Ո՞ր փաստերը ապացուցման կարիք չունեն

ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ հանրահայտ փաստերն ապացուցման կարիք չունեն:

Նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված որոշակի արարքների և դրանք կատարած անձանց վերաբերյալ փաստերն այլ գործ քննելիս կրկին ապացուցման ենթակա չեն:

Նոտարական գործողության արդյունքով նոտարի հաստատած փաստն ապացուցման ենթակա չէ, եթե նոտարական կարգով վավերացված փաստաթղթի իսկությունը վիճարկված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով, կամ նոտարական գործողությունը չի ճանաչվել ոչ իրավաչափ` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն ազատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն ապացուցելու պարտականությունից, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են առաջին ատյանի դատարան ներկայացված դատավարական փաստաթղթով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում (անվիճելի փաստեր), բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը գտնում է, որ`

  1. առկա են ողջամիտ կասկածներ, որ փաստն ընդունվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով, ճշմարտությունը թաքցնելու կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով.
  2. այդ փաստը կարող է հաստատվել միայն օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված որոշակի ապացույցով.
  3. այդ փաստի հաստատումն անխուսափելիորեն ազդում է գործին չմասնակցող անձի՝ գործին մասնակցող անձանցից որևէ մեկի նկատմամբ ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա:

Գործին մասնակցող անձի կողմից հաշտարարության ընթացքում որևէ փաստի ընդունումը չի կարող հիմք հանդիսանալ դատավարության ընթացքում այդ փաստը հաստատված համարելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել