Կկրճատվի աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում կենսաթոշակառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծ է ներկայացվել Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով:

Եթե գործող օրենքի 38-րդ հոդվածը սահմանում է, որ աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է միայն այն դեպքում, եթե` տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց  հետո աշխատած լինելու մասին տեղեկանք, ապա նոր նախագծով առաջարկվում է ներկայացնել միայն աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու դիմում:

Նախագիծը նորկայացրել է կառավարությունը: Հիմնավորման մեջ նշված է, որ ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդրին լուծում տալն է:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2013 թվականի հունվար ամսից առկա է եկամտային հարկի անձնավորված հաշվառում, նպատակահարմար է պահանջվող տեղեկատվությունը ստանալ հարկային մարմնի կողմից վարվող անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից: Ներկայացվող նախագծով առաջարկվում է խնդրո առարկա դրույթից հանել աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում աշխատած լինելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը: Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում կկրճատվի աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում կենսաթոշակառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը»,-նշված է հիմնավորման մեջ:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել