Վիճելի հարաբերությունը կարգավորող նյութաիրավական օրենքի կամ այլ իրավական ակտի բացակայության դեպքում դատարանը կիրառում է նույնանման հարաբերություններ կարգավորող օրենքի նորմերը (օրենքի անալոգիա): Նման նորմերի բացակայության դեպքում դատարանը վեճը լուծում է` ելնելով իրավունքի ընդհանուր սկզբունքներից (իրավունքի անալոգիա): Դատավարական նորմերն օրենքի անալոգիայով չեն կիրառվում։
Դատարանն օրենքով նախատեսված դեպքերում կիրառում է գործարար շրջանառության սովորույթներ: Կիրառման ենթակա գործարար շրջանառության սովորույթի առկայությունն ապացուցելու պարտականությունը կրում է այն վկայակոչող գործին մասնակցող անձը:
Դատարանը, Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրին կամ օրենքին համապատասխան, կարող է կիրառել նաև այլ պետությունների իրավունքի նորմեր:
Դատարանն օտարերկրյա իրավունք կիրառելու անհրաժեշտության դեպքում պարզում է դրա նորմերի գոյությունը և բովանդակությունը` օտարերկրյա պետությունում դրանց մեկնաբանման և կիրառման պրակտիկային համապատասխան:
Դատարանն իրավունք ունի կողմերից պահանջելու հիմնավորում՝ օտարերկրյա իրավունքի նորմերի գոյությունը և բովանդակությունը պարզելու նպատակով:
Օտարերկրյա իրավունքի նորմերի բացակայության դեպքում դատարանը կիրառում է Հայաստանի Հանրապետության իրավունքի համապատասխան նորմերը:
Դատարանն իր վարույթում գտնվող գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում է Սահմանադրական դատարան, եթե առկա է հիմնավոր կասկած դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում է, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:
Իրազեկման աղբյուրը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդված: