Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հուլիսի 12–ին, տեղի ունեցավ Իշխան Բարսեղյանի կողմից ենթադրյալ կաշառք վերցնելու գործով հերթական դատական նիստը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ։
Պաշտպանական ճառը, որը ներկայացրին պաշտպաններ Կարեն Ղազարյանը, Արա Ղազարյանը և Վարդուհի Էլբակյանը: Պաշտպանները նախ ժամացույցի միջոցով ներկայացրին տուժող Նորիկ․Հակոբյանի գործողությունները և քրեական գործի նյութերով իրենց ներկայացված պատմությունը ՝ օրենքով սահմանված ժամկետներում:
Պաշտպաններից Կարեն Ղազարյանը ներկայացրեց դեպքերի հաջորդականությունը, ըստ որի, 2016թվականի հոկտեմբերի 27-ին ժամը 15:40-ի սահմաններում Նորիկ Հակոբյանը և Էլզա Զաքարյանը հանդիպել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց, զրուցել և միասին ուղևորվել են Վաղարշյան փողոց: Այնտեղ Էլզա Զաքարյանի մեքենայից իջնելուց հետո Նորիկ Հակոբյանը գնացել է ազգային անվտանգության ծառայություն:
Այնտեղ նա գրավոր հաղորդում է տվել, ըստ որի, ոմն Էլզա դատավոր Իշխան Բարսեղյանին միջնորդել է, որպեսզի Նորիկ Հակոբյանի դատական գործը 1000 դոլար կաշառքի դիմաց լուծվի։
Պաշտպան Կարեն Ղազարյանն նշեց, որ նույն օրը դատարան են ներկայացվել երեք միջնորդություններ՝ Էլզա Զաքարյանի հեռախոսազանգերը գաղտնալսելու, Իշխան Բարսեղյանի հեռախոսազանգերը գաղտնալսելու և Իշխան Բարսեղյանի արտաքին և ներքին դիտման վերաբերյալ: Այս երեք միջնորդություններն էլ բավարարվել են:
Պաշտպան Կարեն Ղազարյանի խոսքով ժամը 18:40-ին տեղի է ունենում Իշխան Բարսեղյանի և Էլզա Զաքարյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը: Ժամը 19:35-ին անցկացվում է կաշառքի նմանակում օպերատիվ հետախուզական միջոցառումը, որի ընթացքում Նորիկ Հակոբյանը հանդիպում է Իշխան Բարսեղյանին՝ գումարը փոխանցելու համար:
Պաշտպանների խոսքով, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրություններում հաստատված ժամերը չեն համապատասխանում նշված միջոցառումների իրականացման համար պահանջվող օպիտիմալ ժամանակին:
« Եղբայր, սա ինչ է նշանակում, ուրեմն դու հաղորդումը տվել ես օպերատիվ միջոցառումն անցկացնելուց հետո»,- ասաց պաշտպան Կարեն Ղազարյանը՝ նկատի ունենալով տուժող Նորիկ Հակոբյանին:
Պաշտպանները ներկայացրին օպերատիվ հետախուզական միջոցառումների վերաբերյալ դատական ակտերի բովանդակությունը: Պաշտպան Արա Ղազարյանի խոսքով, կասկածելի է, որ ԱԱԾ-ն միայն ոմն Նորիկ Հակոբյանի հայտարարությամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ է իրականացրել այդ թվում նաև գաղտնալսում և անձի անձնական տիրույթի ներխուժումը.
«Ինչո՞ւ ԱԱԾ-ն ընդամենը մեկ անձի, մեկ ժամ առաջ տված հայտարարության հիման վրա որոշեց ներխուժել անձի անձնական տիրույթ, միգուցե Նորիկ Հակոբյանը ԱԱԾ գործակալ է»:
Պաշտպաններն անդրադարձան նաև ապացույցների անթույլատրելիությանը: Օրինակ, կան ապացույցներ, որոնք ձեռք են բերվել օրենքի խախտմամբ և չեն կարող մեղադրանքի հիմքում լինել: Նաև նշեց, որ տեսանկարահանված շուրջ 3 ժամանոց նյութի միայն 20 րոպեն է ցուցադրվել դատարանումև հետազոտվել: Կան նաև ապացույցներ, որոնց վերաբերյալ փորձաքննության միջնորդություններ են արվել, որոնք, սակայն դատարանը մերժել է:
Պաշտպանական կողմի ճառերն ավարտելուց հետո Իշխան Բարսեղյանն իր խոսքում ասաց, որ Նորիկ Հակոբյանն ԱԱԾ-ի գործակալ է և առնվազն երեք անգամ բողոք է նեկայացրել ԱԱԾ՝ հարազատ եղբոր դեմ: Իշխան Բարսեղյանն նշեց նաև, որ ցավում է՝ գետնանցումում կատարված տեսագրության տեսաերիզը մոնտաժված տարբերակն է: Իշխան բարսեղյանն իր ճառն եզրափակեց ասելով.
«Համոզված եմ, որ մի գեղեցիկ օր մենք ասելու ենք, որ դատարանը մեր ազգի մեծագույն ձեռքբերումն է, մեր ազատության հիմքը: Հարգարժան դատարան, խնդրում և հորդորում եմ ձեզ, մնացե՛ք ձեր բարձունքում, կատարե՛ք մեր ազգի մեծագույն ձեռքբերման համար անհրաժեշտ առաջին քայլերը, դրե՛ք մեր ժողովրդի ազատության հիմքի քարերից մեկը: Աստված ձեզ, մեզ և մեր ժողովրդին պահապան»,- ասաց նա:
Նշենք նաև, որ պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը միջնորդություն հայտնեց 3մլն դրամ գրավի դիմաց Իշխան Բարսեղյանի խափանման միջոցը փոխել, որը սակայն դատարանը մերժեց՝ պատճառաբանելով, որ մեծ է Իշխան Բարսեղյանի թաքնվելու հավանականությունը:
Դատախազ Վարդգես Սարգսյանը միջնորդություն հայտնեց դատական նիստը հետաձգել դատախազ Կարեն Բիշարյանի երկրում չլինելու պատճառով:
Դատարանը ընդունեց միջնորդությունը և դատական նիստը հետաձգվեց:
Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 2-ին:
Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը բերման էր ենթարկվել «Հայրենիք» կինոթատրոնի շրջակայքում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ 1000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու կասկածանքով։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մերի Մնոյան