Ազգային ժողովի պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Գևորգ Կոստանյանը և Գագիկ Մելիքյանը նոր օրենքի նախագիծ են մշակել, որով առաջարկում են փոփոխություններ կատարել «Ոստիկանության մասին» օրենքում:
Առաջարկվում է ընդունել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բացառել շարժական տեխնիկական միջոցների կիրառումը ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս:
Հիմնավորման մեջ պատգամավորները մասնավորապես նշել են.
«Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, ընդունման անհրաժեշտությունը
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 14-րդ պարբերությունը սահմանում է, որ Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ոստիկանության տվյալ լիազորությունների իրականացմամբ սահմանափակվող ժամկետում: Տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցն ամրացվում է ոստիկանության ծառայողի համազգեստին կամ գտնվում է ոստիկանության ծառայողի ձեռքում կամ ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցում: Ոստիկանության ծառայողները պետք է տեսաձայնագրող եւ լուսանկարահանող տեխնիկական միջոցները կրեն տեսանելի ձեւով, բացառությամբ գաղտնի օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման դեպքերի: Սույն մասով նախատեսված տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ոչ գաղտնի վերահսկողության մասին ոստիկանության ծառայողը պարտավոր է բանավոր նախազգուշացնել: Մինչդեռ ճանապարհային ոստիկանության ծառայողները ճանապարհային անվտանգությունն ապահովելիս շարժական տեխնիկական միջոցներով տեսա կամ լուսանկարահանում իրականացնելիս չեն ապահովում ծանուցումը եւ փաստորեն խախտման փաստի արձանագրումը տեղի է ունենում առանց սուբյկետի համաձայնության: Մինչդեռ «Անձնական տվյալների պաշտպանության մասին » ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը սահմանում է, որ անձնական տվյալները մշակելու հիման վրա տվյալների սուբյեկտի համար իրավական հետեւանքներ առաջացնող կամ այլ կերպ նրա իրավունքներին ու օրինական շահերին առնչվող որոշումներն ընդունվում են տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կբացառվի շարժական տեխնիկական միջոցներով տեսանկարահանումը եւ լուսանկարահանումը ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից եւ կապահովվի անձնական տվյալների պաշտպանությունը»,-նշված է հիմնավորման մեջ:
Եվգենյա Համբարձումյան