Կառավարության այսօրվա նիստին, երբ քննարկվում էր «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, քննարկում սկսվեց այն մասին, որ տեսանկարահանող շարժական արագաչափ սարքերը պետք է ունենան նաև փարոսիկներ ու տարբերանշաններ։ Այս խնդրի մասին քննարկում էր ընթանում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի միջև։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ քննարկման մտքերի ընթացքն ու տրամաբանությունը իրեն դուր չեն գալիս, քանի որ ներկայիս կառավարությունը քաղաքականություն է որդեգրել այն մասին, որ պետք է դադարեն ամեն քայլափոխի տուգանել քաղաքացիներին։
«Մենք հիմա խոսում ենք՝ փարիսկով տուգանենք, թե՝ առանց փարոսիկի, սա լավ տրամաբանություն չի։ Մի քաղաքական հայտարարություն, որ արվում է, այդ քաղաքական հայտարարությունը պետք է կառավարության անդամները, բոլոր պետական մարմիններն ընդունեն ի գիտություն, և այդ տեսախցիկներից ու արագաչափերից դեռ չպրծած փողոցներն ուզում ենք մեքենաներ լցնել, ասում՝ փարոսիկներ կդնենք մի հատ էլ վրան մեծ կգրենք։ Ոչ, չի լինելու էդ բանը, չի լինելու։ Դադարեցրեք քաղաքացիների հետևից ընկնել, որովհետև դա հավելյալ հարկ է քաղաքացիների վրա»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հորդորեց երթևեկության անվտանգության խնդիրը լուծել այլ ճանապարհներով։ «Ճանապարհների որակով լուծեք երթևեկության անվտանգության խնդիրը, որ մարդ ստիպված չլինի ճանապարհի կենտրոնում անդունդի հանդիպի, որ պտտի, թռնի ձորը։ Ճանապարհային նշաններն ի՞նչ վիճակում են մեր երկրում։ Զուգահեռ 7 գծանշում կա, փողոցում տեսնում ես 7 ձևի գծանշում, մարդու աչքերը խառնվում են, չգիտեն՝ ո՞ր գծանշմանը հետևեն։ Մենք լուծե՞լ ենք ճանապարհային նշանների տեսանելիության խնդիրը»,-ասաց վարչապետը։
Նա նշեց, որ չի լինի այնպես, որ տեսանկարահանող սարքերով անդադար ասեն՝ ժպտացեք, ձեզ տուգանում են․ «Քաղաքացին տուգանքի մատերիալ չի և չի լինելու այս բանը։ Ես կոչ եմ անում, որ բոլոր պետական մարմինները սա ընդունեն ի գիտություն»։
Նա նաև Վալերիյ Օսիպյանին հայտնեց, որ թեպետ հասկանում է, որ ֆինանսական խնդիրներ կան և այլն, բայց այդ նույն ֆինանսական խնդիրները քաղաքացիներն էլ ունեն։ Ի պատասխան, ոստիկանապետը նշեց, որ տուգանքի չափերը բավականին կիջեցվեն ու տեսանկարահանող շարժական արագաչափ սարքերը զուտ զսպող մեխանիզմ են լինելու։