ՀՀ Քաղաքացիկան դատավարության Օրենսգքրի 29-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում դատավորն ինքնաբացարկ կարող է հայտնել, կամ նրան բացարկ կարող է հայտնվել մինչև նախնական դատական նիստի ավարտը, իսկ վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում՝ մինչև բողոքի քննությունն սկսվելը: Եթե գործը նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քննվում է առանց նախնական դատական նիստ հրավիրելու, դատավորն ինքնաբացարկ կարող է հայտնել, կամ նրան բացարկ կարող է հայտնվել մինչև գործի քննության ավարտը:
Նախնական դատական նիստի ավարտից հետո մինչև դատաքննության ավարտն ինքնաբացարկ կամ բացարկ կարող է հայտնվել, եթե այն հայտնող անձը հիմնավորում է, որ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքը ծագել կամ իրեն հայտնի է դարձել նախնական դատական նիստի ավարտից հետո և մինչև այդ չէր կարող հայտնի լինել:
Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանում բողոքի քննությունն սկսվելուց հետո մինչև բողոքի քննության ավարտն ինքնաբացարկ կամ բացարկ կարող է հայտնվել, եթե այն հայտնող անձը հիմնավորում է, որ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքը ծագել կամ իրեն հայտնի է դարձել բողոքի քննությունն սկսվելուց հետո և մինչև այդ չէր կարող հայտնի լինել:
Բացարկը հայտնվում է գրավոր, որին կարող են կցվել դատավորի ինքնաբացարկի հիմքերը հաստատող ապացույցները:
Նույն հիմքով հայտնված բացարկը ենթակա չէ քննության, եթե չի ներկայացվել բացարկի հիմքը հիմնավորող նոր ապացույց:
Ինքնաբացարկի կամ բացարկի հարցը լուծում է դատավորը: Եթե գործը քննվում է դատավորների կոլեգիալ կազմով, և բացարկ է հայտնվել դատավորներից մեկին կամ մեկից ավելի դատավորների կամ դատական ամբողջ կազմին, ապա յուրաքանչյուր դատավոր լուծում է իրեն հայտնված բացարկի հարցը:
Ինքնաբացարկ կամ բացարկ հայտնելու դեպքում գործի քննությունն ընդհատվում է մինչև այդ հարցի լուծումը: Նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան երեք օրով:
Դատավորն ինքնաբացարկի կամ բացարկի հարցը քննելու արդյունքով կայացնում է որոշում, որում շարադրվում են ինքնաբացարկի կամ բացարկի հիմքերը: Որոշումը հրապարակվում է դատական նիստի ընթացքում: Որոշումը հրապարակելուց հետո անմիջապես հանձնվում կամ ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Ինքնաբացարկ հայտնելու կամ բացարկը բավարարվելու դեպքում բացարկված դատավորը փոխարինվում է, և գործի քննությունն սկսվում է սկզբից:
Դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որոնք ենթակա են արձանագրման: Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը: