«Սուրբ Գրիգոր Lուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենը և առողջապահության նախարարը ԲԿ-ում կատարվող ստուգումների մասին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնի աշխատակիցները օրեր առաջ հայտարարություն էին տարածել, որով սթափության կոչ էին անում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ հորդորելով զերծ պահել համակարգը հնարավոր ցնցումներից:

Հայտարարության մեջ նշված էր, որ ՀՀ  հարյուր հազարավոր քաղաքացիները պահանջում ենք դադարեցնել հիվանդանոցի դեմ առողջապահության նախարարության կողմից սկսված արշավը:

«Հիվանդանոցը վերակառուցվել ու ժամանակակից տեխնիկայով է հագեցել տնօրեն Արա Մինասյանի անձնական ջանքերի ու ներդրումների շնորհիվ: Համոզված ենք, որ պարոն Մինասյանի դեմ սկսված քաղաքական արշավը լուրջ հարված է հասցնելու  բժշկական կենտրոնին»,-նշված է եղել հայտարարության մեջ:

Արսեն Թորոսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց սակայն, որ նա ոչ մի հիմնարկի և ոչ մեկի անձի «հետևից չի ընկել»:

«Մենք պարզապես խնդիր ունենք պետության կողմից տրամադրվող միջոցների ծախսման արդյունավետության բարձրացման և այդ շրջանակներում կատարվում են միջոցառումներ և անդադար կատարվելու են գրեթե բոլոր բուժհաստատություններում անկախ այդ մարդկանց անձից և այդ բուժհիմնարկների անուններից»,-նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան վերջին ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ շատ հայտնի բուժհիմնարկներից մեկում ստուգումներ են տեղի ունեցել:  Վարչապետը նշել էր, որ անմեղության կանխավարկածը չխախտելու համար անուններ չի տա, բայց կան հիմնավոր կասկածներ, որ այդ ոլորտում չարաշահումներ են տեղի ունենում:

Արսեն Թորոսյանը սակայն նշեց, որ նա անուններ տալուց չի խուսափում:

«Ես կնշեմ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչում կազմվել են հիվանդության պատմագրեր, որոնց համար պետությունից գանձվել են գումարներ՝ չբուժված հիվանդների համար: Ես այդ գործերը երեկ ուղարկել եմ դատախազություն, որովհետև կարծում եմ, որ այդտեղ կան քրեական գործի հանգամանքներ: Հուսով եմ, որ դատախազությունը ընթացք կտա և օրենքի ուժով այդ հարցերը կլուծի»,-նշեց նախարարը:

Թորոսյանի նշեց, որ խոսքը մի քանի հարյուր միլիոն դրամի մասին է:

Իրավաբան.net-ը կապվեց նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի հետ, որը նշեց, որ ինքը նախախարի պնդումների վերաբերյալ ոչինչ չի կարող ասել. «Դեռ ստուգումներ են ընթանում, տեղեկանք չկա: Ես ժողովի մեջ եմ, տենց փաստաթուղթ դեռ չկա»,-նշեց Արա Մինասյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ուսումնասիրություններ են իրականացվում առողջապահության նախարարության կողմից:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը հայտնել էր, որ ուսումնասիրություններն իրականացվում են պարզելու 2016, 2017 և 2018 թվականներին այս բուժհիմնարկին հատկացված պետական պատվերի շրջանակում ծախսերի արդյունավետությունը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել