ, աջակցում է Խորհրդին և դատարաններին՝ զանգվածային լրատվության միջոցների հետ փոխհարաբերությունում:
  2. Խորհրդի դռնբաց նիստերին կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցները, իսկ Խորհրդի որոշմամբ՝ կարող են ամբողջությամբ կամ նիստի մի հատվածում կատարել լուսա-տեսանկարահանումներ, այդ թվում՝ անմիջապես ուղիղ եթեր հեռարձակելու իրավունքով:
  3. Խորհրդի նիստերին զանգվածային լրատվության միջոցների մասնակցությունն ապահովվում է ինչպես Կանոնների 4-րդ գլխի նորմերով ամրագրված հավատագրման, այնպես էլ անհատական դիմումների հիմքով:
  4. Անհատական դիմումների հիմով լրագրողների բնականոն մասնակցությունն ապահովելու նպատակով, Մամուլի ծառայությունը նախապես, առնվազն դռնբաց նիստից 5 ժամ առաջ դատական իշխանության պաշտոնական կայքում զետեղում է Խորհրդի նիստին զանգվածային լրատվության միջոցների ներկա լինելու մասին հաղորդագրություն (այսուհետ՝ Հաղորդագրություն):
  5. Հաղորդագրության մեջ նշվում են՝

1) Խորհրդի նիստի վայրը և ժամանակը,

2) Խորհրդի նիստի օրակարգի այն հարցերը, որոնց քննարկումն ընթանալու է Խորհրդի նիստում՝ զանգվածային լրատվության միջոցների մասնակցությամբ,

3) Խորհրդի նիստի՝ լուսաբանման ենթակա այն հատվածը, երբ նիստը չի ընթանալու զանգվածային լրատվության միջոցների կողմից լուսա-տեսանկարահանմամբ, այդ թվում՝ անմիջապես ուղիղ եթեր հեռարձակմամբ,

4) Խորհրդի նիստի լուսաբանմանը մասնակցող լրագրողների առավելագույն քանակը:

  1. Զանգվածային լրատվության միջոցների բնականոն գործունեությունն ապահովելու համար՝ բացառապես հաշվի առնելով նրանց գործունեության համար բավարար պայմաններով ապահովելու անհրաժեշտությունը, Մամուլի ծառայությունը սահմանում է չհավատարմագրված լրագրողների առավելագույն քանակը: Խորհրդի նիստին մասնակցում են Հաղորդագրությունից հետո՝ մինչև առավելագույն քանակը լրանալը, էլեկտրոնային կարգով հայտեր ներկայացրած լրատվության միջոցները: Առավելագույն քանակը լրանալուց հետո, Մամուլի ծառայությունը անհապաղ տեղեկատվություն է զետեղում դատական իշխանության պաշտոնական կայքում՝ նշելով հերթագրված զանգվածային լրատվության միջոցների ցանկը, որից հետո հերթագրման գործընթացը դադարեցվում է:
  2. Խորհրդի կամ դատարանների գործունեության վերաբերյալ կոնկրետ հարցի առնչությամբ լուսաբանումները, այդ թվում մամուլի հրապարակումներին արձագանքումները համակարգելու, ինչպես նաև անհարկի կրկնություններն ու տարաձայնությունները բացառելու նպատակով, Խորհրդի անդամները կամ դատավորները հաղորդագրությունները, հերքումները կամ պատասխանները տարածելու անհրաժեշտության դեպքում դիմում են Մամուլի ծառայություն, որն էլ համակարգում և կազմակերպում է հաղորդագրությունների, հերքումների կամ պատասխանների հրապարակումը: Խորհրդի կամ առանձին դատարանների անունից նյութերը հրապարակվում են անմիջականորեն Մամուլի ծառայության կողմից:
  3. Խորհրդի աշխատանքային խորհրդակցություններում զանգվածային լրատվության միջոցների մասնակցության դեպքում՝ գործում են սույն գլխի նորմերը:
  4. Խորհրդի և դատարանների գործունեության լուսաբանման համար հեռուստատեսությամբ և զանգվածային լրատվության այլ միջոցներով կարող են կազմակերպվել պարբերաբար հեռարձակվող հաղորդաշարեր, այլ բնույթի լուսաբանման եղանակներ, որոնց կազմակերպմանն ու մասնակցությանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Խորհրդի աշխատակարգային որոշումներով:

ԳԼՈՒԽ 4. ԽՈՐՀՐԴՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Սույն գլխի իրավական նորմերով սահմանված լրագրողների հավատարմագրումը վերաբերում է միայն Խորհրդում լրագրողի գործունեությանը:
  2. Յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 15-ը Դատական իշխանության պաշտոնական կայքում Դատական դեպարտամենտի կողմից հրապարակվում է hավատարմագրումն սկսելու մասին հայտարարություն: Դիմումների բավարարման դեպքում հավատագրումն ուժի մեջ է մտնում հաջորդ տարվա հունվարի 1-ից:
  3. Հայտարարագրում կարող է իրականացվել նաև տարվա ընթացքում, որին առնչվող հարաբերությունները կարգավորվում են սույն գլխի իրավական նորմերով: Տարվա ընթացքում հավատագրման վերաբերյալ ստացված դիմումը քննարկվում է այն մուտք լինելու պահից 20 օրյա ժամկետում, իսկ հավատարմագրումն ուժի մեջ է մտնում լրագրողին հավատարմագրելու մասին ծանուցումը հանձնելու օրվա հաջորդ օրվանից:
  4. Դատական դեպարտամենտի ղեկավարը Մամուլի ծառայության եզրակացության հիման վրա, լրագրողի հավատարմագրումը կատարում է դիմումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Լրագրողի հավատարմագրումն ուժի մեջ է մտնում հաջորդ տարվա հունվարի 1-ից և ուժը պահպանում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը:
  5. Լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում Մամուլի ծառայություն, ներկայացնելով՝

1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրի հասցեն, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձը հաստատող փաստաթղթում), հանրային ծառայության համարանիշը և մշտական բնակության վայրի հասցեն,

2) հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում), հանրային ծառայության համարանիշը և բնակության վայրի հասցեն,

3) զանգվածային լրատվության այն միջոցի (միջոցների) անվանումը, որը (որոնք) պետք է ներկայացնի հավատարմագրված լրագրողը,

4) հավատարմագրման ներկայացվող լրագրողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, նույնականացման քարտ) և երկու լուսանկար (3×4 չափսի),

5) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները ու հեռախոսահամարները:

  1. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչը հավատարմագրման համար Կանոնների 37-րդ կետով նախատեսված դիմումին կից պետք է ներկայացնի նաև Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տված վկայականի պատճենը:
  2. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի համար Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրում չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի անունից ներկայացվել է հավատարմագրման դիմումը:
  3. Դիմումները կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ Խորհրդի պաշտոնական կայքի միջոցով, կայքում լրագրողների հավատարմագրման էլեկտրոնային դիմումներ ներկայացնելու համակարգը գործելու պահից։
  4. Խորհրդում կարող են հավատարմագրվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում հաշվառված` 1000 և ավելի տպաքանակ ունեցող օրաթերթերի, ամսագրերի, շաբաթաթերթերի, առնվազն շաբաթը մեկ անգամ թարմացվող ինտերնետային լրատվության միջոցների, լրատվական գործակալությունների, ռադիոընկերությունների, հեռուստաընկերությունների, Երևան քաղաքում թղթակցական կետեր ունեցող օտարերկրյա հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների լրագրողները, լուսանկարիչներն ու տեսաձայնագրման օպերատորները (այսուհետ` լրագրող):
  5. Կանոնների 37-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Դեպարտամենտի ղեկավարը որոշում է ընդունում լրագրողին հավատարմագրելու կամ նրա հավատարմագրումը մերժելու մասին: Այդ որոշման հիման վրա լրագրողների հավատարմագրման մատյանում կատարվում է գրառում: Այդ մասին Դատական դեպարտամենտը եռօրյա ժամկետում պաշտոնապես (գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) տեղյակ է պահում լրատվական գործունեություն իրականացնողին: Հավատարմագրի ձևը հաստատում է Դեպարտամենտի ղեկավարը:
  6. Եթե ներկայացված դիմումը սահմանված կարգով չի պարունակում Կանոնների 37-րդ կետով նախատեսված տեղեկությունները, այսինքն՝ առկա է ձևական սխալ, ապա Մամուլի ծառայությունը վերադարձնում է դիմումը՝ նշելով թույլ տրված թերությունը:
  7. Հավատարմագրումը վաղաժամկետ դադարում կամ դադարեցվում է, եթե՝

1) լրագրողը մահացել է, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է մահացած, անհայտ բացակայող, անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ դադարել են նրա լիազորությունները տվյալ լրատվամիջոցում,

2) լրագրողի նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ,

3) լրատվական գործունեություն իրականացնողը նախազգուշացվել է լրագրողի կողմից օրենքների պահանջները կամ Կանոնների պահանջները խախտելու համար,

4) հավատարմագրումը դադարեցնելու մասին գրավոր դիմել է լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը,

5) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը:

  1. Օրենքների կամ Կանոնների պահանջները խախտելու դեպքում Դատական դեպարտամենտը գրավոր նախազգուշացնում է լրատվական գործունեություն իրականացնող այն անձին, որի անունից հավատարմագրվել է լրագրողը: Լրատվական գործունեություն իրականացնողն իրավունք ունի հավատարմագրումը վաղաժամկետ դադարեցված լրագրողի փոխարեն հավատարմագրման ներկայացնել ու այլ լրագրողի:
  2. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ-լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է նաև Հայաստանի Հանրապետությունում նրա հավատարմագրման դադարեցումը կամ հավատարմագրումից զրկելու մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայացրած որոշումը:
  3. Լրագրողի հավատարմագրման դադարեցման մասին Դատական դեպարտամենտի ղեկավարն ընդունում է որոշում, որի մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղյակ է պահում լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին և այն լրագրողին (եթե հնարավոր է), որի հավատարմագրումը դադարեցվել է:
  4. Հավատարմագրված լրագրողի մուտքը Խոհրդի վարչական շենքում ազատ է՝ Խորհրդի դռնբաց նիստերի ընթացքում, ինչպես նաև ցանկացած օր անցկացվող այն միջոցառումների ընթացքում, որոնց մասին ծանուցել է Դատական դեպարտամենտը: Մյուս այլ դեպքերում Խորհրդում լուսաբանման ենթակա միջոցառումներին մասնակցելու նպատակով Դատական դեպարտամենտը հավատարմագրված լրագրողին կարող է տրամադրել անցագիր: Խորհրդի վարչական շենքում լրագրողն իր աշխատանքը կազմակերպում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Կանոններին և Խորհրդի աշխատակարգին համապատասխան:
  5. Հավատարմագրված լրագրողն իրավունք ունի՝

1) ստանալու զանգվածային լրատվամիջոցների համար նախատեսված հրապարակման ենթակա տեղեկատվություն,

2) նախապես ողջամիտ ժամկետում տեղեկացված լինելու Խորհրդի դռնբաց նիստերի, դռնբաց խորհրդակցությունների և այլ հրապարակային միջոցառումների անցկացման մասին և ներկա գտնվելու այդ միջոցառումներին,

3) հավատարմագրված այլ լրագրողների հետ ազատորեն, առանց որևէ խտրականության օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից,

4) օգտվելու լրագրողների համար օրենքով սահմանված այլ իրավունքներից:

  1. Հավատարմագրված լրագրողը պարտավոր է՝

1) հարգել Խորհրդի անդամների և Դատական դեպարտամենտի ծառայողների իրավուքնները, պատիվն ու արժանապատվությունը,

2) չխոչընդոտել Խորհրդի անդամների և Դատական դեպարտամենտի ծառայողների պարտականությունների կատարմանը,

3) Խորհրդի վարչական շենք մուտք գործելիս ներկայացնել հավատարմագիրը, Խորհրդի վարչական շենքում գտնվելու ընթացքում հավատարմագիրը կրել հագուստի վրա այնպես, որ այն լինի տեսանելի,

4) պահպանել օրենքների և Կանոնների պահանջները,

5) պահպանել լրագրողների էթիկայի համընդհանուր կանոնները:

  1. Խորհուրդը կամ Դատական դեպարտամենտը՝

1) որևէ ձևով կամ եղանակով չեն կարող գրաքննություն իրականացնել լրագրողի մասնագիտական գործունեության նկատմամբ,

2) հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում են միասնական, ոչ խտրական պայմաններ,

3) չեն կարող խոչընդոտել լրագրողի օրինական գործունեությանը:

ԳԼՈՒԽ 5. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

  1. Խորհրդի անդամները և դատավորները զանգվածային լրատվության միջոցներով կարող են հանդես գալ իրենց հայեցողությամբ, իսկ Խորհրդի անդամները՝ նաև Խորհրդի արձանագրային որոշմամբ:
  2. Խորհրդի անդամները Խորհրդի որոշմամբ հանդես են գալիս այն դեպքերում, երբ անհրաժեշտ է պարզաբանումներ ներկայացնել դատական իշխանության վերաբերյալ իրավական հիմքերի, ինչպես նաև Խորհրդի ընդունած առանձին որոշումների առնչությամբ: Որպես կանոն, Խորհրդի ընդունած որոշումների մասին զանգվածային լրատվության միջոցներին պարզաբանումներ է տալիս տվյալ որոշման նախագիծը պատրաստած Խորհրդի անդամներից մեկը: Առավել հրատապ դեպքերում կարող է որոշվել, որ Խորհրդի անդամն անմիջապես Խորհրդի նիստից հետո ելույթ է ունենա զանգվածային լրատվության միջոցներով:
  3. Խորհրդի անդամներն ու դատավորները, իրենց հայեցողությամբ զանգվածային լրատվության միջոցներով հանդես գալու դեպքում, ընդգծում են, որ իրենք ներկայացնում են իրենց սեփական կարծիքը, եթե տվյալ դեպքում այն տարբերվում է համապատասխան հարցադրման առնչությամբ Խորհրդի որոշակիորեն արձանագրված դիրքորոշումից:
  4. Զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվությունը կարող է տրամադրվել ինչպես անմիջականորեն, այնպես էլ Մամուլի ծառայության միջոցով:
  5. Խորհրդի անդամներն ու դատավորները լրատվության միջոցներին որևէ եղանակով տեղեկատվություն տրամադրելու դեպքում, այդ մասին հնարավորինս սեղմ ժամկետում իրազեկում են Մամուլի ծառայությանը:
  6. Իրենց լիազորությունների առնչությամբ զանգվածային լրատվության միջոցներով ելույթներ ունենալու կամ որևէ այլ կերպ փոխհարաբերվելու հարցով նախաձեռնության պարագայում Խորհրդի անդամներին ու դատավորներին պատշաճ աջակցություն է ցուցաբերում Մամուլի ծառայությունը: Տեղեկատվություն տրամադրելու եղանակներն ու սահմանները որոշում են Խորհրդի անդամներն ու դատավորները՝ իրենց հայեցողությամբ: Ընդ որում, այդ հարցադրումների առնչությամբ, Մամուլի ծառայությունը պարտավոր է տալ համապատասխան խորհրդատվություն:

ԳԼՈՒԽ 6. ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ

  1. Մամուլի ծառայությունը յուրաքանչյուր աշխատանքային օր, մինչև առավոտյան ժամը 11.00-ն, իր կողմից անցկացված մշտադիտարկման արդյունքներով պատրաստում է դատական իշխանության գործունեությանն առնչվող զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկատվության ամփոփագրեր և էլեկտրոնային եղանակով ուղարկում Խորհրդի անդամներին և դատարանների նախագահներին: Ամփոփագրերում հղումներ են արվում հրապարակումների աղբյուրների՝ այդ թվում էլեկտրոնային, վրա: Սույն գլխի իրավական նորմերը չեն տարածվում Կանոնների 7-8-րդ գլուխներով կարգավորվող հարաբերությունների վրա:
  2. Խորհուրդը կամ դատարանները կարող են արձագանքել այն հրապարակումներին, որոնք իրենց դիտարկմամբ հանդիսանում են էական: Այդ դեպքում նրանք կարող են Մամուլի ծառայության աջակցությամբ պատրաստել հաղորդագրություններ, հանդես գալ հարցազրույցներով կամ անհրաժեշտ համարվող նյութը լուսաբանել այլ եղանակներով:
  3. Դատական իշխանության գործունեությանն առնչվող զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկատվությանը կարող են արձագանքել նաև Խորհրդի անդամները և դատավորները՝ Կանոնների 33-րդ կետով նախատեսված կարգով:

ԳԼՈՒԽ 7. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

  1. Օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան, Խորհրդի անդամների կամ դատավորների կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները ուսումնասիրում է Մամուլի ծառայությունը: Ուսումնասիրության արդյունքներով կազմվում են անհրաժեշտ քաղվածքներ ներառող ամփոփ տեղեկանքներ, որոնք ներկայացվում են Խորհրդի նախագահին:
  2. Մամուլի ծառայության ամփոփ տեղեկանքներում արտացոլված և անմիջապես Խորհրդին հասցեագրված հրապարակումների վերաբերյալ ուղեկցական նամակների քննարկումն իրականացվում է Խորհրդի «2018 թ. հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-13-Ո-37 որոշմամբ հաստատված Խորհրդի աշխատակարգի թիվ 9.3. և 9.4. կետերով նախատեսված կարգով: Քննարկման ընթացքի և արդյունքների մասին զանգվածային լրատվության միջոցներին իրազեկում է Մամուլի ծառայությունը՝ Օրենքով սահմանված հրապարակման ենթակա տեղեկատվության սահմաններում:
  3. Խորհրդի անդամների կամ դատավորների կողմից կարգապահական խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներն ակնհայտ չեն համապատասխանում իրականությանը, ապա Խորհրդի նախագահի հանձնարարությամբ Մամուլի ծառայությունը հրապարակում է հերքող նյութ:
  4. Այն դեպքում, երբ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները անմիջականորեն չեն բովանդակում Խորհրդի անդամների կամ դատավորների կողմից կարգապահական խախտումներ թույլ տալու վերաբերյալ տեղեկատվություն, սակայն դրանցում առկա են այդպիսի խախտումների փաստերի առկայությունը պարզելու վերաբերյալ կոնկրետ հարցումներ, ապա Խորհրդի նախագահի հանձնարարությամբ Մամուլի ծառայությունը հրապարակում է համապատասխան պատասխան կամ տրվում է պարզաբանում:
  5. Սույն գլխով նախատեսված հրապարակումների առնչությամբ Մամուլի ծառայությանը՝ Խորհրդի նախագահի համապատասխան հանձնարարության շրջանակներում, Դատական դեպարտամենտի ղեկավարի ցուցումով անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրում Դատական դեպարտամենտը:
  6. Միաժամանակ, հերքման կամ պատասխանի նախագիծ պատրաստելիս, անհապաղ տեղյակ է պահվում Խորհրդի այն անդամը կամ դատավորը, որին վերաբերում է տվյալ հրապարակված նյութը: Խորհրդի անդամը կամ դատավորն իր հայեցողությամբ կարող է տրամադրել անհրաժեշտ նյութեր, ինչպես նաև պարզաբանումներ, որոնք պետք է համարժեք հաշվի առնվեն հերքման կամ պատասխանի տեքստում: Խորհրդի անդամի կամ դատավորի պարզաբանումները հերքման կամ պատասխանի տեքստում ներառելիս, հղում է արվում նրանց վրա:
  7. Խորհրդի անդամը կամ դատավորը, որի կողմից կարգապահական խախտման վերաբերյալ նյութեր են հրապարակվել զանգվածային լրատվության միջոցներում, կարող է դիմել Մամուլի ծառայությանը՝ համապատասխան ուսումնասիրություններ կատարելու և հերքումներ կամ պատասխան հրապարակելու միջնորդությամբ՝ տրամադրելով անհրաժեշտ նյութեր: Միաժամանակ Խորհրդի անդամը կամ դատավորը կարող են իրենց հայեցողությամբ անմիջականորեն հանդես գալ զանգվածային լրատվության միջոցներով և ներկայացնել իրենց սեփական դիտարկումներն ու տեսակետը, պահպանելով Կանոններով ամրագրված սկզբունքները:

ԳԼՈՒԽ 8. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

  1. Խորհրդի անդամների կամ դատավորների կողմից հանցագործությունների մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները քննարկվում են Խորհրդում՝ դրանցում առերևույթ հանցագործության հատկանիշների մասին տեղեկատվության առկայության տեսանկյունից, և ըստ այդմ էլ՝ բավարար հիմքերի առկայության պարագայում դրանք ուղարկվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին:
  2. Եթե Խորհուրդը գտնում է, որ հանցագործության մասին հաղորդումները բովանդակային կտրվածքով, ըստ էության, հանդիսանում են կարգապահական խախտումների վերաբերյալ հաղորդումներ, ապա դրանք սահմանված կարգով փոխնացվում են Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերով հանձնաժողով:
  3. Եթե հանցագործության մասին հաղորդումները, ըստ էության, չեն բովանդակում որևէ առերևույթ իրավախախտման մասին տվյալներ կամ անանուն են կամ կեղծ անուններով են, ապա դրանց արձագանքելը թողնվում է՝ համապատասխաբար Խորհրդի անդամների կամ դատավորների հայեցողությանը:

ԳԼՈՒԽ 9. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Կանոնների ուժի մեջ մտնելու օրվանից առնվազն 10 օրվա ժամկետում՝ Կանոնների 34-րդ կետով սահմանված կարգով Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է լրագրողների hավատարմագրումն սկսելու մասին հայտարարություն: Սույն կետով նախատեսված կարգով հավատարմագրումն ուժի մեջ է մտնում լրագրողին հավատարմագրելու մասին ծանուցումը հանձնելու օրվա հաջորդ օրվանից:
  2. Կանոնների 71-րդ կետով նախատեսված հայտարարությունը հրապարակելուց հետո լրագրողների հավատարմագրումն իրականացվում է Կանոնների 4-րդ գլխի իրավական նորմերով սահմանված կարգով՝ Կանոնների 71-րդ կետով սահմանված ժամկետների պահպանմամբ:
  3. Կանոնների 71-րդ կետով նախատեսված կարգով իրականացված լրագրողների հավատարմագրումն ուժի մեջ է մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել