Ո՞ր դեպքերում կարող է մասնակիցը կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնել

«Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի համաձայն՝

1. Մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա (այդ թվում` մասնակցի կողմից նախկինում ներկայացված դիմումի հիման վրա ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը) միջոցները (անկախ դրանց չափից) ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

1) մասնակիցն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա.

3) Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրացի մասնակիցը վերադառնում է իր մշտական բնակության երկիր:

Նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության մասին համապատասխան բնագավառի (սոցիալական ապահովության կամ առողջապահության) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը տեղեկացնում է մասնակիցների ռեեստրը վարողին` այդ հիմքերի առկայությունը հավաստող փաստաթուղթը անձին տրամադրելու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկատվության տրամադրման կարգը և կազմը սահմանում է համապատասխան բնագավառի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը:

2. Վերևում շարադրված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում մասնակիցը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին՝ կցելով համապատասխան հիմնավորող փաստաթղթեր:

3. Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարվում են, և համապատասխան միջոցները վճարվում են  մասնակցի դիմումը և հավաստող փաստաթղթերն ստանալուց հետո` տասն աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ ներքոնշյալ  դեպքերի:

4. ՀՀ-ում աշխատող օտարերկրյա մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը նախքան նրա կենսաթոշակային տարիքը մարվելու դեպքում առաջացած միջոցները հօգուտ մասնակցի փոխանցվում են համապատասխան օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին` կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով և պայմաններով: Եթե համապատասխան օտարերկրյա պետությունում անձը չի մասնակցում կուտակային կենսաթոշակային համակարգի, կամ միջոցների փոխանցումն անհնար է որևէ այլ օբյեկտիվ պատճառով, ապա նա իր միջոցները կարող է ստանալ բացառապես սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել