ԱՄՆ դատախազությունը մեղադրում է Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանին և Ռուսատանի մի քաղաքացու «Rolls-Royce Holdings Plc» ընկերության հետ կապված վերջին տասը տարիների ընթացքում միջազգային մակարդակում կաշառքների կազմակերպման համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Հայաստանի քաղաքացի 62-ամյա Ազատ Մարտիրոսյանին, որը նախկինում եղել է Չինաստանում Հայաստանի դեսպան, և Ռուսաստանի քաղաքացի 50-ամյա Վիտալի Լեշկովին, Օհայոյի դաշնային դատարանը մեկ դրվագով մեղադրանք է առաջադրել փողերի լվացման նախապատրաստության և տասը դրվագով փողերի լվացման համար։ Դատախազությունը ենթադրում է, որ այդ երկու անձինք բնակվում են ԱՄՆ սահմաններից դուրս։
«Մեր և արտասահմանյան մեր գործընկերների հետ համակարգված աշխատանքների շնորհիվ այդ ամբաստանյալները իրենց կոռուպցիոն սխեմաների համար դատարանի առաջ կկանգնեն»,- հայտարարել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի քրեական բաժանի պետի պաշտոնակատար Ջոն Քրոնանը։
Գործը վերաբերում է Ղազախստանից Չինաստան գազատարի անցկացման համար 145 միլիոն դոլարի պայմանագրի ապահովմանը։ Մեղադրանքներն առաջադրվել են Rolls-Royce-ի կողմից ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում և Բրազիլիայում հետաքննություն անելու համար 800 մլն դոլար վճարելու համաձայնությունից մեկ տարի անց։ Դատախազությունից հայտնում են, որ կաշառքները տեղի են ունեցել 1999-ից մինչև 2013 թվականը Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Հարավային Ամերիկայում:
Որպես միջազգային ինժեներական խորհրդատվական ընկերության աշխատակիցներ Մարտիրոսյանը և Լեշկովը աշխատել են Պետրոս Կոնթոգուրիսի հետ, ով Թուրքիայում աշխատող նավթի և գազի նախագծերի խորհրդատու է, որին հոկտեմբերին կոռումպացված վճարումների և փողերի լվացման մեղադրանք է ներկայացվել 19 դրվագով։ Ըստ դատախազության՝ «Rolls-Royce» ընկերությունը վճարել է նրա ընկերությանը`իմանալով, որ այդ գումարները կփոխանցվեն« Ղազախստանի «KazMunayGas National Co» ընկերության բարձրաստիճան պաշտոնյայի։
Մարտիրոսյանի փաստաբանը հրաժարվեց մեկնաբանել: Լեշկովի փաստաբանը անմիջապես արձագանքեց հաղորդագրությանը։
Արդարադատության դեպարտամենտի հետաքննության շնորհիվ մինչ այժմ մեղադրանք է առաջադրվել յոթ անձի։